Հա

Քաղաքական

25/05/2019 - 14:10

Ազատ տնտեսական գօտիների շուրջ

Համաշխարհային տնտեսութիւնում աստիճանաբար ամրապնդւում է յատուկ կամ ազատ տնտեսական գօտիների (ԱՏԳ) դերակատարութիւնը։ ԱՏԳ-ները սկսեցին ձեւաւորւել դեռ նախորդ դարի 50-60-ականներին։ 1990-ականներին, տարբեր հաշւարկներով, աշխարհում գործում էր աւելի քան 1000 ԱՏԳ։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Միջազգային պրակտիկան

Համաշխարհային տնտեսութիւնում աստիճանաբար ամրապնդւում է յատուկ կամ ազատ տնտեսական գօտիների (ԱՏԳ) դերակատարութիւնը։ ԱՏԳ-ները սկսեցին ձեւաւորւել դեռ նախորդ դարի 50-60-ականներին։ 1990-ականներին, տարբեր հաշւարկներով, աշխարհում գործում էր աւելի քան 1000 ԱՏԳ։

ԱՏԳ-ները տւեալ պետութեան առանձնացւած տարածք է, որտեղ գործում են արտօնեալ դրամավարկային, հարկային, մաքսային եւ այլ գործառոյթներ։ ԱՏԳ-ն իրենից ներկայացնում է տնտեսական ինտեգրացիոն հարթակ, որը հնարաւորութիւն է տալիս տւեալ ազգային տնտեսութեանը, համագործակցելով տարբեր երկրների պետական ու մասնաւոր կազմակերպութիւնների հետ, ներգրաւելու ներդրումներ ու ֆինանսական հոսքեր տարբեր ոլորտներում։ ԱՏԳ-ները մեծապէս նպաստում են նաեւ տւեալ գօտու յարակից շրջանների ու բնակավայրերի սոցիալ-տնտեսական, ենթակառուցւածքների զարգացմանը։ ԱՏԳ-ները կարեւոր նշանակութիւն ունեն երկրի ազգային տնտեսութիւնը համաշխարհային շուկային ինտեգրելու տեսանկիւնից՝ պայմանաւորելով համաշխարհային տնտեսութիւնում ազգային տնտեսական կապիտալի կշիռը։ Դրանց ձեւաւորումը կարող է էական դերակատարութիւն ունենալ ինչպէս երկրի տնտեսութեան աճի ապահովման համար` առհասարակ, այնպէս էլ ազգային տնտեսութեան առաջատար կամ թոյլ զարգացած ճիւղերի առաջմղման համար։

ԱՏԳ-ների հիմնական գործառոյթներից կարելի է առանձնացնել արդիւնաբերական-արտադրական, առեւտրային, ծառայութիւնների (զբօսաշրջային, բանկային եւ այլն) ոլորտները։ Ըստ գործունէութեան դասակարգման` վերջին տարիներին նկատելի է գիտատեխնոլոգիական ԱՏԳ-ների ստեղծման պահանջարկը։ Մեծ տարածում ունեն մասնաւորապէս նորարարական կենտրոնները, տեխնոպարկերն ու, այսպէս կոչւած, տեխնոպոլիսները։

Տեխնոպարկն իրենից ներկայացնում է գիտատեխնոլոգիական անհրաժեշտ ինտեգրացիոն հարթակ, որտեղ նորարարական, տեխնոլոգիական նախագծերով ու առաջարկներով հանդէս են գալիս գիտահետազօտական ինստիտուտներ, բուհեր, գործարար կենտրոններ եւ այլն։ Տեխնոպարկերը առաջին անգամ սկսել են ձեւաւորւել Միացեալ Նահանգներում 1950-ականներին։ 1970-ականներին դրանք տարածում գտան նաեւ եւրոպական տարածքում։

Տեխնոպոլիսների ձեւաւորման ակունքները նոյնպէս գալիս են Միացեալ Նահանգներից եւ առնչւում 1950-ականներին։ Առաջին տեխնոպոլիսներից է յայտնի Սիլիկոնային հովիտը։ Տեխնոպոլիսներ ստեղծւեցին Եւրոպայում եւ Ճապոնիայում նախորդ դարի 80-ականներին։

2000-ականների կէսերի դրութեամբ` ԱՄՆ-ում գործում էր աւելի քան 160 տեխնոպարկ` աշխարհում առկայ տեխնոպարկերի աւելի քան 30%-ը։ 80-ականներին Ճապոնիայի կառավարութեան «Տեխնոպոլիս» կոչւող ծրագիրն անկիւնաքարային եղաւ երկրի ռեգիոնալ զարգացման համար՝ տնտեսութեան ու արդիւնաբերութեան գիտահեն կառուցւածքի անցման պայմաններում։ 1990-ականներից տեխնոպարկեր սկսեցին ձեւաւորւել նաեւ Ռուսաստանում։ 1990-2015 թթ. ընկած ժամանակահատւածում միայն Ռուսաստանում ստեղծւել էր շուրջ 180 տեխնոպարկ։ 1998 թ. դրութեամբ` աշխարհում հաշւում էր աւելի քան 400 տեխնոպարկ։ 1988 թ. Չինաստանում սկսեց գործել առաջին տեխնոպարկը, 2000-ականների կէսերին դրանց քանակը արդէն աւելի քան 120 էր։

ԱՏԳ-ների գծով միջազգային փորձը ցոյց է տալիս, որ այդ գօտիների ստեղծման գործում առաջնային է պետութեան մասնակցութիւնը։ Որպէս կանոն` դա դրսեւորւում է նախեւառաջ քաղաքական-դիւանագիտական նախաձեռնողականութեամբ, երկրի ղեկավարութեան կողմից պետութիւն-մասնաւոր սեկտոր փոխգործակցութեան խթանման համապատասխան քաղաքականութեամբ։

 

Չինաստանի փորձը

ՉԺՀ ղեկավարութիւնը վերջին տասնամեակներում մեծ կարեւորութիւն է տալիս ԱՏԳ-ների ձեւաւորման հարցերին՝ դիտարկելով դրանք «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնութեան շրջանակում։ Չինաստանը ակտիւ աշխատանքներ է տանում ԱՏԳ-ների ձեւաւորմանը ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ արտերկրում։

Չինաստանում առաջին ԱՏԳ-ները սկսեցին ձեւաւորւել 1980-ականների կէսերից։ Դրանց զարգացմանը նպաստեց այդ երկրի ղեկավարութեան որդեգրած` «Բաց դռների» քաղաքականութեան ռազմավարութիւնը։ Պաշտօնական տւեալներով` 2014 թ. դրութեամբ, Չինաստանի արեւելեան հատւածում գործող 5 խոշոր ԱՏԳ-ների արտաքին առեւտրի շրջանառութեան ընդհանուր ծաւալը աւելի քան 650 մլրդ. ԱՄՆ դոլար էր։

Չինաստանում այսօր գործում են աւելի քան 1.5 տասնեակ ազատ մաքսային գօտիներ (ԱՄԳ)։ Չինական ԱՄԳ-ների արտաքին առեւտրաշրջանառութեան ընդհանուր ծաւալը 2013 թ. 318 մլրդ. ԱՄՆ դոլար էր։

2008 թ. դրութեամբ` պետական մակարդակի չինական բոլոր ԱՏԳ-ների համախառն արդիւնքի ընդհանուր ծաւալը կազմում էր 1.5 տրլն. ԱՄՆ դոլար, դա երկրի ՀՆԱ-ի 5%-ն էր։ ԱՏԳ-ներին բաժին էր ընկնում Չինաստանի ամբողջ արտաքին առեւտրաշրջանառութեան աւելի քան 15%-ը։ 2007 թ. դրութեամբ` Չինաստանի ԱՏԳ-ներում ներգրաււած արտերկրեայ ներդրումների ընդհանուր ծաւալը կազմում էր աւելի քան 17 մլրդ. ԱՄՆ դոլար, որն այդ երկրի տնտեսութիւնում ներգրաււած ուղիղ արտերկրեայ ներդրումների 1/3 մասն էր։

Չինաստանի ղեկավարութիւնը մեծ կարեւորութիւն է տալիս «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան համատեքստում տարբեր տարածաշրջաններում ու երկրներում համատեղ ԱՏԳ-ների ստեղծման հարցերին։ Մասնաւորապէս` այդ ուղղութեամբ զգալի աշխատանքներ են կատարւում յետխորհրդային տարածքում։ Այսօր գործում են աւելի քան 2 տասնեակ ռուս-չինական համատեղ ԱՏԳ-ներ, որոնք ունեն առեւտրային, արդիւնաբերա-արտադրական, տեխնոլոգիական ուղղւածութիւն։

Չինաստանի ու Բելառուսի երկկողմ տնտեսական համագործակցութեան ամենախոշոր նախագիծը «Մեծ քար» արդիւնաբերական պարկն է, որտեղ գործում են առեւտրային, արդիւնաբերական, գիտատեխնոլոգիական եւ այլ ուղղւածութեան կենտրոններ ու ներկայացուցչութիւններ։ Բելառուսի իշխանութիւնների գնահատմամբ` արդիւնաբերական պարկը երկարաժամկէտ հեռանկարում կարող է արտահանումից ապահովել տարեկան մի քանի տասնեակ մլրդ. ԱՄՆ դոլար։

Վերջին տարիներին չինական կողմը ակտիւ բանակցութիւններ էր վարում Վրաստանի կառավարութեան հետ առեւտրի ազատականացման հարցերի շուրջ, ինչն ամրագրւեց ազատ առեւտրի մասին համաձայնագրով։

 

Հարցի կարեւորութիւնը հայաստանեան դիտանկիւնից

Համատեղ ԱՏԳ-ների ստեղծման հարցը շարունակում է պահպանել ակտուալութիւնը հայկական կողմի համար։ Նման նախաձեռնութիւններն առաջնահերթ կարեւորութիւն ունեն Հայաստանի տնտեսական-քաղաքական ապաշրջափակման քաղաքականութեան համատեքստում։ Ընդ որում` հաւասարապէս դիտարկելի է ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտերկրում հայկական կողմի համամասնակցութեամբ ԱՏԳ-ների ստեղծման հնարաւորութիւնը։ Տեսանելի է դրա իրագործման հաւանականութիւնը յատկապէս ԵԱՏՄ եւ յետխորհրդային ինտեգրացիոն տիրոյթում։ Հայկական կողմի համար մեծ նշանակութիւն է տրւում այդ թւում ՉԺՀ-ի հետ փոխգործակցութեան հարցերին։ Սա իսկապէս կարող է շօշափելի արդիւնքներ տալ, մասնաւորաբար, Հայաստանի վարչապետ Փաշինեանի՝ վերջերս ՉԺՀ իրականացրած աշխատանքային այցից յետոյ։ Յիշեցնենք, որ չինական կողմը պատրաստակամութիւն էր յայտնել մասնակցելու Հայաստանի Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու կառուցման եւ այլ ենթակառուցւածքային ծրագրերի իրականացմանը: Աւելին` այդ գործում չինական կողմի ներգրաււածութեամբ հնարաւորութիւններ կարող են բացւել նաեւ Մեղրիի ազատ առեւտրի գօտու տնտեսական աշխուժացման համար։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը
    Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

    Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

  • Հիբրիդային պատերազմներ
    Հիբրիդային պատերազմներ

    Վերջին տասնամեակներում վերաիմաստաւորւեցին ռազմական գործողութիւնների վարման նախկին մօտեցումները։ Դասական լայնածաւալ ռազմական գործողութիւնների նախաձեռնման ու վարման տակտիկան սկսեց կորցնել իր արդիւնաւէտութիւնը։ Պատճառները թերեւս մի քանիսն էին:

  • Հնարաւորինս պէտք է կրճատել կանխիկը Հայաստանի տնտեսութեան մէջ
    Հնարաւորինս պէտք է կրճատել կանխիկը Հայաստանի տնտեսութեան մէջ

    ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի կարծիքով՝ տնտեսութեան ստւերայնութեան հիմնական պատճառներից մէկը կանխիկ առեւտրի մեծ ծաւալն է։

  • Ուժի դիւանագիտութիւն (Power diplomacy)
    Ուժի դիւանագիտութիւն (Power diplomacy)

    Մասնագիտական գրականութեան մէջ առանձնացւում են ուժային քաղաքականութեան, դիւանագիտութեան մի շարք տեխնոլոգիաներ կամ մեթոդներ, որոնց էլ կանդրադառնանք սոյն նիւթում։ Թէեւ միջազգային յարաբերութիւններում ուժի դիւանագիտութեան մեթոդները նոր չեն կիրառութիւն ստացել, այդուհանդերձ, վերջին տարիներին դրանց մասնագիտական սահմանումներ տալու անհրաժեշտութիւն է առաջացել։ Սա թերեւս պայմանաւորւած է նոր աշխարհակարգում առանձնացւած մեթոդների տեսութեան զարգացման եւ կիրառութեան շրջանակների ընդլայնման իրողութիւններով։    

  • Մտաւոր կապիտալ
    Մտաւոր կապիտալ

    Սակայն դա առաջին հայեացքից է այդպէս երեւում։ Իրականում, էներգետիկ պաշարների առկայութիւնը ենթադրում է դրանց արդիւնահանման, վերամշակման ու շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ներդրում։ Արդիւնքում` բնական ռեսուրսներ յայտնաբերած երկրները, չունենալով անհրաժեշտ մտաւոր կապիտալ, ներգրաւում են արտերկրի մտաւոր կապիտալը՝ էներգետիկ ռեսուրսների շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ձեւաւորման նպատակով։ Արտերկրեայ մտաւոր կապիտալը, որպէս կանոն, գործում է մի քանի անգամ բարձր վարձատրութեամբ, քան դա կարող էր լինել ազգային մտաւոր կապիտալի դէպքում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։