Հա

Քաղաքական

18/05/2019 - 14:20

Որքան կը դիմակայի Իրանը

Վերջին ամիսներին իրանա-ամերիկեան յարաբերութիւններում պահպանւող լարւածութիւնն անցել է նոր՝ ռիսկային փուլ։ Վաշինգտոնը ընդլայնում է Թեհրանի նկատմամբ գործադրւած տնտեսական, քաղաքական ճնշումները։ Նշենք, որ ընդգծւում են տեղեկատւական-հոգեբանական նշանակութեան գործողութիւնները։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Տեղեկատւական-հոգեբանական գործողութիւններ

Վերջին ամիսներին իրանա-ամերիկեան յարաբերութիւններում պահպանւող լարւածութիւնն անցել է նոր՝ ռիսկային փուլ։ Վաշինգտոնը ընդլայնում է Թեհրանի նկատմամբ գործադրւած տնտեսական, քաղաքական ճնշումները։ Նշենք, որ ընդգծւում են տեղեկատւական-հոգեբանական նշանակութեան գործողութիւնները։

Տեղեկատւական-հոգեբանական գրոհի դասական օրինակ կարելի է համարել ընթացիկ տարւայ փետրւարին նախագահ Թրամփի ուղերձն Իրանի հասարակութեանը, որը հնչեց պարսկերէն։ ԱՄՆ նախագահն ուղերձում մեղադրանքներ էր հնչեցնում Իրանի իշխանութիւնների հասցէին՝ 40 տարի շարունակ կոռուպցիա, ճնշումներ ու ահաբեկչութիւն, նաեւ նշում, որ Իրանի ժողովուրդն արժանի է պայծառ ապագայի։

Հասկանալի է, որ նման գործելակերպը նպատակաուղղւած է Իրանի հանրութեան շրջանում երկրի ղեկավարութեան նկատմամբ դժգոհութիւնների ալիք բարձրացնելուն։ Խոշոր հաշւով, տեղեկատւական-հոգեբանական նման օրինակով Վաշինգտոնում հետապնդում են Իրանում յեղաշրջման փորձ իրագործելու նպատակ։ Իրանի ղեկավարութիւնը, սակայն, լրջօրէն վերահսկում է երկրի ներքաղաքական իրադրութիւնը։

Յիշեցնենք, որ Իրանի հանրութեանը հասցէագրւած ուղերձով աւելի վաղ՝ 2018թ. յունիսին, հանդէս էր եկել Իսրայէլի վարչապետ Բինիամին Նեթանեահուն՝ անդրադառնալով Իրանի ջրային ռեսուրսների անարդիւնաւէտ կառավարման սոցիալական հետեւանքներին։ Նա մասնաւորապէս նշել էր, որ «Իրանի ժողովուրդը դաժան ռեժիմի զոհն է` այն չի բաւարարում բնակչութեան՝ ջրային ռեսուրսներից օգտւելու կենսական կարիքները: Իսրայէլը Իրանի ժողովրդի կողքին է»։ Յիշեցնենք, որ Իսրայէլի ղեկավարութիւնը նախատեսում էր ստեղծել պարսկերէնով գործող կայքէջ, որտեղ կը ներկայացւէին ջրային ռեսուրսների կառավարման իսրայէլական տեխնոլոգիաներն ու ստրատեգիան։ 

Կարծում ենք, որ Իրանի ժողովրդին ուղղւած վերոյիշեալ ուղերձները Վաշինգտոնի ու Թել Աւիւի կողմից համատեղ մշակւած գործողութեան արդիւնք են։ Սա հնարաւորութիւն է տալիս ենթադրելու, որ, ըստ ամենայնի, վերջին տարիներին Վաշինգտոնում ու Թել Աւիւում մշակւել է, Իրանում հանրային դժգոհութիւնների մասսայականացմամբ, յեղաշրջման ճանապարհով իշխանափոխութեան սցենար։

 

Ռազմական-անվտանգային ճնշման լծակներ

Վերջերս Իրանի ուղղութեամբ Վաշինգտոնի բանեցրած տեղեկատւական-հոգեբանական գրոհին աւելացաւ նաեւ ռազմական-անվտանգային բաղադրիչը։ Սոյն տարւայ ապրիլին նախագահ Թրամփն Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառեց ահաբեկչական կազմակերպութիւնների ցուցակում։ Սպիտակ տունը նախատեսում է նաեւ քրէական պատասխանատւութեան ենթարկել` մինչեւ 20 տարի ազատազրկման, ֆիզիկական ու իրաւաբանական այն անձանց, որոնք կը շարունակեն համագործակցել ԻՀՊԿ-ի հետ:

Նշենք, որ այդ որոշումը նախադէպային էր այն առումով, որ ԱՄՆ-ն առաջին անգամ է ճանաչում այլ երկրի պետական կառոյց որպէս ահաբեկչական։ Ընդ որում` սոյն որոշումը միանշանակ չընկալւեց նոյն Պենտագոնում։ Ամերիկեան պաշտպանական գերատեսչութիւնում մտավախութիւն կայ, որ այդ քայլով վտանգի տակ են յայտնւում Մերձաւոր Արեւելքում տեղակայւած ամերիկեան զօրքերը։ Եւ իսկապէս, մեծ է հաւանականութիւնը, որ Վաշինգտոնի ճնշումների ներքոյ իրանական կողմը, գլխաւորապէս անուղղակի կերպով, կը փորձի թիրախաւորել ամերիկեան զօրքերը։

Իսկ աւելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտը յայտարարութիւն տարածեց, որում յորդորում էր Բաղդադում ԱՄՆ դեսպանութեան եւ Էրբիլում ԱՄՆ հիւպատոսութեան աշխատակիցներին` լքել դիւանագիտական գրասենեակները՝ նշելով Իրանի կողմից հնարաւոր յարձակումների վտանգը։

Թրամփի որոշմանը հետեւեց Թեհրանի համարժէք արձագանգը` Իրանում որոշում կայացւեց ԱՄՆ զինւած ուժերի Կենտրոնական հրամանատարութիւնը (CENTCOM) նոյնպէս ճանաչել ահաբեկչական կազմակերպութիւն։ Թեհրանի պաշտօնական հաղորդագրութիւնում նշւած էր, որ ահաբեկչական են համարւում նաեւ այն խմբաւորումներն ու կազմակերպութիւնները, որոնք համագործակցում են Մերձաւոր Արեւելքում տեղակայւած ԱՄՆ զինւած ուժերի հետ։

Վաշինգտոնում սկսեցին կիրառական քայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ ռազմական բնոյթի ճնշումներն է՛լ աւելի ուժեղացնելու ուղղութեամբ։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց աւիակիրների հարւածային խումբ ուղարկել Պարսից ծոց՝ ԱՄՆ ՌԾՈւ «Աբրահամ Լինքոլն» աւիակրի գլխաւորութեամբ։ Նշենք, որ աւիակիրը տեղակայում է շուրջ 50 ինքնաթիռ, 6 հազար անձնակազմ։

Դրան յաջորդեց Պենտագոնի այն տեղեկատւութիւնը, թէ պաշտպանական գերատեսչութիւնը մտադիր է շուրջ 120 հազար ամերիկեան զօրք տեղակայել Մերձաւոր Արեւելքում, եթէ Իրանը յարձակում նախաձեռնի ամերիկեան զօրքերի ուղղութեամբ։ Երկար չանցած, սակայն, նախագահ Թրամփն իր մեկնաբանութեամբ փորձեց մեղմել այդ դիրքորոշումը։

Փորձագէտների մի մասն առաջ է քաշում այն վարկածը, որ այդ որոշման ընդունման հարցում զգալի է եղել յատկապէս Իսրայէլի արտաքին հետախուզութեան դերակատարումը, որի ղեկավարութիւնը ակտիւ համագործակցում է, մասնաւորապէս, ԱՄՆ նախագահի անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի եւ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հետ։ Յատկանշական էր ապրիլի կէսերին Բոլթոնի ու Իսրայէլի Ազգային անվտանգութեան խորհրդի ղեկավար Բեն Շաբաթի հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան անվտանգային ոլորտում երկկողմ համագործակցութեանը, Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակին։

Չյապաղեց Թեհրանի պաշտօնական արձագանգը, ըստ որի` Պարսից ծոցում ամերիկեան աւիակրի ներկայութիւնը Իրանում չեն համարում երկրի անվտանգութեան համար լուրջ սպառնալիք, ինչպէս դա նախկինում էր։ Աւելին, ըստ հաղորդագրութեան, դա դիտւում է որպէս «հնարաւորութիւն»։ Իրանական կողմի նման վստահութիւնը թերեւս խօսում է այն մասին, որ մերձաւորարեւելեան այդ երկրում ընդլայնւել են ամերիկեան ռազմական սպառնալիքների հակազդման պոտենցիալ հնարաւորութիւնները։ Բարձրացել է նաեւ ռազմարդիւնաբերութեան տեխնոլոգիական բաղադրիչի արդիւնաւէտութիւնը։

Միեւոյն ժամանակ, Թեհրանը յայտարարեց նաեւ, որ կարող է փակել ռազմավարական նշանակութիւն ունեցող Հորմուզի նեղուցը, որով տեղափոխւում է տարածաշրջանի նաւթի շուրջ 30%-ը։

Ինչպէս եւ ակնկալւում էր, Պարսից ծոցում ամերիկեան աւիակրի հնարաւոր յայտնւելը չմնաց անարձագանգ. օրերս ԱՄԷ ափամերձ շրջանում յարձակման ենթարկւեցին Սաուդական Արաբիայի մի քանի նաւեր։ Վարկածներից մէկի համաձայն` այդ գործողութիւններում կար իրանական հետք։

 

Հնարաւոր հետեւանքներ

Փորձագիտական որոշ գնահատականներով` Իրանին ուղղւած ամերիկեան ճնշումների սրացման միտումը պայմանաւորւած է Մերձաւոր Արեւելքում Իրանի դերի մեծացմամբ։ Դա նախեւառաջ դրսեւորւում է սիրիական զարգացումներում, պաղեստինա-իսրայէլական ռազմական բախումներում։ Մայիսի սկզբին, միայն մի քանի օրւայ ընթացքում, Իսրայէլի ուղղութեամբ Գազայի հատւածից արձակւեց շուրջ 450 հրթիռ։ Սակայն այստեղ կարեւոր հանգամանքը միայն արձակւած հրթիռների զուտ քանակը չէ, այլ առաջին հերթին դրանց ռազմատեխնիկական բնութագրիչները։ Խնդիրն այն է, որ Իսրայէլի «Երկաթեայ գմբեթ» ՀՕՊ համակարգն արդէն չի կարողանում բաւարար կերպով խոցել դրանք ոչ միայն այն պատճառով, որ արձակւած հրթիռների քանակն է շատ։ Պատճառներից մէկն էլ այն է, որ այդ հրթիռները պատրաստւում են ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան, որտեղ մեծ է իրանական կողմի անմիջական մասնակցութիւնը։

Իրավիճակը ռիսկային է նախ այն առումով, որ կողմերը ընկալում են միմեանց զինւած ուժերը որպէս ահաբեկչական միաւորներ, ինչն աննախադէպ պայթիւնավտանգ իրավիճակ է ստեղծում։ Վաշինգտոնի համար բաւական բարդ է լինելու զսպել իրանական գործօնը տարածաշրջանում։ Այդուհանդերձ, հակւած ենք ենթադրել, որ կողմերը թերեւս կը խուսափեն գնալ ռազմական ուղիղ առճակատման՝ հաշւի առնելով դրա անդառնալի հետեւանքները տարածաշրջանի ու միջազգային անվտանգային կայունութեան համատեքստում։

Հաւանական է այն սցենարը, ըստ որի` կողմերը կարող են առաւելագոյնը փոխանակւել պրոքսի ռազմական գործողութիւններով, ինչպէս, օրինակ, դա տեղի ունեցաւ սաուդական նաւերի վրայ յարձակմամբ։ Նման զարգացումներ սպասելի են Սիրիայում։ Կանխատեսելի են նաեւ պաղեստինա-իսրայէլական հատւածում սրացումներ ինչպէս սահմանի երկայնքով, այնպէս էլ թիկունքում, ինչն արդէն աստիճանաբար դրսեւորւում է։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։