Հա

Քաղաքական

30/05/2019 - 12:40

Ոչ միայն ծովային, այլ նաեւ ցամաքային սահմանագծում. Բէյրութի նախապայմանը

ԱՄՆ պետքարտուղարի միջինարեւելեան հարցերով օգնական Դէյւիդ Սեթըրֆիլդի՝ երկու շաբաթւայ ընթացքում Բէյրութ կատարած երրորդ այցելութիւնից պարզ է դառնում, որ Վաշինգտոնը Իսրայէլ-Լիբանան ծովային սահմանագծման գործընթացի համար լծւել է մաքոքային դիւանագիտութեան։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

 

ԱՄՆ պետքարտուղարի միջինարեւելեան հարցերով օգնական Դէյւիդ Սեթըրֆիլդի՝ երկու շաբաթւայ ընթացքում Բէյրութ կատարած երրորդ այցելութիւնից պարզ է դառնում, որ Վաշինգտոնը Իսրայէլ-Լիբանան ծովային սահմանագծման գործընթացի համար լծւել է մաքոքային դիւանագիտութեան։

Վիճելի ջրային տարածքը՝ 860 քառ. կմ. տարածք է, որի սահմանագծումը նախապայման է օգտագործման գործընթացը մեկնարկելու եւ դրանով իբրեւ նախապատրաստութիւն բանակցութիւններ վարելու ձեւաչափերն ու մեխանիզմները ճշտելու։

Չպէտք է մոռանանք, որ հիմնական բարդութիւնը երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների չգոյութիւնն է. առաւել եւս պատերազմական նախադէպերը նկատի ունենալով՝ թշնամական յարաբերութիւնների ընդհանուր դրւածքը։

Առաջին հայացքից, նման դէպքերում իրականացւում է միջնորդական առաքելութիւն։ Իրաւականօրէն, նաեւ համոզիչ հիմնաւորումով, ՄԱԿ-ը, որ կապոյտ գօտու վերահսկումով իրականացնում է խաղաղապահ առաքելութիւն, իրաւասու պէտք է լինի նախաձեռնելու սահմանագծման նման աշխատանքներ։

Վաշինգտոնի ուղղակի ներգրաււածութիւնը այս ծրագրին եւ յատկապէս մաքոքային դիւանագիտութիւն նախաձեռնելով օրակարգին հրատապութիւն հաղորդելը ենթադրում է շահագրգռւածութեան որոշակի աստիճանաչափ։

Եթէ նկատի ունենանք, որ կողմերից մէկը ամերիկեան հովանոցի պաշտպանւածութիւնը կրող Իսրայէլն է, առաւել եւս քաղաքական առումով ըմբռնւում է օրակարգի հրատապութիւնն ու նրա առաջին պլան գալու ամերիկեան վճռորոշման երեւոյթը։

Ամերիկեան ուղերձները Բէյրութին միշտ նկատի են ունեցել Թել Աւիւի գործօնը։ Օժանդակութիւնների նախապայմանային բնոյթից մինչեւ քաղաքական պաշտօնական յայտարարութիւններ ենթատեքստերը հետեւողականօրէն իսրայէլեան ձեռագրերի յուշումներ են կատարել։

Հիմա պարզ է կիրառւածը։ Թել Աւիւի դրսեւորած նախնական անհամաձայնութիւնը միջնորդական մրցավարի դերը վստահելու ՄԱԿ-ին, թւում է, որ բանակցային խաղաթուղթ է։ Այդ վերապահութիւնը մասամբ վերացւել է եւ լիբանանեան կողմին փոխանցւել, որ Իսրայէլը համաձայն է ՄԱԿ-ին նման դերակատարութիւն վստահելու. աւելի ճիշտ՝ ՄԱԿ-ը եւս ներգրաւելու։ Սակայն, այս եղանակով պարզ է դառնում, որ ծովային սահմանագծման քաղաքական համաձայնութիւնը կը գոյանայ ամերիկեան միջնորդութեամբ, մնացեալ տեխնիկական աշխատանքի իրականացումը վստահելով ՄԱԿ-ին։

Իրանի դէմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականութեան հետեւանքային ալիքը հարւածում է նաեւ Լիբանանի ֆինանսատնտեսական դաշտին։ Մինչ, ծովային պեղումների մեկնարկը կարող է նախանշել տնտեսական իրավիճակի բարելաւման ընթացք։ Մի կողմից սեղմել, միւս կողմից հեռանկար ցոյց տալու ամերիկեան հերթական մօտեցումը վերադրսեւորւում է այս առիթին եւս։

Բանակցութիւնների մեկնարկը յարաբերութիւնների բնականոնացում ենթադրող քայլ է. անկախ Իսրայէլին էներգիայի նոր պաշարների հայթայթման առաջադրանքից, քաղաքական իմաստով նաեւ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների հաստատման միտումով կարող է բացատրւել Վաշինգտոնի դրսեւորած մաքոքայնութիւնը։

Պաշտօնական Բէյրութի դիւանագիտական արձագանքում այս հրատապութեան, կը բխի համալիբանանեան քաղաքական շահերից։ Բէյրութը սահմանագծումը ընկալում է համընդգրկուն հասկացութեամբ, այսինքն՝ ոչ միայն ծովային, այլ նաեւ ցամաքային սահմանագծման հրամայականով։ Ահա այստեղ է արծարծւում Շըպայի եւ Քըֆարշուբայի տարածքային խնդիրները։

Պետքարտուղարի օգնականը յայտարարում էր, որ Թել Աւիւը ընդառաջում է Բէյրութի երկու պահանջներին։ Բանակցութիւններին ՄԱԿ-ի ներգրաււածութեան եւ ծովային սահմանագծման ներառելու է նաեւ ցամաքայինը։

Թւում է, որ բանակցային գործընթացի նոր փուլ է թեւակոխում Բէյրութ-Թել Աւիւ հակամարտութիւնը։ Առ այս պահը ամերիկացի նախագահը, ի տարբերութիւն Գոլանի, չի յայտարարել լիբանանեան տարածքների վրայ իսրայէլեան գերիշխանութիւնը։

 

«Ազդակ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։