Հա

Քաղաքական

17/06/2019 - 13:50

«Թրամփը ժողովրդականութեան ցուցանիշով ընտրութիւններում զիջում է հինգ հնարաւոր մրցակիցներին». հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականութեան ցուցանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ պետութեան ղեկավարի 2020 թւականի ընտրութիւններում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականութեան ցուցանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ պետութեան ղեկավարի 2020 թւականի ընտրութիւններում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայում են հարցման՝ յունիսի 16-ին հրապարակւած արդիւնքները, որը «Fox News» հեռուստաալիքն անցկացրել է յունիսի 9-ից մինչեւ 12-ը ներառեալ:

Այդ գնահատումների համաձայն, ներկայում դեմոկրատներից նախագահի պաշտօնի թեկնածու առաջադրւելու յաւակնորդ քաղաքական գործիչների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնը: Դեմոկրատական կուսակցութեան կողմնակիցների թւից հարցման մասնակիցների 32 տոկոսը յայտարարել է, որ նախնական ընտրութիւններում իրենց ձայնը կը տային նրան: Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին, որը Հիլարի Քլինթոնի հետ մրցակցել է 2016 թւականին դեմոկրատներից թեկնածու առաջադրւելու համար, կը պաշտպանի հարցւածների 13 տոկոսը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբէթ Վորէնին՝ 9 տոկոսը, Սաունթ-Բենթ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջին եւ Կալիֆորնիայից սենատոր Քամալա Հարիսին՝ 8-ական տոկոսը:

Հարցման արդիւնքներով՝ եթէ ԱՄՆ-ի նախագահի ընտրութիւնները կայանային այժմ, Թրամփը տանուլ կը տար նշւած հինգ քաղաքական գործիչներից իւրաքանչիւրին: Եթէ դեմոկրատներից թեկնածու առաջադրւէր Բայդէնը, նա կը ստանար ընտրողների ձայների 49 տոկոսը, իսկ Թրամփը՝ 39 տոկոսը: Սանդերսը Թրամփին կը յաղթէր՝ հաւաքելով ձայների 49 տոկոսը, հանրապետականի արդիւնքը կը կազմէր 40 տոկոս: Վորէնը Թրամփը նկատմամբ յաղթանակ կը տանէր ձայների 43 տոկոս եւ 41 տոկոս յարաբերակցութեամբ:

Հարիսի եւ Բութեջաջի արդիւնքները կը կազմէին համապատասխանաբար 42 տոկոս-41 տոկոս եւ 41 տոկոս-40 տոկոս: Հարցումն անցկացւել է ամբողջ երկրում 1000 քաղաքացիների շրջանում: Նրանց հարցերը տրւել են հեռախօսով: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրութիւնները կը կայանան 2020 թւականի նոյեմբերի 3-ին: Ապագայ նախագահական ընտրարշաւի ընթացքում կուսակցական ակտիւիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թւականի փետրւարի սկզբին: Դեմոկրատական կուսակցութեան համագումարը, որտեղ պաշտօնապէս կառաջադրւի նախագահի պաշտօնի թեկնածուն, կը կայանայ 2020 թւականի յուլիսի 13-ից 16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թւականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հիւսիսային Կարոլինայի նահանգ), հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։