Հա

Քաղաքական

30/06/2019 - 10:50

Թեհրան-Վաշինգտոն. ճգնաժամին ընդառաջ

Վերջերս, Սիրիայի տարածքում Թեհրան-Թէլ Աւիւ պրոքսի ռազմական գործողութիւններին զուգահեռաբար, լարւածութեան նոր գօտու վերածւեց Պարսից ծոցը։ Ի տարբերութիւն սիրիական ճակատի, Պարսից ծոցում պրոքսի-հիբրիդային գործողութիւններում գլխաւորապէս ներգրաււած էր Միացեալ Նահանգները։ Յիշեցնենք, որ պրոքսի են կոչւում այն պատերազմները, որոնց հակամարտող կողմերն ուղղակիօրէն ներգրաււած չեն ռազմական գործողութիւններում։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

 

Վերջերս, Սիրիայի տարածքում Թեհրան-Թէլ Աւիւ պրոքսի ռազմական գործողութիւններին զուգահեռաբար, լարւածութեան նոր գօտու վերածւեց Պարսից ծոցը։ Ի տարբերութիւն սիրիական ճակատի, Պարսից ծոցում պրոքսի-հիբրիդային գործողութիւններում գլխաւորապէս ներգրաււած էր Միացեալ Նահանգները։ Յիշեցնենք, որ պրոքսի են կոչւում այն պատերազմները, որոնց հակամարտող կողմերն ուղղակիօրէն ներգրաււած չեն ռազմական գործողութիւններում։ Պրոքսի պատերազմները տեղի են ունենում հակամարտութեան ուղղակի կողմ չհանդիսացող երրորդ երկրի կամ երկրների տարածքում։

Դէպքերը բաւական արագ զարգացան: Նախ՝ յունիսի կէսերին Օմանի ծոցում յարձակում տեղի ունեցաւ «Front Altair եւ Kokuka Courageous» լցանաւերի վրայ։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն չյապաղեց յարձակման համար մեղադրել իրանական կողմին, թէ այդ կերպ ձգտում է միջազգային շուկայում բարձրացնել նաւթի գինը: Շատ չանցած` լուրեր շրջանառւեցին, որ լցանաւերի վրայ յարձակման գործողութեան յետեւում կանգնած է Իսրայէլի արտաքին հետախուզական ծառայութիւնը։ Ըստ այդ վարկածի` գործողութեան նպատակն էր գործը բարդել Թեհրանի վրայ՝ նրա ուղղութեամբ Վաշինգտոնի հնարաւոր ուղիղ ռազմական հարւածների քաղաքական հիմնաւորման նպատակով։

Յունիսի կէսերին Թեհրանը յայտարարեց, որ բացայայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալութեան (ԿՀԳ-CIA) կիբերլրտեսական նոր ցանց եւ ձերբակալել որոշ գործակալների։ Մասնաւորապէս նշւում էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալութիւնը կիբերլրտեսութեան գործողութիւններ նախաձեռնել է ոչ միայն Իրանում։

Յունիսի 20-ին Թեհրանը յայտնեց Իրանի տարածքում Իրանի Իսլամական պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ամերիկեան նաւատորմի «MQ-4C Triton» տեսակի ռազմավարական հետախուզական ԱԹՍ-ի խոցման մասին։ Կարճ ժամանակ անց Վաշինգտոնը հաստատեց ԱԹՍ-ի խոցման փաստը, սակայն հաղորդագրութիւնում նշւում էր ոչ թէ Իրանի, այլ Հորմոզի նեղուցի միջազգային օդային տարածքը։ Նշենք, որ այս տեսակի ԱԹՍ-ն գնահատւում է շուրջ 125 մլն. ԱՄՆ դոլար։ ԻՀՊԿ-ի հաղորդմամբ` ամերիկեան ԱԹՍ-ն խոցւել է իրանական արտադրութեան «Խորդադ-3» տեսակի զէնիթահրթիռային համալիրով։ Ըստ աղբիւրի` այձ համալիրները կարող են մինչեւ 27 կմ բարձրութեան վրայ միաժամանակ խոցել մինչեւ 4 թիրախ։

Հարցի առնչութեամբ կը ցանկանայինք մի քանի դիտարկում կատարել: Նախ՝ Թրամփն ամէն կերպ ընդգծում է, որ Իրանը խոցել է ամերիկեան ԱԹՍ-ն ոչ թէ իր, այլ միջազգային տարածքային ջրերում։ Այդպիսով` Վաշինգտոնը հնարաւորութիւն է ստանում դատապարտելու Թեհրանի գործողութիւնները միջազգային իրաւունքի հարթութիւնում, այլապէս արդարացւած կը լինէին Իրանի քայլերը, եթէ հաստատւէր, որ անօդաչու սարքը խոցւել է այդ երկրի տարածքային ջրերում։

Երկրորդ՝ ԱԹՍ-ն չէզոք գօտում խոցելու իրաւաքաղաքական հիմնաւորմամբ Վաշինգտոնը կը փորձի սահմանափակել Իրանի՝ Հորմոզի նեղուցի վերահսկման իրաւաքաղաքական, ռազմական լծակները։ Նշենք, որ Հորմոզի նեղուցն ապահովում է Օմանի ծոցից բեռնափոխադրումների ճանապարհը դէպի բաց ծով՝ հանդիսանալով նաւթի համաշխարհային արտահանման շարժի կարեւորագոյն հանգոյցներից մէկը։ Իրանական կողմը քանիցս յայտարարել է, որ ամերիկեան ճնշումների ու տնտեսական պատժամիջոցների ներքոյ Թեհրանը կը դիմի հակաքայլերի՝ դիտարկելով այդ թւում Հորմոզի նեղուցի արգելափակման հնարաւորութիւնը։ 

Երրորդ՝ հասկանալի է, որ ամերիկեան ռազմավարական, հետախուզական նշանակութեան ԱԹՍ-ն պէտք է յագեցած լինէր հակառակորդի կողմից չբացայայտման համար անհրաժեշտ տեխնիկական հնարաւորութիւններով։ Յամենայն դէպս, դա է յուշում անօդաչու սարքի կիրառական՝ ռազմավարական-հետախուզական նշանակութիւնը, ինչպէս նաեւ դրա բարձր ինքնարժէքը։ Այդուհանդերձ, իրանական կողմը կարողացել է հայրենական արտադրութեան զէնիթահրթիռային համակարգով խոցել ամերիկեան ԱԹՍ-ն։ Նոյնիսկ Պենտագոնում չհերքեցին, որ դա իսկապէս անակնկալ էր։ Կարծում ենք, որ կա՛մ Վաշինգտոնում թերագնահատել են Իրանի օպերատիւ արձագանքման կարողութիւնները, կա՛մ կողմերի միջեւ, իրավիճակի հետ կապւած, ուժային փոխդասաւորւածութեան վերաբերեալ Թրամփին տրամադրւած հետախուզական տւեալները եղել են, մեղմ ասած, ոչ այնքան հաւաստի։ Հաշւի առնելով այն, որ Իրանի հարցում Վաշինգտոնում առաջնորդւում են աւելի շուտ Իսրայէլի արտաքին հետախուզութեան տրամադրած տեղեկատւութիւնով, քան սեփական հիմնաւորումներով, ինչն ակներեւ է յատկապէս Թրամփի վարչակազմում, ապա ամերիկեան կողմին տրամադրւած հետախուզական տեղեկութիւնները կարող են միտումնաւոր կերպով անաչառ ներկայացւած չլինել։

Ինչեւէ, փորձագիտական շրջանակներում սցենարներ էին քննարկւում ԱԹՍ-ի խոցման հետեւանքով ԱՄՆ-Իրան ճգնաժամի հանգուցալուծման հարցի շուրջ։ Հիմնական սցենարներից մէկը Վաշինգտոնի կողմից ուղիղ հարւածների հնարաւորութիւնն էր։ Իհարկէ, չպէտք է բացառել նման սցենարը, սակայն հարկաւոր է նախ անդրադառնալ Վաշինգտոնի տեսանկիւնից դրա նպատակայարմարութեան կամ անհրաժեշտութեան հարցին։ Եւ, իսկապէս, նախ` ուղիղ հարւածներ հասցնելով, Վաշինգտոնը լուրջ իրաւաքաղաքական խնդիրներ կունենայ միջազգային իրաւունքի, միջազգային հանրութեան առջեւ։ Դա լաւ առիթ է տարածաշրջանային տարբեր երկրների` Ռուսաստանի, Չինաստանի կամ Թուրքիայի համար մոբիլիզացնելու իրենց քաղաքական ռեսուրսները՝ ստեղծելով հակաամերիկեան ճամբար։ Արդէն իսկ Մոսկւան վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը, որ սարքը ոչնչացւել է Իրանի տարածքում։ Դա շատ արագ կարող է կազմակերպւել, եթէ հաշւի առնենք ԱՄՆ խնդիրները Թուրքիայի հետ՝ կապւած «S-400» համակարգերի գործարքի հետ, Վաշինգտոն-Պեկին տնտեսական պատերազմական իրավիճակը կամ ռուս-ամերիկեան նոր «սառըպատերազմեան» յարաբերութիւնները։

ԱՄՆ-ի կողմից ուղիղ հարւածներ հասցնելու նպատակայարմարութիւնը չի բխում նաեւ հարցի անվտանգային տեսանկիւնից։ Նման սցենարի զարգացման դէպքում Վաշինգտոնը կարող է խրւել իրանական «ճահճում»։

Թրամփը շատ լաւ գիտակցում է, որ Իրանը ո'չ Սիրիա է, ո'չ` Իրաք։ Այն ինչ կարող էր տեղի ունենալ Սիրիայի պարագայում, բաւական բարդ է պատկերացնել ներկայիս Իրանի դէպքում։ Իրանն այսօր տարածաշրջանային տէրութիւն է, որը զգալի ցանցային ազդեցութիւն ունի Մերձաւոր Արեւելքում։ Շատ է խօսւում այն մասին, որ սիրիական ճգնաժամի տարիներին, ի հաշիւ Իսրայէլի, տարածաշրջանում էապէս ընդլայնւել է Իրանի դերը։ Ուստի կարող ենք ասել, որ նման հոռետեսական սցենարի կեանքի կոչման հնարաւորութեան դէպքում խոր անկայունութեան փուլում կը յայտնւի ոչ միայն Մերձաւոր Արեւելքը, այլեւ ամբողջ միջազգային անվտանգային համակարգը։

Հասկանալի է եւ սպասելի է նաեւ այն, որ Իրանի պատասխանը նման սցենարի դէպքում չի յապաղի՝ հաշւի առնելով նրա քաղաքական, ռազմական եւ այլ տեսակի կարողութիւնները։ Իսկ դա, անշուշտ, աղէտալի հետեւանքներ կարող է ունենալ ամբողջ մարդկութեան համար։

Նշենք, որ Իրանը շարժւում է, այսպէս կոչւած, Խճանկարային պաշտպանական հայեցակարգի (Mosaic Defense Doctrine) տրամաբանութեամբ, որն իրենից ներկայացնում է ապակենտրոնացւած, պարտիզանական հայեցակարգ։ Խճանկարային պաշտպանութեան ռազմավարութիւնը ենթադրում է Իրանի հակառակորդներին ներքաշել տարածաշրջանային հիմնախնդիրներում՝ մինչ Իրանի հետ ուղղակի հակամարտութեան մէջ մտնելը։ Խճանկարային դոկտրինն իր բնոյթով պաշտպանական է։

Ինչպէս եւ կանխատեսելի էր, ամերիկեան ԱԹՍ-ի խոցման հետ կապւած, Թրամփը առայժմ կայացրեց ողջամիտ որոշում՝ չգնալով ուղղակի ռազմական առճակատման ճանապարհով։ Այդ միջադէպին թէեւ անմիջապէս հարորդեց Թրամփի բաւական կոշտ յայտարարութիւնը, այդուհանդերձ, դիրքորոշումը մեղմւեց։ Դա պէտք է պայմանաւորել նրանով, որ գուցէ անձամբ նախագահ Թրամփը հակւած չէ հարցը կարգաւորել ռազմական ճանապարհով։ Մի բան, ինչը չի կարելի ասել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Բոլթոնի կամ պետքարտուղար Պոմպէոյի մասին, որոնք կողմնակից են հարցի` ռազմական ճանապարհով կարգաւորմանը եւ ամէն բան անում են այդ հարցում Թրամփի մօտեցումը փոխելու նպատակով։ Դիրքորոշման փափկեցմամբ Թրամփն, ըստ էութեան, Թեհրանի հետ երկխօսելու։ հնարաւորութիւն է տալիս: Այս պահի դրութեամբ Սպիտակ տունը բաւարարւեց Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սաստկացման մասին որոշմամբ՝ զուգահեռաբար պահպանելով ռազմական հռետորաբանութիւնը։ Դա թէեւ ամերիկեան ԱԹՍ-ի խոցման հարցում աւելի շուտ ասիմետրիկ պատասխան էր, սակայն, խոշոր հաշւով, նման որոշումը տեղաւորւում է հիբրիդային գործողութիւնների վարման ժամանակակից մօտեցումներում։

 

Խնդիրը` հայկական դիտանկիւնից

Անշուշտ, Հայաստանի համար սա անվտանգային մարտահրաւէր պէտք է համարել, երբ անմիջական հարեւանութեամբ երկրի շուրջ ծաւալւում են նման ճգնաժամային զարգացումներ։ Առաւել եւս, որ ներկայումս բաւական լարւած ներքաղաքական իրավիճակ է Վրաստանում, սրւել են ռուս-վրացական յարաբերութիւնները։ Իսկապէս, հարեւան երկու երկրների շուրջ նշեալ գործընթացները մտահոգիչ են Հայաստանի համար, եթէ հաշւի առնենք մեր միւսա երկու հարեւանների կողմից Հայաստանի քաղաքատնտեսական շրջափակման իրողութիւնը։

Այդուհանդերձ, պէտք է հնարաւորինս սթափ գնահատել ստեղծւած իրավիճակը։ Նախ հասկանալի է, որ հայկական կողմը չունի ուղղակի ներգրաււածութիւն կամ շահեր ԱՄՆ-Իրան այդ դիմակայութիւնում։ Հետեւապէս` պէտք է հնարաւորինս պահպանել չէզոքութիւն եւ կողմերի շահերի փոխդասաւորւածութեան հարցում հաւասարակշիռ դիրքորոշում։ Սա բխում է մեր ազգային շահերից։

Երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ ստեղծւած լարւած իրավիճակը չփորձեն օգտագործել երրորդ երկիրը կամ երկրները։ Տւեալ պարագայում` Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են եւ կը ձգտեն ստեղծւած իրավիճակում լարւածութիւն հրահրել Հայաստանի, Արցախի ուղղութեամբ։ Պատահական չեն ադրբեջանական, թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնների յաճախակիացման միտումները, նկատւում է սահմանային միջադէպերի քանակական աճ եւ այլն։ Հայկական կողմի խնդիրն է զգօն ու պատրաստ լինել իրավիճակի ցանկացած սցենարային զարգացման։ Աւելին` չի բացառւում, որ ԱՄՆ-Իրան պրոքսի գործողութիւնները պրոյեկտւեն նաեւ հարաւկովկասեան տարածաշրջանում։

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։