Հա

Քաղաքական

18/05/2019 - 10:20

Բաքւի մանրակրկիտ մօտեցումը «Արեւելեան գործընկերութեանը». ի՞նչ շահեց Արցախը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան Միջազգային հետազօտութիւնների ինստիտուտի Եւրոատլանտեան անվտանգութեան կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգէյ Մարկեդոնովը յատուկ «Sputnik» Արմենիայի համար վերլուծել է «Արեւելեան գործընկերութեան» 10-ամեակին նւիրւած միջոցառումների ժամանակ տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդիւնքները։

«alikonline.ir» - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան Միջազգային հետազօտութիւնների ինստիտուտի Եւրոատլանտեան անվտանգութեան կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգէյ Մարկեդոնովը յատուկ «Sputnik» Արմենիայի համար վերլուծել է «Արեւելեան գործընկերութեան» 10-ամեակին նւիրւած միջոցառումների ժամանակ տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդիւնքները։

Արցախեան կարգաւորման խնդիրը շարունակում է մնալ եւրոպացի քաղաքական գործիչների եւ դիւանագէտների ուշադրութեան կենտրոնում։ Այսպէս, Բրիւսելում մայիսի կէսերին անցկացւեցին «Արեւելեան գործընկերութեան» 10-ամեակին նւիրւած միջոցառումներ։ Հաւաքւածները համաձայնւեցին, որ յետխորհրդային 6 պետութիւնների եւ ԵՄ-ի փոխշահաւէտ համագործակցութիւնը պէտք է շարունակել։

Սակայն հանդիսաւոր դեկլարացիան նախապատրաստելիս «Արեւելեան գործընկերութեան» մասնակիցները որոշեցին փաստաթղթին «բարձր կարգավիճակ» չտալ եւ տեքստը չստորագրեցին (փաստաթղթի տակ մնաց միայն ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան գերագոյն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ստորագրութիւնը)։ Այս որոշման համար կարեւորագոյն (թէեւ ոչ միակ) պատճառ դարձաւ Ադրբեջանի դժգոհութիւնը նրանից, որ վերջնական դեկլարացիայում յստակ եւ միանշանակ չէր ամրագրւել տարածքային ամբողջականութեան առաջնահերթութիւնը։

Բաքւի համար սա միայն դիւանագիտական մանրակրկիտ մօտեցման եւ իրաւաբանական ձեւակերպումների նկատմամբ բծախնդրութեան ցուցադրութիւն չէ ։ Արցախը վերադարձնելու գաղափարի շուրջ են կառուցւում այս երկրի հիմնական ներքին եւ արտաքին քաղաքականութեան ռազմավարութիւնները։ Ադրբեջանի մասնակցութիւնը (կամ չմասնակցելը) այս կամ այն ինտեգրացիոն նախագծերին, ցանկացած պետութեան հետ երկկողմ յարաբերութիւնների դինամիկան զգալիօրէն պայմանաւորւում են արցախեան թեմատիկայի վերաբերեալ Բաքւի վիզաւիի դիրքորոշմամբ։

 

Բոլորը պահպանեցին իրենց շահերը

«Միաւորւած Եւրոպայի» մայրաքաղաքում «Արեւելեան գործընկերութեան» յոբելեանական միջոցառումների ընթացքում կայացաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Այդ հանդիպումից դժւար էր էական առաջընթաց ակնկալելը։ Նախեւառաջ այն պատճառով, որ սա հակամարտող կողմերի բլից-զրոյց էր «շփման գծում» ընթացիկ իրավիճակի վերաբերեալ։

Այս կարճ զրոյցի արդիւնքներով Փաշինեանը հարցազրոյցում երկու սկզբունքօրէն կարեւոր պահ նշեց։ Նա բանակցութիւնները շարունակելու յոյս յայտնեց, թէեւ ասաց, որ նոր հանդիպումների կոնկրետ ծրագրեր չկան։ Միեւնոյն ժամանակ նա ընդգծեց, որ առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցութեան խաղաղութեան տանող գործընթացի արդիւնաւէտութիւնը բարձր չի լինի։

ՀՀ վարչապետի գնահատականներից ելնելով` կարելի է հետեւեալ եզրայանգումն անել. կողմերը նախկինի պէս պահպանում են իրենց շահերը։ Երեւանը շարունակում է պնդել Արցախի ներգրաււածութեան իր գիծը, այն դէպքում, երբ Բաքուն պնդում է, որ վերականգնւի տարածքային ամբողջականութիւնը, այսինքն Ադրբեջանի շահերը դիտարկել որպէս խաղաղ կարգաւորման հիմք։

Խորհրդանշական է, որ հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգավորման խնդրի նկատմամբ հետաքրքրութեան պոռթկում առաջացաւ միաժամանակ մէկ այլ յատկանշական յոբելեանի հետ մէկտեղ` Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրւած Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մէջ մտնելու 25-ամեակին։ Յիշեցնեմ, դա տեղի է ունեցել 1994 թւականի մայիսի 12-ին։

Հասկանալի է, որ Բրիւսէլի համաժողովի ամփոփիչ դեկլարացիայի նախապատրաստումը մէկ ակտանի գործողութիւն չէր։ Նման «էքսպրոմտները» մանրակրկիտ են նախապատրաստւում։ Սակայն Արցախի վերաբերեալ Երեւանի վերոնշեալ (եւ որը ոչ միայն 2019 թւականի մայիսին է հնչել, այլեւ բազմաթիւ անգամ մինչ այդ) դիրքորոշումը մեծապէս նպաստեց նրան, որ Բաքւի ներկայացուցիչները կրկին յստակ եւ միանշանակ արդիականացրեցին հէնց տարածքային ամբողջականութեան գերակայ առաջնահերթութիւնը։ Միեւնոյն ժամանակ պէտք է նշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւններում միջնորդութիւն իրականացնող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հետեւողականօրէն ընդգծում են, որ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականութիւնն ու ինքնորոշման ժողովրդի իրաւունքը արցախեան կարգաւորման երեք հաւասարազօր հիմնարար սկզբունքներն են։

 

Արդեօք ինտերնացիոնալացո՞ւմ է պէտք

Առաջին հայացքից, բրիւսէլեան կոլիզիաները սկզբունքորեն որեւէ նոր բան չբացայայտեցին։ Հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչները բոլոր միջազգային հարթակներում վիճում են այն մասին, թէ ինչն է առաջնային. սահմանների անխախտելիութիւնը, թէ՞ ազգի ինքնորոշումը։ Սակայն ողջ այդ «եւրոպական պատմութիւնը» բաւական ուսանելի է։

Արդէն մի քանի տարի է, որ ԵՄ երկրների դիւանագէտները, քաղաքագէտները, լրագրողները խօսում են յետխորհրդային էթնոքաղաքական հակամարտութիւնների ինտերնացիոնալացման անհրաժեշտութեան մասին որպէս դրանց շուտափոյթ կարգաւորման կարեւորագոյն նախադրեալ։ Նրանք թերահաւատ են Կովկասում եւ Սեւծովեան տարածաշրջանում Մոսկւայի բացառիկ դերի նկատմամբ։ Յայտնի բրիտանացի կովկասագէտ Թոմաս դէ Վաալի կարծիքով` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաւասարակշռութիւն պահպանելը նշանակում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ Արցախում օրակարգ սահմանել»։

Ամենեւին դատարկ հարց չէ, իսկ այդ հաւասարակշռութեան պահպանմանն ի՞նչ իրական այլընտրանք կայ։ Աբխազիայի, Հարաւային Օսեթիայի, Մերձդնեստրի կամ Դոնբասի հետ կապւած Մոսկւային յաճախ քննադատում էին «միակողմանի միջամտութեան» համար։ Յօդւածի ծաւալը թոյլ չի տալիս նման մեղադրանքներին մանրակրկիտ հակադարձել։ Կը նշեմ միայն, որ ռուսական մօտեցումները բոլոր վերոնշեալ դէպքերում քարացած չէին, դրանք էւոլիւցիայի էին ենթարկւում, ներառում ոչ միայն պրոակտիւ, այլեւ յաճախ ռեակտիւ գործողութիւններ։

Պատկերացնենք, որ Մոսկւան ինչ-ինչ պատճառներով որոշել է յետ քաշւել Արցախի հարցում իր ակտիւ միջնորդական առաքելութիւնից։ Արդեօ՞ք պատրաստ է ԵՄ-ն, մարզիկների լեզւով ասած, «խաղն իր վրայ վերցնել»։ Հռետորական հարց է։ Յատկապէս, եթէ նայենք գոնէ «Արեւելեան գործընկերութեան» գործարկման պահից սկսած այս 10-ամեայ ժամանակաշրջանին։ Բաքւի եւ Երեւանի հաշտեցման ի՞նչ «կրեատիւ ծրագրեր» են յայտնւել այս ընթացքում Բրիւսէլում` ստատուս-քւոյի անթոյլատրելիութեան վերաբերեալ քրոնիկ բողոքից ու ռուսական «diplomatic superiority»-ից բացի։

Ինչպէս ԳԴՀ ԱԳՆ-ին, այնպէս էլ եւրոպական կառոյցներին խորհրդատւութիւն տրամադրող հեղինակաւոր գերմանացի փորձագէտ Սաբինա Ֆիշերի խօսքով` արցախեան հակամարտութեան կարգաւորման հարցում ԵՄ դերը «շատ չնչին է»։ Նրա տեսանկիւնից, առաջին քայլը կարող էր լինել «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ու հայ եւ ադրբեջանցի հասարակութեան միջեւ վստահութիւնն ամրապնդելուն, ինչպէս նաեւ ԼՂՀ քաղաքացիական հատւածը ներգրաւելուն ուղղւած ծրագրերի ֆինանսաւորման ընդլայնումը»։

Բայց կարո՞ղ է արդեօք «երրորդ սեկտորը», որն այդքան ակտիւօրէն յիշատակում են եւրոպացի քաղաքական գործիչներն ու փորձագէտները, փոխարինել պրոֆեսիոնալ դիւանագէտներին եւ քաղաքական գործիչներին։ Եւ կարեւորը` ստանձնել պայմանաւորւածութիւնների իրագործման պատասխանատւութիւնը։ Եւ արդեօ՞ք շատ էին խաղաղութեան հաստատման իսկապէս առաջընթաց ապահովող գաղափարներ մշակւել լայն գովազդւած «ներգրաւման» արդիւնքում։

Միեւնոյն ժամանակ, հազւադէպ չեն դէպքերը, երբ հէնց քաղաքացիական ակտիւիստներն են ընդդիմախօսների նկատմամբ աւելի խիստ մօտեցումների կողմնակից լինում։

Այս կապակցութեամբ նկատենք, որ Երեւանի մօտեցումները հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ (ԼՂՀ ուղիղ ներգրաւման գաղափարով) աւելի խիստ դարձան հէնց «թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ, երբ քաղաքացիական ակտիւիստներից շատերը իշխանութեան եկան։

Խաղաղ գործընթացի ինտերնացիոնալացման թեմային վերադառնալով` պէտք է նաեւ նկատի ունենալ, որ ոչ միայն Ռուսաստանն է ԵԱՀԿ ՄԽ անդամ եւ համանախագահ։ Աւելին, անկախ Ուկրայինայի եւ այլ սուր միջազգային հակամարտութիւնների վերաբերեալ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ առկայ բոլոր տարաձայնութիւններից, արցախեան ուղղութեամբ Մոսկւան պատրաստ է համագործակցել։ Բնականաբար, վստահելի փոխգործակցութեան հիման վրայ։ Թէեւ հազիւ թէ այդպիսին կարելի է համարել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնի յայտարարութիւնները, որոնք նա արել էր անցած տարւայ իր կովկասեան շրջագայութեան ժամանակ։

 

Եւրոպականացումը փրկութիւն չէ

Եւ վերջինը (հերթականութեամբ, սակայն ոչ կարեւորութեամբ)։ Արցախի հարցով բրիւսէլեան կոլիզիան յստակ ցոյց տււեց, որ «Արեւելեան գործընկերութիւնը» յետխորհրդային 6 երկրների համար իրապէս միաւորիչ նախագիծ չդարձաւ։ Չափազանց տարբեր են նրանց շահերն ու ռազմավարական նպատակները։

ԵՄ այս նախաձեռնութեան իրականացման տասը տարիների ընթացքում նախագծի մասնակիցների կէսը (Մոլդովան, Վրաստանը, Ուկրայինան) քայլեր արեցին, որոնք իրենք դիտարկում են որպէս լուրջ առաջընթաց եւրոպական ինտեգրման ճանապարհին։ Միեւնոյն ժամանակ Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը ցոյց տւեցին, որ իրենց համար եւրոպական ուղղութիւնը կարեւոր, բայց ոչ միակ նշանակալի արտաքին քաղաքական վեկտորն է։ Եւ եթէ Երեւանն ու Մինսկը դարձան ԵԱՏՄ մասնակիցներ, ապա Բաքուն շարունակեց հետեւել ինտեգրացիոն միաւորումներից հեռու մնալու սկզբունքին։

Այս 6 երկրներից իւրաքանչիւրը տարբեր ձեւ է նայում եւ՛ Մոսկւային, եւ՛ նրա արտաքին քաղաքական ջանքերին։ Այստեղ նւյնիսկ պայմանական արեւմտամէտ եւ եւրասիականամէտ «ճամբարների» շրջանակում իրենց նիւանսները կան։ Նոյնիսկ ոչ միայն «ճամբարների», այլ մէկ երկրի ներսում, վերցնենք թէկուզ Մոլդովան։ Այս համատեքստում, առնւազն, միամիտ կը լինի «եւրոպականացման» մէջ տեսնել հակամարտութեան կարգաւորման գլխաւոր ուղի։ Եւ առաւել եւս, մերժել այն իրական ձեռքբերումները, որոնց հնարաւոր է եղել հասնել Ռուսաստանի շնորհիւ. նախեւառաջ՝ ԼՂՀ շուրջ ռիսկերի եւ վտանգների նւազեցումը։

Յարակից լուրեր

  • «Մեզ Վրաստանը պէտք չէ, մենք չունենք այդքան միջոցներ, իսկ եթէ որոշ ուժեր որոշեն փակել Վերին Լարսը, խնդիրներ կառաջանան». Ս. Տարասով
    «Մեզ Վրաստանը պէտք չէ, մենք չունենք այդքան միջոցներ, իսկ եթէ որոշ ուժեր որոշեն փակել Վերին Լարսը, խնդիրներ կառաջանան». Ս. Տարասով

    Վրաստանում ստեղծւած իրավիճակը շատ բարդ է: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ռուսաստանցի քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը: Նա նշեց, որ իրադարձութիւնները հասունանում էին դեռ այն ժամանակ, երբ Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին բարձրացրել էր Ադրբեջան-Վրաստան սահմանում գտնւող եկեղեցու հարցը, ինչից էլ ակնյայտ դարձաւ, թէ «կրօնական հարցերը որքան սուր են ընկալւում»:

  • «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան
    «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան

    ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ դրանց հետեւանքներին Հայաստանի վրայ:

  • Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը
    Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը

    Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

  • Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը
    Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը

    Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում ներկայումս պահւում է շուրջ 100 իրանցի դատապարտեալ: Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Փաստաբանների պալատների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

  • Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը
    Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

    Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։