Հա

Քաղաքական

01/07/2019 - 10:40

Տուսկը կասեցրել է Եւրոմիութեան գագաթնաժողովը

Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կասեցրել է ԵՄ գագաթնաժողովը՝ եւրոկառոյցների առանցքային պաշտօններում թեկնածութիւնների հարցով լրացուցիչ երկկողմ խորհրդակցութիւնների համար, բանավէճերը կը վերականգնւեն աւելի ուշ, լրագրողներին յայտնել է Եւրոխորհրդի ներկայացուցիչը:

«alikonline.ir» - Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կասեցրել է ԵՄ գագաթնաժողովը՝ եւրոկառոյցների առանցքային պաշտօններում թեկնածութիւնների հարցով լրացուցիչ երկկողմ խորհրդակցութիւնների համար, բանավէճերը կը վերականգնւեն աւելի ուշ, լրագրողներին յայտնել է Եւրոխորհրդի ներկայացուցիչը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

ԵՄ առաջնորդները Բրիւսէլում ընթացող գագաթնաժողովում պէտք է համաձայնութեան գան Եւրոյանձնաժողովի, Եւրոխորհրդի եւ ԵՄ դիւանագիտութեան ղեկավարների պաշտօններում նշանակումների «փաթեթի» շուրջ: Սա անհրաժեշտ է անել մինչեւ յուլիսի 2-ին նոր գումարման Եւրոխորհրդարանի լիագումար նիստը սկսւելը:

«Եւրոխորհրդի ղեկավարը կասեցրել է գագաթնաժողովը: Հիմա նա առաջնորդների հետ երկկողմ հանդիպումներ է կազմակերպում: Գագաթնաժողովը աշխատանքը կը վերսկսի երկկողմ խորհրդակցութիւններն աւարտելուց յետոյ»,- յայտնել է պաշտօնեան:

Մէկ այլ աղբիւր յայտարարել է, որ բանավէճերն ընդհատելու անհրաժեշտութիւնն է մատնանշում «առայժմ որոշման հասնելու անհնարինութիւնը»:

Կիրակի արտահերթ գագաթնաժողովը վերջին 2 ամսում երրորդն էր՝ եւրոկառոյցների առանցքային պաշտօններում թեկնածուների փաթեթի շուրջ փոխզիջման հասնելու փորձով: Բանավէճերի սկզբնակետ է դարձել Օսակայում «G20»-ի գագաթնաժողովի շրջանակում խորհրդակցութիւնների արդիւնքում ձեւաւորւած «փաթեթը»: Դրա հիմքում էր ԵՀ ղեկավարի պաշտօնում հոլանդացի Ֆրանս Թիմերմանսի թեկնածութիւնը համաձայնեցնելու փոխզիջումային առաջարկը, ում առաջադրել է Եւրոխորհրդարանում մեծութեամբ երկրորդ խմբակցութիւնն ունեցող սոցիալ-դեմոկրատների եւրոպական դաշինքը:

Սակայն մի շարք երկրներ, որոնց առաջնորդները հարում են ԵՄ-ում առաջատար աջ կենտրոնամէտ «Եւրոպական ժողովրդական կուսակցութեանը», ինչպէս նաեւ Արեւելեան եւ Կենտրոնական Եւրոպայի երկրները տարբեր պատճառներով այս տարբերակն արգելափակել են: ԵԺԿ-ն շարունակում է պնդել, որ առաջնային պէտք է լինի իր առաջադրած թեկնածուն՝ բաւարացի Մանֆրեդ Վեբերը, սակայն նրա թեկնածութիւնը եւս Եւրոխորհրդում մեծամասնութիւն չի ստացել: Այսպիսով, քննարկումն առայժմ փակուղի է մտել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։