Հա

Քաղաքական

17/04/2019 - 10:10

«Եթէ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, դա չի ազդի Թուրքիայի դիրքորոշման վրայ». Վիկտոր Նադէին-Ռաեւսկի

Ապրիլի 24-ը՝ որպէս Թուրքիայի կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութեան օր, պայմանական ամսաթիւ է, քանի որ թուրքերը հայերին սկսել էին կոտորել նախքան 1915-ի Ապրիլի 24-ը. Երեւան-Մոսկւա տեսակամրջի ժամանակ ասաց Սեւծովեան-Կասպեան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէն, ՌԳԱ Ե.Մ.Պրիմակովի անւան համաշխարհային տնտեսութեան եւ միջազգային յարաբերութիւնների ազգային հետազօտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադէին-Ռաեւսկին:

«alikonline.ir» - Ապրիլի 24-ը՝ որպէս Թուրքիայի կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութեան օր, պայմանական ամսաթիւ է, քանի որ թուրքերը հայերին սկսել էին կոտորել նախքան 1915-ի Ապրիլի 24-ը. Երեւան-Մոսկւա տեսակամրջի ժամանակ ասաց Սեւծովեան-Կասպեան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէն, ՌԳԱ Ե.Մ.Պրիմակովի անւան համաշխարհային տնտեսութեան եւ միջազգային յարաբերութիւնների ազգային հետազօտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադէին-Ռաեւսկին: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Ըստ նրա՝ հայերի ոչնչացումը նախապատրաստւած ծրագիր էր` իրականացւում էր հայերի արտաքսում, հայ տղամարդկանց մոբիլիզացնում էին, այնուհետեւ` զինաթափում, սպանում, իհարկէ, հայերը փորձում էին պաշտպանւել, որտեղ դա հնարաւոր էր, եւ, այո, երբեմն` շատ յաջող:

Վերլուծաբանը նշեց, որ 100 տարի անց Թուրքիան չի ցանկանում ընդունել իր կատարած յանցանքը, երբ դրա ընդունումն անգամ ԵՄ-ին անդամակցելու նախապայմաններից է եղել, մինչդեռ Գերմանիան ընդունեց Հոլոքոստի փաստը, որից յետոյ ունեցանք բոլորովին այլ Գերմանիա:

«Որպէսզի Թուրքիայի հասարակութեան միջնադարեան գիտակցութիւնը փոխւի եւ համապատասխանի ժամանակակից աշխարհընկալմանը, պէտք է սկսել անցեալի գնահատումից, առանց որի հնարաւոր չէ նորմալ ապագայ կառուցել իւրաքանչիւր ազգի դէպքում: Այո, դժւար է ընդունել սեփական յանցանքները, նախնիների յանցանքը, բայց այդ ճանապարհով գնաց Գերմանիան՝ դատապարտելով Հոլոքոստը: Եւ այս դատապարտումը փոխեց գերմանացի ժողովրդի գիտակցումը, բարձրացրեց գիտակցական մակարդակը, սա բոլորովին այլ Գերմանիա է: Նման ինքնագիտակցում Թուրքիայում տեղի չունեցաւ: 2000-ականներին թուրք մտաւորականութեան կողմից մի փաստաթուղթ շրջանառւեց՝ «Հայեր, ներէք մեզ», որը տասնեակհազարաւոր ստորագրութիւն հաւաքեց, ինչը հաստատում էր, որ այս երկրում եւս գիտակցական փոփոխութիւն է տեղի ունենում, բայց անցաւ մի քանի ամիս, եւ նոր փաստաթուղթ յայտնւեց՝ հակահայկական, որն առաւել շատ ստորագրութիւն հաւաքեց՝ մօտ կէս միլիոն: Սա խօսում է այն մասին, որ Թուրքիան դեռեւս պատրաստ չէ ընդունել անցեալում կատարած յանցանքները, վերաիմաստաւորել իր պատմութիւնը, ունենալ նոր քաղաքացիական  հասարակութիւն»,- շեշտեց Վիկտոր Նադէին-Ռաեւսկին:

Նա յիշեցրեց, որ 2014-ին Էրդողանը հայերին «ներողութիւն» հասցէագրեց, բայց ինչ արեց դրանից յետոյ եւ ինչ է անում: «Գուցէ այն արձագանքը, որը նա սպասում էր հայկական կողմից, չեղաւ, որովհետեւ նա չարտաբերեց «Ցեղասպանութիւն» բառը, ինչը համարւեց իբր իր ազգի նկատմամբ վիրաւորանք: Բայց խնդիրը սա չէ: Թուրքիայի իշխանութիւնների դիրքորոշումը ոչ միայն չի փոխւել այս հարցում, այլեւ խստացել է»,- նշեց վերլուծաբանը:

Ըստ նրա` հայերը եւ Հայկական հարցը խանգարում են, այսպէս ասած, միասնական թիւրքական աշխարհի գաղափարի կեանքի կոչմանը: «Հայկական երկու պետութիւնները՝ Հայաստանը, Արցախը, խանգարող հանգամանք են, եւ այսպիսով` աշխարհաքաղաքական իրավիճակը մնացել է նոյնը: Հակահայկական տրամադրութիւնները, որոնք միշտ թուրքական հասարակութեան մէջ սերմանւում էին՝ սկսած դպրոցական նստարանից, մնացել են, ըստ էութեան, նոյնը»,- ասաց վերլուծաբանը՝ խոստովանելով, որ հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրման ժամանակաշրջանում մի փոքր լաւատեսութիւն ունէր, որը չարդարացաւ:

Ըստ նրա՝ Թուրքիային վախեցնում է հնարաւոր փոխհատուցման փաստը:

Հայկական հարցը տեղափոխելով ռուս-թուրքական յարաբերութիւնների հարթութիւն` Սեւծովեան-Կասպեան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէնը վստահեցրեց, որ ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հայաստան այցը եւ Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակի զետեղումը խնդիրներ առաջացրեցին ռուս-թուրքական յարաբերութիւններում, քանի որ այս փաստը Թուրքիան ցաւօտ ընդունեց:

«Սկսեցին խնդիրներ «Թուրքական հոսքի» հետ կապւած. առաջին անգամ դրանք հէնց այդ ժամանակ ի յայտ եկան: Այսինքն՝ Թուրքիան պատրաստ էր անգամ տնտեսական շահերը հարւածի տակ դնել. նախատեսւած էր «Թուրքական հոսքի» 4 գիծ, մնաց 2-ը»,- ընդգծեց վերլուծաբանը՝ նշելով, որ ՌԴ-ի համար անընդունելի է, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը, թէեւ ռուս հասարակութիւնն այս պատմութեանն այնքան էլ ծանօթ չէ:

Հարցին՝ եթէ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, սա կը ստիպի Թուրքիային եւ մի շարք այլ երկրների ճանաչել այն, որքանո՞վ է սա իրատեսական, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ եթէ նման բան լինի, դա ոչ մի ազդեցութիւն չի ունենայ Թուրքիայի դիրքորոշման վրայ: Նա յիշեցրեց, որ վերջին շրջանում թուրք-ամերիկեան յարաբերութիւնները բաւականին լարւած են, ինչին  նպաստել են Թուրքիայի դէմ պատժամիջոցները, թուրքական ապրանքների արտահանման բարձր տուրքերը, S400 ռուսական համալիրների գնումը, մի շարք ծրագրերը կանգնեցնելու փորձերը եւ այլն։

«Մարդկութեան դէմ իրականացւած յանցագործութիւնը չճանաչելը սխալ է։ Սակայն եթէ անգամ ամերիկացիները ճանաչեն ու իսկապէս կիրառեն «Ցեղասպանութիւն» բառը, դժւար թէ դա ազդի Թուրքիայի դիրքորոշման վրայ։ Ընդհակառակը` մենք վրդովմունքի, հակաամերիկեան տրամադրութեան ալիքի ականատես կը լինենք, յատկապէս, որ ԱՄՆ-ը քիչ պատճառներ չի տւել՝ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թէլ Աւիւից Երուսաղեմ, Գոլանի բարձունքների հետ կապւած իրադարձութիւնը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 26-ին Գոլանի բարձունքներն Իսրայէլի անբաժան մաս ճանաչելու մասին փաստաթուղթ է ստորագրել.- խմբ.)»,-ընդգծեց Վիկտոր Նադէին-Ռաեւոկին՝ յորդորելով սպասել Թրամփի ելոյթին:

Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղւած` ՀՀ-ի եւ հայկական կողմի պայքարը վերլուծաբանը գնահատում է դրական` Հայկական հարցը եւ Ցեղասպանութեան թեման չպէտք է մոռացութեան մատնւեն: «Հայաստանը ճիշտ ուղու վրայ է: Չպէտք է մոռանալ, որ հէնց Հայոց Ցեղասպանութեան չճանաչումը ճանապարհ բացեց հետագայ յանցագործութիւնների, այդ թւում՝ Հոլոքոստի համար»,- ամփոփեց վերլուծաբանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։