Հա

Քաղաքական

16/04/2019 - 13:00

«Լաւրովը վերադառնում է 2016-ի պլանի՞ն». Տարասով

Մոսկւայում երէկ կայացել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանսակցութեամբ` ԼՂ հակամրտութեան կարգաւորման հեռանկարներին նւիրւած բանակցութիւններ:

«alikonline.ir» - Մոսկւայում երէկ կայացել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանսակցութեամբ` ԼՂ հակամրտութեան կարգաւորման հեռանկարներին նւիրւած բանակցութիւններ: Դրանց «Ռեգնում»-ում հրապարակւած «Լեռնային Ղարաբաղ. Լաւրովը վերադարձել է 2016-ի պլանի՞ն» յօդւածով անդրադարձել է քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը: Գրում է «Yerkir.am»-ը:

Նա բարձրաձայնում է այդ միտքը` հիմնւելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովի յայտարարութեան վրայ: Մամեդեարովը բանակցութիւններից յետոյ բաւականաչափ անկեղծացել էր եւ ասել, որ քննարկումներ են կայացել ծրագրի հիման վրայ, որը 2016-ին առաջարկել է ռուսական կողմը:

«Կայացել են լայն առարկայական բանակցութիւններ… քննարկւել են հարցեր, որոնք մինչ օրս խոչընդոտել են բանակցութիւնների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել լիարժէք առաջխաղացման մասին: Սակայն մենք կարողացանք աւելի մանրամասն եւ խորութեամբ հասկանալ այն պահերը, որոնք հայկական կողմի հետ խնդիրներ էին առաջացնում:

Քննարկումները տարւել են Ռուսաստանի կողմից 2016-ին առաջարկւած պլանի շուրջ:

Բնական է, որ մի հանդիպման ժամանակ  բոլոր հարցերը հնարաւոր չէ լուծել: Այդ հանդիպման ձեռքբերումը եղաւ այն, որ մենք հասկացանք` ինչ խնդիրներ կան, ինչ խնդիր պէտք է լուծել: Օրինակ` Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի եւ անվտանգութեան հետ կապւած հարցեր: Իսկ մենք առաջին հերթին շեշտը դնում ենք օկուպացւած տարածքներից հայկական զօրքերի դուրս բերման եւ բռնագաղթածների` հարազատ հողեր վերադարձի վրայ: Քննարկումները եղել են այդ 4 հարցի շուրջ: Որոշում է կայացւել շարունակել բանակցութիւնները»,- ասել էր Ադրբեջանի ԱԳն ղեկավարը լրագրողների հետ զրոյցում:

Տարասովը յիշեցնում է, որ 2016-ին Մոսկւան առաջարկել է սցենար, որն այնուհետեւ անւանեցին «Լաւրովի պլան»: «Այն ենթադրում էր ադրբեջանական «օկուպացւած» տարածքների (ի դէպ, չակերտները հեղինակինն են.-ԽՄԲ.) ազատագրում Լեռնային Ղարաբաղի համապատասխան կարգավիճակի որոշման դէպքում»,- յիշեցնում է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։