Հա

Քաղաքական

13/03/2019 - 13:40

ՏԻՄ ընտրութիւնները Թուրքիայում եւ հայերը. ինչպիսի՞ ստորջրեայ խութերի կը հանդիպի Էրդողանը

Վերջին տարիներին Թուրքիայի ընտրողների գիտակցութիւնում որոշակի փոփոխութիւն է տեղի ունենում։ Ընտրազանգւածն աւելի քաղաքականացւած եւ պակաս «շահամոլ» է դառնում։

«alikonline.ir» - Վերջին տարիներին Թուրքիայի ընտրողների գիտակցութիւնում որոշակի փոփոխութիւն է տեղի ունենում։ Ընտրազանգւածն աւելի քաղաքականացւած եւ պակաս «շահամոլ» է դառնում։

Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների գալիք ընտրութիւններն ընդհանուր առմամբ անակնկալներ չեն խոստանում երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ նրա թիմի համար, սակայն դրանք կարող են աւելի երկարաժամկէտ միտումների հիմք դնել, որոնք աւելի յստակ կը դրսեւորւեն 2019 թ.-ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում։ Այդ մասին «Sputnik» Արմենիային տւած հարցազրոյցում ասաց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը։

ՏԻՄ ընտրութիւնները տեղի կունենան այս տարւայ մարտի 31-ին։ Դրանց կը մասնակցեն 13 քաղաքական կուսակցութիւններ։

Սաֆրաստեանի խօսքով` Էրդողանի Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան յաղթանակի մէջ պէտք չէ կասկածել։ Հիմա ԱԶԿ դիրքերը բաւական ամուր են։ Ստամբուլում` Թուրքիայի խոշորագոյն քաղաքում, ամենայն հաւանականութեամբ, կը յաղթի Թուրքիայի նախկին վարչապետ եւ խորհրդարանի փոխխօսնակ Բինալի Եիլդիրիմը։

Աւելի կոշտ պայքար կը ծաւալւի մայրաքաղաք Անկարայում։ Այստեղ կը բախւեն երկու դաշինքներ` իշխող կոալիցիան` կազմւած ԱԶԿ-ից եւ «Ազգայնական շարժում» պանթուրքական կուսակցութիւնից, եւ Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը՝ «Լաւ կուսակցութեան» հետ։

Զգալի հետաքրքրութիւն է ներկայացնում երկրի արեւելեան եւ հարաւարեւելեան քրդաբնակ շրջանների իրավիճակը։ Այստեղ աւանդաբար ուժեղ են քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցութեան դիրքերը։ Սաֆրաստեանը հակւած է համարելու, որ այդ ուժի ներկայացուցիչներն ընտրութիւնների արդիւնքում կը կարողանան տեղերում վերարտադրութիւն ապահովել։ Յամենայն դէպս այդ մասին վկայում են սոցհարցումների արդիւնքները։

Փորձագէտի խօսքով` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում կարող են անակնկալներ լինել` կապւած ալաւիների դիրքորոշման հետ (էթնիկ եւ կրօնական փոքրամասնութիւն, որը մօտ է իսլամի շիական մեկնութեանը` խմբ.)։

«Աւանդաբար ալաւիները քեմալական հայացքներ են ունեցել`պայքարելով աշխարհիկ Թուրքիայի համար եւ աջակցելով Ժողովրդահանրապետական կուսակցութեանը։ Հիմա, երեւում է, որ Էրդողանը որոշել է պայքարել ալաւիների սրտերի եւ խելքի համար։ Վերջին շրջանում Բինալի Եիլդիրիմը պարբերաբար յայտարարում է, որ նա եւ իր ընտանիքը ալաւիներ են։ Կարծում եմ` բոլորին հասկանալի է, թէ ինչ նպատակով է նա դա անում»,- ասում է ինստիտուտի տնօրէնը։

Ստամբուլում ալաւիները բաւական շատ են, եւ Եիլդիրիմի նման հռետորաբանութիւնը լուրջ քաղաքական շահաբաժիններ է խոստանում նրան։

Անդրադառնալով Թուրքիայի հայ համայնքի քաղաքական նախընտրութիւններին, որը հիմնականում բնակւում է Ստամբուլում, Սաֆրաստեանը նշեց, որ սովորաբար հայերի ձայները բաշխւել են Էրդողանի ԱԶԿ-ի եւ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցութեան միջեւ։ Թէեւ պէտք է հաշւի առնել, որ Էրդողանի կոալիցիոն գործընկերոջ առկայութիւնը` ի դէմս պանթուրքիստների, ինչ-որ չափով վախեցնում է հայ ընտրողներին։ Ելնելով դրանից` Ստամբուլի հայերը կարող են քւէարկել քեմալականների օգտին։

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին Թուրքիայում որոշակի փոփոխութիւն է տեղի ունենում ընտրողների գիտակցութեան մէջ։ Ընտրազանգւածն աւելի քաղաքականացւած եւ պակաս «շահամոլ» է դառնում։ Պատկերաւոր ասած` նախկինում մարդիկ առաւելապէս քւէարկել են ճանապարհներ, դպրոցներ կառուցելու, ենթակառուցւածքներն արդիականացնելու խոստումների դիմաց։ Հիմա տնտեսական աճին եւ կեանքի որակի բարելաւմանը զուգահեռ ընտրողների նախապատւութիւնները եւ դիրքորոշումներն աստիճանաբար փոխւում են։

Նրանք սկսում են քւէարկել «սրտի կանչով»` ելնելով իրենց գաղափարական նախընտրութիւններից։ Սաֆրաստեանը կարծում է, որ այդ միտումը լիովին կը դրսեւորւի խորհրդարանական ընտրութիւններում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։