Հա

Քաղաքական

26/06/2019 - 09:50

Իրանագէտի կարծիքով` ԱՄՆ-ն ցանկանում է պարտադրել Իրանին նստել բանակցութիւնների սեղանի շուրջ

Իրան-ԱՄՆ յարաբերութիւնները շարունակում են մնալ լարւած, ու կայ վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կէտային հարւածներ հասցնել Իրանի ուղղութեամբ:

«alikonline.ir» - Իրան-ԱՄՆ յարաբերութիւնները շարունակում են մնալ լարւած, ու կայ վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կէտային հարւածներ հասցնել Իրանի ուղղութեամբ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յունիսի 25-ին լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց իրանագէտ, Իրան-ԱՄՆ հարցերով փորձագէտ Գոհար Իսկանդարեանը:

Նա նշեց, որ Իրանի կողմից ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի խոցումից յետոյ ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ռազմական գործողութիւններ սկսել Իրանում, սակայն վերջին պահին նախագահ Դոնալդ Թրամփը մտադրութիւնը փոխել է՝ նշելով, որ անհամաչափ է լինելու հարւածը:

«Կան այլ տեսակէտներ. ակնյայտ է եղել Ռուսաստանի Դաշնութեան նախագահի ուղերձը Թրամփին, որ եթէ եղաւ նման բան, տարածաշրջանը պարզապէս վառւելու է կրակների մէջ եւ չեն կարողանալու խնդիրը լուծել: Կարծում եմ, որ Թրամփը որոշել է սպասել: Յունիսի 28-29-ին Ճապոնիայում տեղի է ունենալու «G20»-ի հանդիպումը, եւ արդէն նախանշւած է հանդիպումների օրակարգը: Այս հանդիպումների ժամանակ օրակարգում լինելու է նաեւ Իրանի հարցը եւ քննարկւելու է, թէ ինչպէս երկու երկրների միջեւ լարւածութիւնը թուլացնել, որովհետեւ տեսնում ենք՝ աւելի ու աւելի է թէժանում խնդիրը եւ կարիք կայ որոշակի չափով հանդարտեցման»,- ասաց Իսկանդարեանը:

Իրանագէտի կարծիքով` ԱՄՆ-ն ամէն գնով ցանկանում է նստեցնել Իրանին բանակցութիւնների սեղանի շուրջ:

«Նրա վարքագիծը ցոյց է տալիս, որ աւելի շատ պարտադրանքի ուժով են փորձում նստեցնել բանակցութիւնների սեղանի շուրջ: Իմ համոզմամբ` Իրանը եւս ցանկանում է բանակցութիւնների միջոցով հարթել խնդիրները, բայց ոչ թէ պարտադրանքով եւ սադրանքներով, այլ որոշակի փոխզիջումների միջոցով նստել եւ հասկանալ, թէ ինչ խնդիրներ կան Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ, ինչպէս պէտք է հանգուցալուծումները գտնել: Կարծում եմ, որ բանակցութիւնները երկու կողմերին էլ ձեռնտու է»,- ասաց Իսկանդարեանը:

Իրանագէտը կարծում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրութիւններից ընդառաջ Թրամփի համար նպաստաւոր չէ ռազմական լուրջ խնդիրների մէջ ներքաշւել, եթէ անգամ որոշակի յաջողութիւններ ունենայ Իրանում:

«Իմ համոզմամբ` ընտրւելու դէպքում Դոնալդ Թրամփի ձեռքերը աւելի ազատ են լինելու եւ այն ժամանակ կարող ենք ականատես լինել կէտային հարւածների Իրանի ուղղութեամբ»,- եզրափակեց Իսկանդարեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։