Հա

Քաղաքական

11/05/2019 - 13:20

Մելքոնեան. «Ընդդիմութեան համար սա էրդողանական Թուրքիայի կործանումը սկսելու շանս է»

Թուրքիայի նախագահ Էրդողանը քաղաքական տարբեր պրոցեսներն ուղղորդում է ըստ իր եւ իր թիմի քաղաքական նպատակայարմարութեան:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Էրդողանը քաղաքական տարբեր պրոցեսներն ուղղորդում է ըստ իր եւ իր թիմի քաղաքական նպատակայարմարութեան: «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասել է թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

Թուրքագէտը նշում է, որ Թուրքիայում մենք ամէն օր տեսնում ենք բռնապետութեան հաստատման տարբեր դրւագներ, եւ այդ բռնապետութեան ճարտարապետը Թուրքիայի նախագահ Էրդողանն է։

Թուրքիայում ԿԸՅ-ն Էրդողանի կուսակցութեան պահանջով չեղարկել է Ստամբուլի ընտրութիւնների արդիւնքը եւ նոր ընտրութիւններ նշանակել։ Ընդդիմութիւնն էլ պահանջում է չեղարկել վերջին մէկ տարւայ ընտրութիւնների արդիւնքները։

«Նոր ընտրութիւնն էրդողանական Թուրքիայի կործանումը սկսելու հնարաւորութիւն է ընդդիմութեան համար։ Եթէ ընդդիմութիւնը հաւաքւի եւ Ստամբուլում տանի ջախջախիչ յաղթանակ սա կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ այլ վայրերում»,- ասում է Մելքոնեանը։

Ըստ թուրքագէտի՝ նոր ընտրութիւններում Էրդողանը փորձելու է յաղթել՝ կիրառելով եւ վարչական ռեսուրսները եւ այլ մեթոդներ։ Էրդողանը լինելու է ամենաակտիւ քարոզողը եւ գործելու է յայտնի մեթոդը, որը մեզ մօտ էլ կիրառւեց՝ ընտրում են ոչ թէ քաղաքապետի թեկնածու այսինչին, այլ հէնց հաւատարմութիւնն են յայտնելու էրդողանին։

Ռուբէն Մելքոնեանի խօսքով՝ ընդդիմութիւնը կարող է հանդէս գալ հակաէրդողանական հարթական ստեղծելու դիրքերից ՝ փորձելով համախմբել այն քաղաքացիներին, որոնք թէկուզ չէզոք են տրամադրւած, բայց կողմ են աշխարհիկ հանրապետական Թուրքիայի պահպանմանը։ Եւ տարբեր կողմնորոշումներ ունեցող ուժերը կարող են համախմբւել ընդդէմ էրդողանական իսլամական բռնապետութեան հաստատման։

Թուրքագէտն ընդգծում է՝ սա զուտ ՏԻՄ ընտրութիւն չէ, այլ խորքային, գաղափարական ճակատամարտ է, որի թատերաբեմը Ստամբուլի քաղաքապետի ընտրութիւն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։