Հա

Քաղաքական

15/04/2019 - 10:20

Էրդողանը ստիպում է քրդերին զէնք վերցնել․ փորձագէտը՝ Թուրքիայում տիրող վախի մթնոլորտի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վարում է քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան վրայ ճնշում գործադրելու ակտիւ եւ նպատակաուղղւած քաղաքականութիւն։

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վարում է քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան վրայ ճնշում գործադրելու ակտիւ եւ նպատակաուղղւած քաղաքականութիւն։

Նպատակաուղղւած ճնշելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը քրդերին ստիպում է զէնք վերցնել։ Նման կարծիք յայտնեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը «Sputnik» Արմենիայի հետ հարցազրոյցում։

«Վերջին երկու խորհրդարանական ընտրութիւններում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան ստացած ձայների թիւն աճել է, նրանք յայտնւել են օրէնսդրական մարմնում։ Բայց վերջին ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքներով այս ուժին տւած ձայների թիւը կրճատւել է 2.5 անգամ»,- ասաց Սաֆրաստեանը։

Փորձագէտի կարծիքով՝ քւէարկութեան անմխիթար արդիւնքները բացատրւում են նրանով, որ խորհրդարանական ընտրութիւններում ընդդիմութեան յաջողութիւնից յետոյ Էրդողանը սկսել է ակտիւօրէն աշխատել քրդամէտ կուսակցութեան դէմ։ Որոշ ընդդիմադիր առաջնորդներ բանտարկւել են, երկրում ձեւաւորւել է վախի մթնոլորտ։

Արդիւնքում կուսակցութիւնը կորցրեց վերջին տարիներին ձեռք բերած դիրքերը։ Հէնց դա էլ պատճառ դարձաւ, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում քիչ ձայն հաւաքի նոյնիսկ քրդաբնակ շրջաններում։

«Մի կողմից, Էրդողանը հասնում է իր նպատակին՝ թուլացնելով քրդամէտ կուսակցութիւնը։ Բայց, միւս կողմից, երկարաժամկէտ հեռանկարում նա ստեղծում է հարցերը ոչ թէ քաղաքական մեթոդներով, այլ զէնքի օգնութեամբ լուծելու քրդերի ճանապարհը, ինչպէս եւ դա անում է Քրդստանի բանւորական կուսակցութիւնը»,- կարծում է Սաֆրաստեանը։

Փորձագէտի կարծիքով՝ թուրքական իշխանութիւնները կարող են ժամանակաւորապէս կոծկել քրդական հարցը, բայց խնդիրն ամէն դէպքում մնում է, եւ այն միայն ճնշման ճանապարհով լուծել չի յաջողւի։

Թուրքիայում ՏԻՄ ընտրութիւնները կայացել են մարտի 31-ին։ Դրանց մասնակցել է 13 քաղաքական կուսակցութիւն։ Չնայած յաղթանակին՝ Էրդողանի Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւնը պարտւել է երկրի խոշոր քաղաքներում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։