Հա

Քաղաքական

22/04/2019 - 10:30

Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականութիւնը․ ռազմական բիւջէի առաւելութիւնը ոչինչ չի ասում

Զինւորական ստորաբաժանումներին սպառազինութիւններով եւ զինամթերքով յագեցնելու մասին Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի յայտարարութեանը կարելի է թերահաւատօրէն վերաբերել, քանի որ մարտական գործողութիւնների ելքը միշտ չէ, որ կախւած է նորագոյն սպառազինութիւններով բանակի յագեցւածութիւնից։ Այս երեւույթի մասին «Ֆակտխեբեր» կայքում հրապարակւած «Ադրբեջանի բանակի առասպելներն ու իրականութիւնը» յօդւածում գրում է ադրբեջանցի լրագրող Զաուր Նասիրլին։

«alikonline.ir» - Զինւորական ստորաբաժանումներին սպառազինութիւններով եւ զինամթերքով յագեցնելու մասին Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի յայտարարութեանը կարելի է թերահաւատօրէն վերաբերել, քանի որ մարտական գործողութիւնների ելքը միշտ չէ, որ կախւած է նորագոյն սպառազինութիւններով բանակի յագեցւածութիւնից։ Այս երեւույթի մասին «Ֆակտխեբեր» կայքում հրապարակւած «Ադրբեջանի բանակի առասպելներն ու իրականութիւնը» յօդւածում գրում է ադրբեջանցի լրագրող Զաուր Նասիրլին։ Տեղեկացնում է «News.am»-ը:

«Ես կուզէի ցրել առասպելն այն մասին, որ, ունենալով 2 միլիարդ դոլարի ռազմական բիւջէ, մենք անկասկած, կը ջախջախենք Հայաստանը, որի ռազմական բիւջէն ընդամէնը 528.7 միլիոն դոլար է։ Այն փաստը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը մի քանի անգամ գերազանցում են Հայաստանի ռազմական բիւջէն, ցաւօք, ոչինչ չի ասում։ Օրինակ, Թուրքիայի ռազմական բիւջէն 6 անգամ զիջում է Սաուդական Արաբիայի սպառազինութեան ծախսերին, սակայն ոչ մէկի մտքով չի անցնում կասկածել, թէ ում բանակն է աւելի ուժեղ եւ աւելի պրոֆեսիոնալ։ Ուժեղ բանակի գրաւականը փողը չէ, այլ պրոֆեսիոնալիզմը, մարտունակութիւնը, զինւորների որակեալ պատրաստումը եւ նրանց մարտական ոգին։ Ինչը չես ասի Ադրբեջանի բանակի մասին, որտեղ մինչ այժմ թագաւորում է «դեդովշչինա»-ն (ոչ կանոնադրական հարաբերություններ-ԽՄԲ.), իսկ զինւորների մարտական ոգին եւ նրանց պատրաստւածութիւնը գործնականում զրոյի վրայ է։ Բանակում սարսափելի պայմանների պատճառով իւրաքանչիւրն ուզում է ցանկացած ճանապարհով խուսափել զինւորական ծառայութիւնից»,- ասւում է յօդւածում։

Իսկ ահա ինչ է այդ մասին ժամանակին գրել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթիւ Բրայզան. «Դիւնագէտներն ու վերլուծաբանները կարծում են, որ ղարաբաղեան հակամարտութեան գօտում պատերազմի վերսկսման դէպքում ղարաբաղեան գործընթացը դուրս կը գայ փակուղուց։ Ադրբեջանն այժմ չի կարող գրաւել Ղարաբաղը։ Ռազմական տեսանկիւնից նրանք ի վիճակի չեն անել դա։ Ես չեմ կարծում, որ նրանք կարող են գրաւել հայերի կողմից վերահսկւող բարձունքները։ Դա շատ դժւար է»։

Բրայզայի նման է մտածում նաեւ ռազմական փորձագէտ Իւսիֆ Աղաեւը, որը նշել է, թէ «մարտերը կարող են տեւել մէկ կամ երկու ամիս, այսինքն այնքան ժամանակ, որքան մօր զինւած ուժերը կարողանան պայքարել։ Եթէ մարտերը ձգձգւեն, ապա կը վերաճեն լայնամասշտաբ պատերազմի, որին մասնակցում են ոչ միայն բանակները, այլեւ հանրութիւնները։ Չեմ կարծում, որ ադրբեջանական հանրութիւնը այժմ պատրաստ է պատերազմի»։

Ինչպէս Բրայզայի, այնպէս էլ Աղաեւի յայտարարութիւնները հակառակն են ադրբեջանական ղեկավարութեան եւ ադրբեջանական ԶԼՄ-ների յայտարարութիւնների։ Ինչպէս յայտնի է, Ադրբեջանի իշխանութիւնները, սկսած նախագահ Ալիեւից եւ մինչեւ վերջին պաշտօնեան, չեն յոգնում կրկնել, որ ադրբեջանական բանակը «ամենահզօր բանակն» է տարածաշրջանում, որի համար դժւարութիւն չի ներկայացնի գրաւել Ղարաբաղը եւ նոյնիսկ Հայաստանը։ Սովորաբար շեշտը դրւում է սպառազինութիւնների այն հսկայական ծաւալների վրայ, որ գնում եւ արտադրում է Ադրբեջանը, ինչպէս նաեւ ադրբեջանական զինւորների «պրոֆեսիոնալիզմի» վրայ։ Ինչպէս երեւում է ադրբեջանցի ժողովրդի մեծ բարեկամ Բրայզայի խօսքերից, որը լաւ ծանօթ է երկրում իրական իրավիճակին, որտեղ նա դեսպան է եղել, իրականում ամէն ինչ այդպէս չէ։

Իսկ ահա ադրբեջանական զանգւածային լրատւամիջոցների համաձայն, ադրբեջանական հանրութիւնը պատրաստ է պատերազմի այնպէս, ինչպէս ոչ ոք աշխարհում, պատրաստ է, զոհաբերել իրեն, իր հարազատներին, միայն թէ հայկական արիւն թափի։ Ինչպէս վկայում են Աղաեւի խօսքերը, այստեղ եւս ամէն ինչ բոլորովին էլ այդպէս չէ։ Իմիջիայլոց, միջազգային փորձագէտները (Լոնդոնում Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային ինստիտուտը՝ «The International Institute for Strategic Studies IISS», ռուս ռազմական փորձագէտ, «Ազգային պաշտպանութիւն» թերթի գլխաւոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն) խոստովանում են, որ տարածաշրջանում ամենամարտունակը, թէեւ ոչ այնքան բազմաթիւ բանակը հէնց Հայաստանի Զինւած ուժերն են։

Այնուամենայնիւ, ներկայում իր անվտանգութեան ընդհանուր մակարդակով ադրբեջանական բանակը զիջում է ինչպէս Հայաստանի, այնպէս էլ ԼՂՀ-ի զինւած ուժերին։ Թէեւ պէտք է նշել, որ ադրբեջանական բանակը իր թւով եւ ռազմական տեխնիկայի քանակով զգալի չափով գերազանցում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինւած ուժերին։ Ադրբեջանական բանակի բոլոր աստիճաններում շատ բարձր է կոռուպցիայի մակարդակը, ինչը, բնականաբար, վատ է անդրադառնում նրա բարոյահոգեբանական վիճակի վրայ։ Բացի այդ, բաւարար չէ զինւորական կազմի ուսուցումը, դիտարկւում է ձեւական վերաբերմունք մարտական ուսուցման, մանաւանդ խոշոր զորանոցներում իրական վարժանքների անցկացման հանդէպ։ Ինչ վերաբերում է ադրբեջանական սպաների կողմից ձեռք բերւած արեւմտեան ռազմական փորձին, ապա իրականում այն դեռեւս չի ստացել այնպիսի մեծ տարածում ողջ զինված ուժերում, եւ արդյունքում ադրբեջանական բանակին հատուկ են այն բոլոր թերութիւնները, որոնք կային Խորհրդային բանակում նրա գոյութեան վերջին տարիներին։

Միաժամանակ, կարծիք կայ, որ սպառազինութիւնների ժամանակակից տեսակների արտադրութեան բարդութեան եւ ադրբեջանական տնտեսութեան տեխնոլոգիական թերզարգացածութեան պայմաններում Ադրբեջանի պաշտպանական արդիւնաբերութեան նախարարութիւնը իրականում չի զբաղւում հէնց Ադրբեջանում սպառազինութիւնների եւ ռազմական տեխնիկայի արտադրութեամբ, այլ համակարգում է դրանց գնումը այլ երկրներից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։