Հա

Քաղաքական

15/04/2019 - 08:50

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւններում սառնութիւնը սպառնում է վերածւել ռազմական հակամարտութեան

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւններում ակնյայտ սառնութիւնն անհանգստացնում է որոշ խմբերին, որոնք խուսափում են Վաշինգտոնի եւ Մոսկւայի միջեւ ռազմական հակամարտութիւնից, որը կարող է յանգեցնել նաեւ միջուկային պատերազմի:

«alikonline.ir» - Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւններում ակնյայտ սառնութիւնն անհանգստացնում է որոշ խմբերին, որոնք խուսափում են Վաշինգտոնի եւ Մոսկւայի միջեւ ռազմական հակամարտութիւնից, որը կարող է յանգեցնել նաեւ միջուկային պատերազմի: Այս մասին ըստ  «News.am»-ի՝ գրում է «Associated Press»-ը:

Ամերիկեան եւ եւրոպական վերլուծաբանները, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի ներկայիս ու նախկին ռազմական սպաները նշում են, որ միջուկային գերտէրութիւնները պէտք է աւելի շատ շփւեն միմեանց հետ: Սպառազինման նկատմամբ հիմնարար վերահսկողութեան մասին համաձայնագրի չեղարկումը կը յանգեցնի նրան, որ վերջին լուրջ սահմանափակումը ռազմավարական միջուկային զէնքի նկատմամբ կարող է վերանալ շուրջ երկու տարի անց: Ի տարբերութիւն սառը պատերազմի տարիների, երբ սերունդներն ապրում էին միջուկային Արմագեդոնի սպառնալիքի ներքոյ, կողմերը գրեթէ չեն խօսում միմեանց հետ:

«Սառը պատերազմի ժամանակ մենք ընդունում էինք միմեանց ազդանշանները: Մենք խօսում էինք»,- ասում է Եւրոպայում ՆԱՏՕ-ի գլխաւոր հրամանատար, գեներալ Քերթիս Սքապարոտին: «Ես մտահոգւած եմ, որ մենք չգիտենք նրան (ՌԴ-ին) այսօր»:

Սկապարոտին ընդամենը երկու անգամ էր հանդիպել ռուսական գլխաւոր շտապի ղեկավար, գեներալ Վալերի Գերասիմովի հետ, սակայն մի քանի անգամ խօսել էր նրա հետ հեռախօսով: «Ես գտնում եմ, որ շփումը զսպման շատ կարեւոր պայման է»,- ասել է Սկապարոտին՝ նկատի ունենալով, որ հակառակորդները, որոնք գիտեն միմեանց հնարաւորութիւններն ու մտադրութիւնները, պակաս հաւանականութեամբ  կը կոնֆլիկտեն: «Ռուսաստանի հետ շփումը թոյլ կը տայ հասկանալ միմեանց, հասկանալ՝ ինչու ենք մենք անում այն, ինչ անում ենք: Պէտք է աւելի շատ շփւել Ռուսաստանի հետ»:

Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանը, որոնք համատեղ վերահսկում են համաշխարհային միջուկային զէնքի աւելի քան 90 տոկոսը, յայտարարում են ընթացիկ տարւայ օգոստոսին ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մասին:

Շտաբերի ղեկավարների միաւորւած կոմիտէի ղեկավար, ծովային հետեւակազօրի գեներալ Ջոզէֆ Դանֆորդը յայտարարել է, որ Ռուսաստանը մեղաւոր է ԱՄՆ-ի հետ լարւած յարաբերութիւնների համար:

«Մեզ դժւար է նորմալ յարաբերութիւններ ունենալ երկրի հետ, որը վերջին տարիների ընթացքում աննորմալ վարք է ցուցաբերում»,- ասել է Դանֆորդը: «Կան լուրջ խնդիրներ, որոնք ազդում են մեր երկկողմանի յարաբերութիւնների վրայ. այդ խնդիրները լուծման կարիք ունեն»: Դանֆորդն ասել է, որ պարբերաբար շփւում է Գերասիմովի հետ: «Ես կարծում եմ, որ մենք սահմաններ ունենք ճգնաժամի դէպքում այն կառավարելու համար բարձրագոյն ռազմական մակարդակում»:

Ռազմածովային նաւատորմի պաշտօնաթող ծովակալ Ջէյմզ Ստաւրիդիսը գտնում է, որ Արեւմուտքը պէտք է հակազդի Ռուսաստանին, այդ թւում՝ Ուկրայինայում եւ Սիրիայում նրա գործողութիւնների հետ կապւած: Սակայն նա նշում է, որ համագործակցութեան տարբերակներ կան բազմաթիւ ուղղութիւններով՝ ներառեալ Արկտիկան եւ սպառազինման նկատմամբ վերահսկողութիւնը: «Մենք կանգնած ենք սառը պատերազմ վերադառնալու վտանքի առջեւ, որը ոչ մէկի համար ձեռնտու չէ. դրա վտանգը մեծանում է առանց պաշտպանութեան նախարարությունների միջեւ հաստատուն քաղաքական համագործակցութեան»,- ասել է նա:

Մոսկւան նշում է, որ պատրաստ է երկխօսութեանը: «Ռուսաստանը շարունակում է բաց մնալ փոխազդեցութիւնների համար, որոնք ուղղւած են լարւածութեան թուլացմանը, փոխադարձ վստահութեան վերականգնմանը, միմեանց մտադրութիւնների սխալ մեկնաբանութիւնների կանխարգելմանը եւ վտանգաւոր միջադէպերի հաւանականութեան նւազեցմանը»,- ասւում է Ռուսաստանի ԱԳՆ-ի յայտարարութեան մէջ:

Նախկին սենատոր Սէմ Նանը պնդում է, որ Ռուսաստանի հետ երկխօսութիւնը չափազանց կարեւոր է:

«Դուք չեք կարող դադար վերցնել,- ասել է նա: Միջուկային խնդիրները դեռ լուծւած չեն, եւ դրանք դառնում են ավւելի վտանգաւոր»:

Նանը նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցի եւ պաշտպանութեան նախկին նախարար Վիլեամ Փերիի հետ համատեղ յօդւած է գրել, որ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու Ռուսաստանը յայտնւել են «քաղաքական պարալիչի (կաթւած-խմբ.) մէջ», որը կարող է յանգեցնել ռազմական հակամարտութեան եւ, հնարաւոր է, միջուկային զէնքի կիրառմանը:

«Անհրաժեշտ է համարձակ քաղաքական տեղաշարժ,-գրում են նրանք «The Wall Street Journal»-ում,- Ռուսաստանի հետ համագործակցութեան ռազմավարական վերականգնումը սատարելու եւ այդ վտանգաւոր անդունդից հեռանալու համար: Հակառակ դէպքում մեր երկրները մօտ ապագայում կը յայտնւեն միջուկային հակամարտութեան գօտում»:

Անվտանգութեան հարցերով փորձագէտների խումբը, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Եւրոպայի եւ Ռուսաստանի պաշտօնական դէմքերը փետրւարին կոչ են արել Մոսկւայի հետ բանակցութիւններ անցկացնել:

«Փոխադարձ անհասկացւածութեան վտանգն իրական է»,- ասւում է Եւրաատլանտեան անվտանգութեան առաջնորդների խմբի յայտարարութեան մէջ:

Նշւում է, որ դա կարող է յանգեցնել Ռուսաստանի հետ սովորական պատերազմի կամ, ամենավատ դէպքում, «պոտենցիալ միջուկային սպառնալիքի կամ անգամ միջուկային պատերազմի, երբ միլիոնաւոր մարդիկ կարող են զոհւել հաշւած րոպէների ընթացքում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։