Հա

Քաղաքական

09/03/2019 - 13:40

Աշխարհաքաղաքական շահերը խտանում են Հեռաւոր Արեւելքում

Դժւար է չհամաձայնել, որ վերջին շրջանում նկատւում են աշխարհաքաղաքական, նաեւ աշխարհատնտեսական շահերի խտացման ու բեւեռացման միտումներ Հեռաւոր Արեւելքի տարածաշրջանում:

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

«alikonline.ir» - Դժւար է չհամաձայնել, որ վերջին շրջանում նկատւում են աշխարհաքաղաքական, նաեւ աշխարհատնտեսական շահերի խտացման ու բեւեռացման միտումներ Հեռաւոր Արեւելքի տարածաշրջանում:

Թէեւ որոշակի դրական տեղաշարժեր են արձանագրւում Միացեալ Նահանգների ու Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական դիմակայութեան կարգաւորման բանակցութիւններում, այդուհանդերձ, կողմերը դեռ հեռու են այդ ուղղութեամբ լիակատար կոնսենսուսի գալուց: Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարեւորելով Պեկինի հետ բանակցութիւններում արձանագրւող առաջընթացը, յայտարարեց, որ կարող է յետաձգել 200 մլրդ. ընդհանուր արժողութեամբ չինական ապրանքների մաքսերի բարձրացումը: Ընդ որում` վերջերս նկատւում է հեռաւորարեւելեան տարածաշրջանային զարգացումներում չինական գործօնի դերակատարութեան ընդլայնման միտում, այդ թւում` Կորէական թերակղզու ապամիջուկայնացման ուղղութեամբ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների համատեքստում։

 

ԱՄՆ-Հիւսիսային Կորէա բանակցութիւնները. մեծ սպասելիքներ, փոքր արդիւնքներ

Միջազգային հանրութիւնը մեծ սպասումներ ունէր ԱՄՆ-ի եւ Հիւսիսային Կորէայի առաջնորդների հերթական հանդիպումից: Նոյնիսկ լուրեր էին շրջանառւում, թէ առաջիկայում կողմերը կը գան համապարփակ փոխհամաձայնութեան Հիւսիսային Կորէայի եւ ամբողջ Կորէական թերակղզու ապամիջուկայնացման հարցի շուրջ: Սակայն Վիետնամում անցկացւած գագաթնաժողովում երկու երկրների առաջնորդները ոչ միայն այդպէս էլ չկարողացան համաձայնութեան գալ, այլեւ Թրամփն ու Կիմ Չէն Ընը նախատեսւածից շուտ լքեցին գագաթնաժողովի անցկացման վայրը, արդիւնքում` որեւէ փաստաթուղթ չստորագրւեց, չեղարկւեց նաեւ ղեկավարների գործնական ընթրիքը:

Բանակցութիւններում հիմնական հակասութիւնը, ըստ նախագահ Թրամփի, եղել է Հիւսիսային Կորէայի նկատմամբ սահմանւած պատժամիջոցների շուրջ. Հիւսիսային Կորէայի առաջնորդը հակւած է եղել, որ պատժամիջոցներն ամբողջութեամբ եւ անյապաղ վերացւեն, ինչը ընդունելի չի եղել ամերիկեան կողմի համար: Այլ տւեալներով` Թրամփ-Կիմ Չէն Ըն բանակցութիւնների վաղաժամ ավարտի պատճառը եղել է Թրամփի՝ ուրանի հարստացման գաղտնի ձեռնարկութիւնը փակելու պահանջը, որը մերժւել է։ Փորձագէտների մի մասը բանակցութիւնների անարդիւնաւէտութիւնը պայմանաւորում է երկու առաջնորդների՝ հանդիպումից առաւելագոյնը ստանալու մղումով, ինչպէսեւ հիմնահարցի` չափից աւելի «անձնաւորմամբ»:

Բանակցութիւնների հերթական փուլի տապալումից անմիջապէս յետոյ Վաշինգտոնը փորձեց ճնշումներ բանեցնել Հիւսիսային Կորէայի ուղղութեամբ: Մասնաւորապւս` օրերս ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը յայտարարեց, որ ամերիկեան կողմը ուսումնասիրում է Հիւսիսային Կորէայի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման բոլոր տարբերակները, ընդհուպ` նոր պատժամիջոցների սահմանման հնարաւորութիւնը, եթէ երկրի ղեկավարութիւնը չգնայ փոխզիջման Կորէական թերակղզու ապամիջուկայնացման հարցում:

 

Ռազմական բախումներ Հնդկաստան-Պակիստան ճակատում

Հեռաւորարեւելեան տարածաշրջանը շարունակում է մնալ միջազգային հանրութեան ուշադրութեան կենտրոնում՝ կապւած մէկ այլ տարածաշրջանային ու միջազգային նշանակութեան հիմնահարցի՝ Հնդկաստան-Պակիստան վերսկսւած ռազմական դիմակայութեան հետ։ Պէտք է նկատել, որ ռազմական գործողութիւնների վերաբերեալ առկայ տեղեկատւութիւնն առհասարակ աչքի էր ընկնում հակասականութեամբ։ Կողմերը պաշտօնապէս յայտարարեցին, որ խոցել են միմեանց ռազմաօդային ուժերի մի քանի կործանիչներ։

Այս ամէնում յատկանշականն այն է, որ երկու միջուկային պետութիւնների՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ վերսկսւած ռազմական բախումների ակտիւ փուլը գրեթէ համընկաւ ԱՄՆ-Հիւսիսային Կորէա հերթական բանակցութիւնների հետ։ Արդեօ՞ք դա զուտ զուգադիպութիւն էր։ Կարծում ենք` ոչ. հեռաւորարեւելեան տարածաշրջանում ընթացող միջազգային նշանակութեան այդ երկու զուգահեռ իրադարձութիւնները եթէ ոչ ուղղակի, ապա գոնէ անուղղակի, միջնորդաւորւած փոխկապակցւած են եւ, ըստ էութեան, տեղաւորւում են այդ տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական, տնտեսական գործընթացների ընդհանուր տրամաբանութեան մէջ։ Այդ ամէնը, անշուշտ, չի շրջանցում նաեւ ԱՄՆ-Չինաստան առեւտրատնտեսական մրցակցութեան ընթացիկ գործընթացը, որն ամբողջութեամբ տեղաւորւում է նշեալ տարածաշրջանային միտումների տրամաբանութեան մէջ։

Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ յարաբերութիւններն աստիճանաբար սրւում էին` ս.թ. փետրւարի կէսերից սկսած, երբ, մասնաւորապէս, փետրւարի 14-ին Քաշմիրի՝ Հնդկաստանի հսկողութեան տակ գտնւող հատւածում Պակիստանի կողմից ներխուժած մահապարտի ահաբեկչական գործողութեան հետեւանքով զոհւեցին 40 հնդիկ զինւորականներ: Կողմերի միջեւ լարւածութեան գագաթնակէտը, սակայն, փետրւարի վերջերին էր, երբ հակամարտող կողմերը գործի դրեցին ռազմաօդային ուժերը։ Հնդկաստանի օդուժը հարւածներ հասցրեց Քաշմիրի պակիստանեան հատւածում տեղակայւած ռազմական կենտրոնին, որտեղ, ըստ հնդկական կողմի, տեղակայւած էին «Ջաիշ է Մուհամմադ» խմբաւորման ահաբեկիչները: Արդիւնքում` կողմերը խոցեցին կործանիչներ, գերեւարւեց հնդիկ օդաչու։

Հետեւելով Հնդկաստան-Պակիստան վերջին ռազմական բախումներին, տպաւորութիւն է ստեղծւում, որ պակիստանեան կողմը փորձում է թուլացնել հռետորաբանութիւնը եւ երկխօսութեան եզրեր գտնել։ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը օրերս յայտարարեց, որ Իսլամաբադը, որպէս «բարի կամքի դրսեւորում», պատրաստակամութիւն է ցուցաբերում ազատ արձակել հնդիկ օդաչուին: Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշին իր հերթին յայտարարեց, որ կը յաջողւի խուսափել Հնդկաստանի հետ լայնածաւալ ռազմական բախումից, հակառակ դէպքում` այդ պատերազմը կը յանգեցնի «երկկողմանի ինքնաոչնչացման»։ Նրա խօսքով` «Պակիստանը երբեք չի ձգտում հակամարտութեան թէժացման, երբեք չի ձգտում թշնամական դիրքորոշում որդեգրել»։ Մեղմ ասած` փոքր-ինչ այլ են տրամադրութիւնները Հնդկաստանում։ Այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին յայտարարեց, որ ժողովուրդը պէտք է ամուր կանգնի եւ միաւորւի, քանի որ թշնամին ցանկանում է ապակայունացնել Հնդկաստանը:

Թէեւ հակամարտութեան սրացումն անմիջապէս ուղեկցւեց ռազմաօդային ուժերի ուղղակի մասնակցութեամբ, այդուհանդերձ, մեր գնահատականով, դժւար թէ այն վերածւի լոկալ կամ, առաւել եւս, լայնածաւալ պատերազմական գործողութիւնների մի քանի պատճառով.

  • Նախ՝ հակամարտութեան սրացումը եւ վերաճումը լոկալ կամ լայնածաւալ ռազմական գործողութիւնների, ըստ էութեան, չի բխում աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների, առաջին հերթին` Վաշինգտոնի շահերից։ Նախագահ Թրամփի վարչակազմը զգալի քաղաքական ռեսուրսներ է գործադրել ԱՄՆ-Հիւսիսային Կորէա բանակցութիւնների նախապատրաստման եւ, ըստ փուլերի, ամբողջ բանակցային գործընթացի ապահովման համար, իսկ պակիստանա-հնդկական ճակատում ռազմական գործողութիւնների բռնկումը կարող է ամբողջութեամբ տապալել այդ ուղղութեամբ Վաշինգտոնի ջանքերը եւ, առհասարակ, բանակցային գործընթացը: Այս տեսանկիւնից քիչ հաւանական է նաեւ կողմերի միջեւ լոկալ ռազմական առճակատումը։ Իհարկէ, լարւածութիւնն առաջիկայում կարող է պահպանւել, նոյնիսկ առժամանակ հնարաւոր են փոխհրաձգութիւններ, սակայն աւելի լուրջ զարգացումներ այդ ուղղութեամբ թերեւս քիչ հաւանական են։ Աւելին` Վաշինգտոնը փորձում է միջնորդել եւ նպաստել ճգնաժամի կարգաւորմանը:
  • Հակամարտութեան խորացումը ձեռնտու չէ Ռուսաստանին կամ Չինաստանին։ Մոսկւայի համար, որը զգալիօրէն ներգրաււած է սիրիական ճգնաժամի յաղթահարման գործընթացներում, անցանկալի, յաւելեալ խնդիրներով իրավիճակ կարող է ստեղծւել, եթէ Հնդկաստան-Պակիստան դիմակայութիւնը ընթանայ ռազմական ճանապարհով։ ԱՄՆ-Չինաստան առեւտրատնտեսական դիմակայութիւնում վերջերս նկատւում են բանակցային դրական տեղաշարժեր, ուստի չինական կողմը եւս չի ցանկանայ տեսնել յաւելեալ խմորումներ այդ տարածաշրջանում։ Այլ է հարցը, որ թէ՛ Մոսկւայի, թէ՛ Պեկինի համար Հնդկաստան-Պակիստան ռազմական առճակատումը գուցէ կարող էր դիտւել որպէս ԱՄՆ-Հիւսիսային Կորէա բանակցութիւնների վրայ բացասական ֆոն ստեղծելու եւ բանակցութիւններն առհասարակ տապալելու լաւ հնարաւորութիւն։ Յաւելենք նաեւ, որ զարգանում է Չինաստան-Պակիստան ռազմավարական համագործակցութիւնը, այդ թւում՝ չինական «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնութեան շրջանակում։ Թէեւ Հնդկաստան-Պակիստան հակամարտութիւնում Չինաստանը կողմնորոշւել է յօգուտ Պակիստանի եւ, չնայած համաշխարհային ու տարածաշրջանային մակարդակներում ՉԺՀ-Հնդկաստան տնտեսական, քաղաքական մրցակցութեանը, վերջին տարիներին ՉԺՀ ղեկավարութիւնը աշխատանքներ է տանում` զարգացնելու երկխօսութիւնը, այդ թւում` եւ Հնդկաստանի հետ։ Սա նախ խօսում է Չինաստանի՝ տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներով լիդերութեան հասնելու մտադրութիւնների մասին։
  • Չենք կարծում, որ հակամարտութեան վերաճումը լայնածաւալ ռազմական գործողութիւնների կարող է բխել Հնդկաստանի շահերից՝ այն պարզ պատճառով, որ դրանք աղէտալի հետեւանքներ կունենան այդ երկրի տնտեսութեան վրայ, որն այսօրւայ դրութեամբ համաշխարհային տնտեսական աճն ապահովող հիմնական խաղացողներից է։

Նշենք, որ կողմերի միջեւ ռազմական առճակատումն ամենեւին էլ նախադէպ չէր։ Կողմերը բաւական մօտ էին պատերազմին դեռեւս 1999 թ., երբ շուրջ 1000 պակիստանցի զինեալներ, հատելով սահմանագիծը, վերահսկողութեան տակ առան բարձունքներ։ Երկու երկրների միջեւ սահմանային խախտման միջադէպերը կանոնաւոր կերպով պահպանւել են վերջին մէկ տասնամեակում։ Իրավիճակը դուրս եկաւ վերահսկողութիւնից 2014 թ. եւս, երբ փոխհրաձգութիւնների հետեւանքով կողմերն ունեցան զոհեր ու վիրաւորներ։ Միեւնոյն ժամանակ, սակայն, կարեւոր է արձանագրել, որ ս.թ. փետրւարի վերջերին Հնդկաստան-Պակիստան ռազմական առճակատումն աննախադէպ էր այն առումով, որ Պակիստանի ուղղութեամբ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից օդային հարւածներն առաջինն էին 1971 թ. պակիստանա-հնդկական երրորդ պատերազմից ի վեր։ 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։