Հա

Քաղաքական

08/06/2019 - 14:20

Ուժի դիւանագիտութիւն (Power diplomacy)

Մասնագիտական գրականութեան մէջ առանձնացւում են ուժային քաղաքականութեան, դիւանագիտութեան մի շարք տեխնոլոգիաներ կամ մեթոդներ, որոնց էլ կանդրադառնանք սոյն նիւթում։ Թէեւ միջազգային յարաբերութիւններում ուժի դիւանագիտութեան մեթոդները նոր չեն կիրառութիւն ստացել, այդուհանդերձ, վերջին տարիներին դրանց մասնագիտական սահմանումներ տալու անհրաժեշտութիւն է առաջացել։ Սա թերեւս պայմանաւորւած է նոր աշխարհակարգում առանձնացւած մեթոդների տեսութեան զարգացման եւ կիրառութեան շրջանակների ընդլայնման իրողութիւններով։    

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Մասնագիտական գրականութեան մէջ առանձնացւում են ուժային քաղաքականութեան, դիւանագիտութեան մի շարք տեխնոլոգիաներ կամ մեթոդներ, որոնց էլ կանդրադառնանք սոյն նիւթում։ Թէեւ միջազգային յարաբերութիւններում ուժի դիւանագիտութեան մեթոդները նոր չեն կիրառութիւն ստացել, այդուհանդերձ, վերջին տարիներին դրանց մասնագիտական սահմանումներ տալու անհրաժեշտութիւն է առաջացել։ Սա թերեւս պայմանաւորւած է նոր աշխարհակարգում առանձնացւած մեթոդների տեսութեան զարգացման եւ կիրառութեան շրջանակների ընդլայնման իրողութիւններով։

  

Փափուկ եւ կոշտ ուժի դիւանագիտութիւն

«Փափուկ ուժ» (Soft power) հասկացութիւնը սահմանել է ամերիկացի յայտնի քաղաքագէտ Ջոզէֆ Նայը դեռեւս նախորդ դարի 80-ականներին։ Այդ հարցերին նա մանրամասն անդրադարձել է 1990 և 2004թթ. լոյս տեսած իր երկու աշխատութիւններում (մանրամասն տե՛ս http://www.kropfpolisci.com/exceptionalism.nye.pdfhttps://www.academia.edu/28699788/Soft_Power_the_Means_to_Success_in_World_Politics_-_Joseph_S._Nye_Jr

«Փափուկ ուժ» հասկացութիւնում ընդգծւում էր հոգևոր-գաղափարական, քաղաքակրթական-մշակութային արժէքների կարեւորութիւնը։ Առանձնակի նշանակութիւն էր տրւում միջազգային յարաբերութիւններում տւեալ պետութեան միջազգային կշռի ու հեղինակութեան ամրապնդման, ազդեցութեան տարածման հարցերում այնպիսի գործօններին, ինչպիսիք են լեզուն, մշակոյթը, կրօնը եւ այլն։ Ինչպէս նշւեց, մասնագիտական տեսութիւնում ուժի դիւանագիտութեան հասկացութիւնների սահմանումները թէեւ մի քանի տասնամեակների պատմութիւն ունեն, սակայն դրանց կիրառութիւնը գալիս է դարերի խորքից։ Փափուկ ուժի դիւանագիտական հնարքների մասին անդրադարձներ գտնում ենք հին չինական փիլիսոփայութիւնում։ Որպէս փափուկ ուժի դասական օրինակ` նշւում էր կանացիութիւնը, կանացի գրաւչութիւնը։  

Պատահական չէ, որ մասնագիտական գրականութիւնում փափուկ ուժի դիւանագիտութիւնը ներկայացւում է նաեւ որպէս համոզմունքների, գրաւչութեան դիւանագիտութիւն՝ ստանալով «գրաւիչ ուժ» (Attractive power) սահմանումը: Եւ իսկապէս, փափուկ ուժը տւեալ պետութեան կողմից առանց բռնութեան կամ ճնշման, գործընկերների կամաւոր մասնակցութեան ապահովմամբ դրւած նպատակին հասնելու ունակութիւնն է։

Փափուկ ուժի դիւանագիտութիւնը մեծ աւանդոյթներ ունի չինական դպրոցում։ Վերջին տարիներին Չինաստանի իշխանութիւնները մեծապէս կարեւորում են արտերկրում չինարեն լեզւի ու ազգային մշակոյթի տարածման քաղաքականութիւնը։ Արտերկրում մեծ տարածում ունեն Կոնֆուցիոսի կենտրոնները։

Փափուկ ուժի կիրառման զգալի փորձ է կուտակել նաև Ռուսաստանը՝ իր «Русский мир» միջազգային նախագծով։ Վերջին տարիներին ռուսաստանեան բուհերը յատուկ կրթական ծրագրեր են ներկայացնում արտերկրից ուսանողների հոսքերի ապահովման նպատակով։ Այդ հարցում յաջողութիւններ են արձանագրւել յատկապէս Չինաստանից ուսանողների ներգրաւման ուղղութեամբ։ Այսօր  չինացի ուսանողները սովորում են Ռուսաստանի շուրջ 85 քաղաքների աւելի քան 150 համալսարաններում:

Դարերի պատմութիւն ունի փափուկ ուժի հնդկական փորձը։ Ըստ փորձագէտների` Հնդկաստանի կերպարը համեմատւում էր կանացիությեան հետ, որը մարմնաւորում էր արեւելեան եւ ազգային մշակոյթը, հնդկական փիլիսոփայութիւնը, կրօնն ու Հնդկաստանի հզօրութիւնը։ Ժամանակակից Հնդկաստանը փորձում է աշխարհին ներկայանալ տեխնոլոգիաների ու նորարարութիւնների բրենդով՝ այն համատեղելով հոգեւոր-մշակութային ժառանգութեամբ, նաեւ՝ կինեմատոգրաֆիայով, նորաձեւութեամբ եւ այլն։

Փափուկ ուժի դիւանագիտական հնարքների, տեխնոլոգիաների բազմազանութեամբ ու դրանց կիրառութեան հարուստ փորձով առաջատարներից է Միացեալ Նահանգները։ Մասնագիտական գրականութիւնում ամերիկեան փափուկ ուժը ներկայացւում է որպէս դասական դիւանագիտութիւն։ Առաջնակարգ նշանակութիւն է տրւում ամերիկեան կենսակերպին, ազատութեան (Liberty) գաղափարին, որը փորձում են որպէս բրենդ տարածել արտերկրում։ Մեծ տեղ է յատկացւում լեզւին, կինեմատոգրաֆիային, ժամանակակից երաժշտութեանը եւ այլն։ Քաղաքական գործընթացների առումով փափուկ ուժի տեխնոլոգիաներից են Վաշինգտոնի՝ ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերում առաջ քաշած ռազմավարական մօտեցումները։ ԱՄՆ-ում այսօր փորձում են համատեղել փափուկ ուժի դիւանագիտութեան մշակութային բաղադրիչը նորարարութիւններով, գիտատեխնոլոգիական առաջընթացով ու կրթութեամբ։   

Ջոզէֆ Նայի գնահատականով` փափուկ ուժը կարեւոր գործօն է եղել Սառը պատերազմում ԽՍՀՄ-ի նկատմամբ ԱՄՆ-ի յաղթանակի հարցում։ Նա առանձնացնում է ամերիկեան կրթական կենտրոնների դերը, որտեղ ուսում են ստանում արտերկրի ուսանողները, որն ամերիկեան արժէքների վերաբերեալ դրական կերպար ու բրենդ է ձեւաւորում նրանց գիտակցականում։

Փորձագէտներից ոմանք այն կարծիքն են առաջ քաշում, որ գունաւոր յեղափոխութիւնները նոյնպէս մշակւել են փափուկ ուժի դիւանագիտութեան տեխնոլոգիական գործիքակազմով (աւելի մանրամասն՝ http://www.spa.msu.ru/uploads/files/publikazii/russianjls_2016_1_naumov.pdf)։ Այդ մօտեցման համաձայն` գունաւոր յեղափոխութիւնների կարեւոր առանձնայատկութիւններից մէկն այն էր, որ այն, որպէս կանոն, ուղեկցւում է ոչ բռնի ճանապարհով, ինչը «փափուկ ուժ» հասկացութեան գլխաւոր բնութագրիչներից է։

Ամերիկացի քաղաքագէտը դիտարկում է «փափուկ ուժ» հասկացութիւնը նաեւ ՆԱՏՕ-ի համատեքստում։ Ըստ նրա դիտարկման` ՆԱՏՕ-ի փափուկ ուժ ասելով` պէտք է հասկանալ այն, որ Դաշինքը դուրս է գալիս զուտ ռազմական կամ պաշտպանական գործունէութեան սահմաններից եւ իր առաքելութիւնը կենտրոնացնում է հանրային դիւանագիտութեան ուղղութեամբ՝ կառոյցը հանրութեան համար գրաւիչ եւ ընկալելի դարձնելու նպատակներով։

Փափուկ ուժի վարկանիշային` 2018 թ. զեկոյցում (A Global ranking of Soft power) առանձնացւած 30 պետութիւնները գլխաւորում է Մեծ Բրիտանիան, որին յաջորդում են Ֆրանսիան ու Գերմանիան։ 4-րդ հորիզանականում է Միացեալ Նահանգները։ Ըստ վարկանիշային այս զեկոյցի` փափուկ ուժի համաշխարհային ազդեցութեան ցուցիչով` առաջատար են եւրոպական երկրները։ Մեծ Բրիտանիայի պարագայում, որպէս փափուկ ուժի հիմնական գործիքներ, նշւում են մշակոյթը, կինեմատոգրաֆիան, երաժշտութիւնը եւ այլն։ Որպէս փափուկ ուժի կիրառման արդիւնաւէտ օրինակ` զեկոյցում առանձնացւում էր Անգլիայի Պրեմիեր լիգան (աղբիւրը՝ https://softpower30.com/wp-content/uploads/2018/07/The-Soft-Power-30-Report-2018.pdf)։ 

Ի տարբերութիւն փափուկ ուժի, կոշտ ուժը (Hard power) ելնում է ուժի ճնշման մեթոդաբանութիւնից։ Շատ յաճախ կոշտ ուժի քաղաքականութիւնն ուղեկցւում է  երկրի ռազմական կամ տնտեսական լծակների, պատժամիջոցների բանեցմամբ` բանկային հաշիւների, ակտիւների սառեցման միջոցով։ Յաճախ դրանք կիրառւում են միասին։ Մասնագիտական գրականութիւնում կոշտ ուժը սահմանւում է նաեւ որպէս ագրեսիւ ուժ։

 

Խելամիտ ուժ

Դիւանագիտութեան կամ քաղաքականութեան բաւական լայն լծակների հնարաւորութիւն է ընձեռում խելամիտ ուժ (Smart power) մեթոդը: Մեթոդի վերաբերեալ մասնագիտական սահմանում կրկին գտնում ենք Ջոզէֆ Նայի քաղաքագիտական աշխատութիւններում։ Նայը, խելամիտ ուժ ասելով, հասկանում է կոշտ եւ փափուկ դիւանագիտութեան փոխլրացման, համատեղման քաղաքականութիւնը։ Խելամիտ ուժը ներառում է դիւանագիտական, քաղաքական, ուժային-ռազմական, տնտեսական, մշակութային-հոգեւոր եւ այլ ուղղութիւններով լծակներն ու գործիքակազմը։

Խելամիտ ուժի մեթոդը կոնցեպտուալ կիրառութիւն սկսեց ունենալ Միացեալ Նահանգներում` 2000-ականներից սկսած։ Հայեցակարգի հիմնական դրոյթներից մէկն այն էր, որ Միացեալ Նահանգներին անհրաժեշտ է թուլացնել երկրի մասնակցութիւնը միջազգային յարաբերութիւններին եւ դա փոխհատուցել միջազգային կազմակերպութիւնների ու ինստիտուտների ներգրաււածութեան ընդլայնման հաշւին։ Հարցը կարեւորւում էր յատկապէս Վաշինգտոնի՝ մերձաւորարեւելեան ռազմարշաւի համատեքստում։ Այդ մեթոդի կիրառման անհրաժեշտութեան դիրքերից էր ժամանակին քանիցս խօսել Հիլարի Քլինթոնը (աղբիւրը՝ https://www.cbsnews.com/news/clinton-use-smart-power-in-diplomacy/)։ Որպէս առաջնահերթութիւն` նշւում էր միջազգային յարաբերութիւններում ՄԱԿ-ի՝ որպէս փափուկ ուժի դերակատարման ընդլայնման անհրաժեշտութեան մասին։  

2006 թ.  Ջ. Նայը ղեկավարում էր Ռազմավարական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնի կողմից ստեղծւած Խելամիտ ուժի հարցերով յանձնաժողովը (Commission on Smart Power-Center for Strategic and International Studies)։ 2007 թ. նոյեմբերին յանձնաժողովը զեկոյց պատրաստեց, որում վերահաստատում էր խելամիտ ուժը՝ որպէս նոր աշխարհակարգում ԱՄՆ-ի առաջընթացի կամ համաշխարհային հեգեմոնիայի վերականգնման ճիշտ ուղի (աղբիւրը՝ https://www.csis.org/programs/former-programs/smart-power-initiative)։ Զեկոյցը կրում էր «Աւելի խելամիտ, աւելի անվտանգ Ամերիկա» (A Smarter, More Secure America) վերնագիրը (աղբյուրը՝ https://www.csis.org/analysis/smarter-more-secure-america, https://csis-prod.s3.amazonaws.com/s3fs-public/legacy_files/files/media/csis/pubs/071106_csissmartpowerreport.pdf)։ Ուշագրաւն այստեղ այն է, որ նման կոնցեպտուալ, ռազմավարական առաջարկներով հանդէս են գալիս ուղեղային կենտրոնները։ Սա եւս մէկ անգամ վերահաստատում է այն, որ Միացեալ Նահանգներում ուղեղային կենտրոններն ուրոյն մասնակցութիւն ու դեր ունեն որոշումների կայացման մեխանիզմում։  

«Ռենդ» կորպորացիայի` 2005 թ. «Չափելով ազգային հզօրութիւնը» (Measuring National Power) զեկոյցում առաջարկւում էր պետութեան հաւաքական հզօրութիւնը գնահատել կամ հաշւարկել կոշտ եւ փափուկ ուժի մեթոդաբանութեամբ։ Զեկոյցում կարեւորութիւն էր տրւում համաշխարհային գործընթացներում «ոչ պետական դերակատարների» (Non-state actors-NSAs) մասնակցութեան անհրաժեշտութեան հարցերին։ Առանձնացւում էին ուղեղային կենտրոնները, մասնաւոր, վերազգային խոշորագոյն կորպորացիաները եւ այլն։   

Մասնագիտական գրականութիւնում առանձնացւում է նաեւ «սուր ուժ» հասկացութիւնը (sharp power)։ Սուր ուժի տեխնոլոգիական հնարքները բանեցւում են արտերկրի հասարակութիւններին մանիպուլացնելու միջոցով՝ երկրում ներքաղաքական անկայունութեան ստեղծման նպատակներով։ Տեխնոլոգիաներում մեծ կարևորութիւն է տրւում հանրութեան առանձնացւած շերտերում (նաեւ՝ խոցելի խմբերում) հոգեբանական-տեղեկատւական ներգործման, հանրութեան բարոյալքման, մոլորեցման հարցերին։

 

 Ամփոփում

Արտաքին աշխարհում պետութեան կերպարանաւորման կամ բրենդինգի հարցերը ժամանակակից միջազգային յարաբերութիւնների, ազգային քաղաքականութեան անքակտելի բաղադրիչն են: Իհարկէ, աշխարհի առաջատար, զարգացած երկրներն անհամեմատ մեծ հնարաւորութիւններ ունեն ազգային բրենդի համաշխարհայնացման գործում։ Սակայն այդ հարցում ոչ պակաս կարողութիւններ կան նաեւ փոքր ազգ-պետութիւնների համար։ Դասական օրինակներից մէկը Իսրայէլն է, որն աշխարհին այսօր ներկայանում է «Start-up Nation» բրենդով։

Կարծում ենք, որ ազգային կերպարի ստեղծման գործում Հայաստանը կարող է համատեղել իր քաղաքակրթական, հոգեւոր-մշակութային հարուստ ժառանգութիւնն ու զարգացող նորարարական-տեխնոլոգիական ներուժը։ Ի տարբերութիւն Իսրայէլի, որն ունի քաղաքական, տնտեսական և ռազմական պոտենցիալ՝ համատեղելու փափուկ եւ կոշտ ուժի դիւանագիտութիւնը, Հայաստանը թերեւս սկզբնական փուլում պէտք է կենտրոնացնի իր ռեսուրսները մեծապէս փափուկ ուժի տեխնոլոգիական մօտեցումների մշակման ու կիրառման ուղղութեամբ։ Հայութեանը շատ աւելի պատկերաւոր հեռանկարներ կարող է տալ խելամիտ ուժի դիւանագիտութեան մշակումն ու դրա տեղայնացումը։

Յարակից լուրեր

  • Հիբրիդային պատերազմներ
    Հիբրիդային պատերազմներ

    Վերջին տասնամեակներում վերաիմաստաւորւեցին ռազմական գործողութիւնների վարման նախկին մօտեցումները։ Դասական լայնածաւալ ռազմական գործողութիւնների նախաձեռնման ու վարման տակտիկան սկսեց կորցնել իր արդիւնաւէտութիւնը։ Պատճառները թերեւս մի քանիսն էին:

  • Մտաւոր կապիտալ
    Մտաւոր կապիտալ

    Սակայն դա առաջին հայեացքից է այդպէս երեւում։ Իրականում, էներգետիկ պաշարների առկայութիւնը ենթադրում է դրանց արդիւնահանման, վերամշակման ու շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ներդրում։ Արդիւնքում` բնական ռեսուրսներ յայտնաբերած երկրները, չունենալով անհրաժեշտ մտաւոր կապիտալ, ներգրաւում են արտերկրի մտաւոր կապիտալը՝ էներգետիկ ռեսուրսների շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ձեւաւորման նպատակով։ Արտերկրեայ մտաւոր կապիտալը, որպէս կանոն, գործում է մի քանի անգամ բարձր վարձատրութեամբ, քան դա կարող էր լինել ազգային մտաւոր կապիտալի դէպքում։

  • Ազատ տնտեսական գօտիների շուրջ
    Ազատ տնտեսական գօտիների շուրջ

    Համաշխարհային տնտեսութիւնում աստիճանաբար ամրապնդւում է յատուկ կամ ազատ տնտեսական գօտիների (ԱՏԳ) դերակատարութիւնը։ ԱՏԳ-ները սկսեցին ձեւաւորւել դեռ նախորդ դարի 50-60-ականներին։ 1990-ականներին, տարբեր հաշւարկներով, աշխարհում գործում էր աւելի քան 1000 ԱՏԳ։

  • Որքան կը դիմակայի Իրանը
    Որքան կը դիմակայի Իրանը

    Վերջին ամիսներին իրանա-ամերիկեան յարաբերութիւններում պահպանւող լարւածութիւնն անցել է նոր՝ ռիսկային փուլ։ Վաշինգտոնը ընդլայնում է Թեհրանի նկատմամբ գործադրւած տնտեսական, քաղաքական ճնշումները։ Նշենք, որ ընդգծւում են տեղեկատւական-հոգեբանական նշանակութեան գործողութիւնները։

  • Մերձաւոր Արեւելք. հայկական գործօնը դարձեալ շահարկւում է
    Մերձաւոր Արեւելք. հայկական գործօնը դարձեալ շահարկւում է

    Ականատես ենք լինում Մերձաւոր Արեւելքում հայկական գործօնի շահարկումների հերթական փուլին։ Պէտք է նշել, որ այդ միտումը դրսեւորւեց քաղաքական ու տեղեկատվական-քարոզչական դաշտում։ Այսպէս` օրերս տեղեկութիւն տարածւեց, թէ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զօրախումբ է ստեղծւել: Յայտնի է, որ Սիրիայի ժողովրդական ուժերը, որոնք գտնւում են քրդերի գլխաւորութեան ներքոյ, վայելում են Վաշինգտոնի աջակցութիւնը։ Յայտնի է, որ այդ ուժերի կազմը բազմազգ է, քրդերից բացի, այնտեղ կռւում են արաբներ, ասորիներ եւ այլ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։