Հա

Քաղաքական

13/04/2019 - 16:00

Ինտեգրացիոն նոր հնարաւորութիւններ. Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս առանցքի հեռանկարները

Եթէ մէկուկէս, երկու տասնամեակ առաջ խօսէինք Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս ռազմավարական դաշնակցային գործակցութեան հնարաւորութեան մասին, ապա լաւագոյն դէպքում դա ուտոպիստական կընկալւէր։ Եւ դա այն պարզ պատճառով, որ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում նշեալ պետութիւնների շահերը ոչ միայն չէին հատւում, այլեւ գտնւում էին հակադիր հարթութիւններում ու ճամբարներում։ Այդ հարցում կարեւոր է հաշւի առնել թուրքական գործօնը, որը զգալիօրէն պայմանաւորում էր նշեալ երկրների միջեւ յարաբերութիւնների ընդհանուր տրամաբանութիւնը։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

 

Եթէ մէկուկէս, երկու տասնամեակ առաջ խօսէինք Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս ռազմավարական դաշնակցային գործակցութեան հնարաւորութեան մասին, ապա լաւագոյն դէպքում դա ուտոպիստական կընկալւէր։ Եւ դա այն պարզ պատճառով, որ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում նշեալ պետութիւնների շահերը ոչ միայն չէին հատւում, այլեւ գտնւում էին հակադիր հարթութիւններում ու ճամբարներում։ Այդ հարցում կարեւոր է հաշւի առնել թուրքական գործօնը, որը զգալիօրէն պայմանաւորում էր նշեալ երկրների միջեւ յարաբերութիւնների ընդհանուր տրամաբանութիւնը։ Թուրքիայի եւ Իսրայէլի միջեւ յարաբերութիւնները կրում էին ռազմավարական բնոյթ, այն դէպքում, երբ Յունաստանն ու Կիպրոսը Թուրքիային ընկալում են որպէս իրենց բնական հակառակորդ։ Այդ իրավիճակը, սակայն, վերջին տարիներին աստիճանաբար վերափոխւեց, վերաշարադրւեց շահերի նախկին կոնֆիգուրացիան։ Արդիւնքում` այսօր արդէն կարելի է ասել, որ Յունաստան-Կիպրոս-Իսրայէլ ինտեգրացիոն` իր բնոյթով ռազմավարական առանցքը կայացած է։

Եռակողմ դաշինքի ձեւաւորման համար կային ինչպէս արտաքին, այնպէս էլ ներքին ազդակներ ու նախադրեալներ։ Վերջին տասնամեակում Միացեալ Նահանգների մերձաւորարեւելեան քաղաքականութիւնում նկատելի են շեշտադրումների որոշակի փոխակերպումներ, որոնք իրենց հերթին պայմանաւորել են այդ տարածաշրջանում ներգրաււած շահերի նախկին դասաւորւածութեան վերաձեւակերպումները։ Տարածաշրջանային հիմնական խաղացողների միջեւ յարաբերութիւնների նոր կոնֆիգուրացիայի արդիւնքում վերաիմաստաւորւեցին նաեւ դաշնակցային եւ ինտեգրացիոն նախկին ձեւաչափերը, առանցքները, առաջարկւեցին գործակցային նոր ձեւաչափեր։ Սակայն յստակեցնենք, որ դրանք կեանքի կոչւեցին ոչ թէ քանդելով ինտեգրացիոն նախկին հանգոյցները, այլ աւելի շուտ իրենց բնոյթով ու գործառոյթներով այլընտրանքային են, համալրող։

 

Էներգետիկ անվտանգութիւնը

Մերձաւոր Արեւելքում շահերի վերադասաւորման միտումները ենթադրում են նաեւ զարգացման ներքին՝ ինդուկցիոն ազդակներ։ Անկարա-Վաշինգտոն յարաբերութիւններում աճող հակասութիւնների համատեքստում, սիրիական ճգնաժամի բերումով, ձեւաւորւեց Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձեւաչափը։ Թուրքիայի եւ Իսրայէլի միջեւ լարւածութեանը զուգահեռաբար, որակապէս նոր՝ առաւել բարձր մակարդակ անցաւ Ռուսաստանի ու Իսրայէլի միջեւ երկխօսութիւնը, որն ընթանում է անվտանգային, հետախուզական եւ այլ ուղղութիւններով։

Տարածաշրջանային շահերի վերադասաւորման ներքին առանցքային ազդակներից թերեւս պէտք է համարել էներգետիկ ուղղութիւնը։ Մասնաւորապէս` խօսքը վերաբերում է 2009-2010թթ. Միջերկրական ծովի արեւելեան աւազանի` Իսրայէլի ու Կիպրոսի տարածքներում բնական գազի խոշոր պաշարների յայտնաբերման հանգամանքին։ Շատ փորձագէտների կարծիքով` դա թոյլ տւեց մշակել Մերձաւոր Արեւելքի էներգետիկ ու անվտանգային քարտեզագրման մի նոր նախագիծ։

Լեւանտի աւազանի՝ Իսրայէլի եւ Կիպրոսի սահմաններում բնական գազի ընդհանուր` ապացուցւած եւ հնարաւոր պաշարները գնահատւում են շուրջ 1.18 տրլն խորանարդ մետր, որից աւելի քան 1 տրլն խորանարդ մետրը՝ Իսրայէլի հատւածում։ Իսրայէլի բնական գազի պաշարների շուրջ 88%-ը կենտրոնացած է Լեւիաֆան եւ Թամար հանքավայրերում (աւելի քան 60%-ը գտնւում է Լեւիաֆանում, 27%-ը՝ Թամար հանքավայրում)։ Իսրայէլական հանքավայրերում գազի պաշարների յայտնաբերումը պայմանաւորեց այդ երկրի էներգետիկ անվտանգութեան ամբողջ ռազմավարութիւնը, ինչի արդիւնքում երկիրը  էներգակիր ներկրողից վերածւեց էներգակիրների պոտենցիալ խոշոր մատակարարի։ Դա մեծ ազդեցութիւն ունեցաւ դէպի Իսրայէլ բնական գազի արտահանումների նախկին նախագծերի ու ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների վերանայման առումով։ Կասկածի տակ դրւեց Իսրայէլին ռուսական ու ադրբեջանական գազի մատակարարման ապագան։ Աւելին` նախատեսւող ենթակառուցւածքների իրականացման դէպքում Իսրայէլը հնարաւորութիւն է ստանում դառնալու տարածաշրջանի էներգետիկ կարեւոր հանգոյցներից մէկը։

2017թ. դեկտեմբերի սկզբներին Նիկոսիայում Կիպրոսը, Յունաստանը, Իսրայէլը եւ Իտալիան փոխըմբռնման յուշագիր ստորագրեցին Իսրայէլից դէպի Եւրոպա ձգւող EastMed կոչւող գազատարի կառուցման մասին։ Նախագծի համաձայն` այն համարւում է աշխարհում ամենաերկար ստորջրեայ գազատարը՝ ձգւելով շուրջ 2 հազար կմ։ Նախագծի ընդհանուր արժէքը գնահատւում է 6 մլրդ դոլար։ Գազատարի կառուցման աշխատանքները նախատեսւում է աւարտել 2025թ.։ EastMed գազատարի թողունակութիւնը տարեկան կազմելու է 12-16 մլրդ խորանարդ մետր։ Նշենք, որ գազատարի կառուցման հարցում ֆինանսական ու քաղաքական հետաքրքրութիւն եւ աջակցութիւն է ցուցաբերում ԵՄ-ն, որն իր էներգետիկ անվտանգութեան ապահովման նկատառումներով փորձում է դիւերսիֆիկացնել էներգակիրների մատակարարման ուղիները։

 

Ռազմաքաղաքական համատեքստը

ԱՄՆ-ը շահագրգիռ է պաշտօնական աջակցութիւն ցուցաբերել Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս եռակողմ ձեւաչափի միջեւ կապերին՝ որպէս Միջերկրական ծովի տարածաշրջանում Ռուսաստանին ու Թուրքիային հակակշռող դաշինք, որն արեւմտեան մեդիայում հանդիպում է Միջերկրական ծովի արեւելեան շրջանում «ժողովրդավարական առանցք» ձեւակերպմամբ։ ԱՄՆ-ը, մտադրութիւն ունենալով ընդլայնել իր ներկայութիւնը Միջերկրական ծովի արեւելեան շրջանում, ակտիւ աշխատանքներ է տանում առաջիկայ ամիսներին քառակողմ՝ Կիպրոսի, Իսրայէլի, Յունաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ հանդիպումներ կազմակերպելու ուղղութեամբ։ Տարբեր աղբիւրների համաձայն` այդ հանդիպումներին ու քննարկումներին մասնակցութիւն են ունենում ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեաներ, օրինակ` պետքարտուղար Մայք Պոմպէոն։ Հանդիպումների ընթացքում քննարկւում են ինչպէս էներգետիկ, այնպէս էլ քաղաքական, ռազմական համագործակցութեան հարցեր։ Դեռեւս 2010թ. հոկտեմբերին իսրայէլական եւ յունական ռազմաօդային ուժերը մասնակցում էին Յունաստանում կազմակերպւած համատեղ դասընթացներին։ 2013թ. մարտի 14-ին Իսրայէլի, Յունաստանի ու ԱՄՆ ռազմածովային ուժերն անցկացրեցին երկշաբաթեայ համատեղ զօրավարժութիւններ։ 2014թ. ապրիլին Իսրայէլի ՊՆ-ն յայտարարեց Շւէյցարիայում իր ռազմական կցորդի գրասենեակի՝ 2014թ. ամռան ընթացքում փակման եւ Յունաստանում նոր ռազմական կցորդի գրասենեակ հիմնելու որոշման մասին։

 

Սփիւռքի համայնքների միջեւ գործակցութիւնը

Իսրայէլի, Յունաստանի ու Կիպրոսի ղեկավարները համաձայնութիւն են ձեռք բերել երկխօսութիւն հաստատել նաեւ այդ երկրների սփիւռքեան տարբեր համայնքների միջեւ։ 2013թ. սկզբներին ԱՄՆ Կոնգրեսում ստեղծւեց յունա-իսրայէլական միութեան համատեղ գործողութիւնների հարցերով կոկուսը, որում ընդգրկւած են հանրապետականների ու դեմոկրատների ազդեցիկ ներկայացուցիչներ։ Կոկուսն իր առջեւ խնդիր է դրել զարգացնել Յունաստանի, Իսրայէլի ու Կիպրոսի լոբբիստական խմբերի միջեւ համագործակցութիւնը։ 2017թ. մարտի 6-ին Երուսաղէմում տեղի ունեցաւ Իսրայէլի, Յունաստանի ու Կիպրոսի սփիւռքի համայնքների միջեւ կոորդինացման հարցերին նւիրւած առաջին եռակողմ հանդիպումը։

 

Հնարաւորութիւններ Հայաստանի համար

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Մերձաւոր Արեւելքում եւ միջազգային յարաբերութիւններում ձեւաւորւում է շահերի այնպիսի վերադասաւորւածութիւն, որը նպաստաւոր պայմաններ է ստեղծում Հայաստանի քաղաքական ու դիւանագիտական ակտիւացման համար։ Դա է գալիս հաստատելու Յունաստան-Կիպրոս-Իսրայէլ եռակողմ դաշինքի ստեղծման իրողութիւնը։ Ընդ որում` փորձագիտական տարբեր շրջանակներում ընդգծւում է այդ առանցքի հակաթուրքական բնոյթը։ Յատկապէս նոր հնարաւորութիւններ կարող են ստեղծւել դաշինքի հետ քաղաքական երկխօսութեան հարցում՝ օգտագործելով Կիպրոսի ու Յունաստանի հետ Հայաստանի բարիդրացիական յարաբերութիւնները։ Աւելին` Կիպրոսի ու Յունաստանի սփիւռքի համայնքների հետ ունենալով գործակցութեան մեծ փորձ եւ լաւ ձեւաւորւած աւանդոյթներ, հայկական կողմը կարող է դա զարգացնել արդէն քառակողմ ձեւաչափում։ Սա իր հերթին լաւ հարթակ է ԱՄՆ-ում ոչ միայն թուրքական, այլեւ թուրք-ադրբեջանական լոբբիստական խմբերի ու կազմակերպութիւնների դէմ համատեղ պայքարելու համար։ Ի դէպ, մինչեւ վերջերս դժւար էր պատկերացնել իսրայէլական կողմի ներգրաււածութիւնը նման բնոյթի ու բովանդակութեամբ գործընթացներում։

Կարծում ենք, որ հայկական կողմը հետագայ աշխատանքներում կարող է  Իսրայէլ-Յունաստան-Կիպրոս առանցքում օրակարգային դարձնել հակաադրբեջանական վեկտորը՝ առանձին վերցրած։ Այդ խնդիրն ուղղակի առնչութիւններ ունի Ադրբեջանին իսրայէլական արտադրութեան սպառազինութեան մատակարարումների կրճատման եւ երկկողմ համագործակցութեան ռազմավարական մակարդակը իջեցնելու համատեքստում` առհասարակ։

Յիշեցնենք, որ դեռ 2017թ. կէսերին Կիպրոսի նախագահին կից արտերկրեայ եւ հումանիտար հարցերով յանձնակատար Ֆոտիու Ֆոտիսն ԱՄՆ-ում արտերկրի կիպրոսցիների համաշխարհային գիտաժողովում ելոյթ ունենալիս շեշտադրեց Հայաստանի, Իսրայէլի հետ Կիպրոսի ու Յունաստանի սփիւռքի հարցերով եռակողմ համագործակցութեան հարցերի կարեւորութիւնը։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։