Հա

Քաղաքական

02/07/2019 - 08:50

«ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ ՌԴ-ի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների արդիւնքում են ռմբակոծւել Դամասկոսն ու Հոմսը»․ արաբագէտ

Արաբագէտ Արմէն Պետրոսեանի խօսքով՝ Իսրայէլի կողմից Սիրիայում ռմբակոծութիւնները, որոնք տեղի են ունեցել օդուժի եւ ռազմածովային ուժերի համատեղ գործողութիւնների արդիւնքում, երեք տրամաբանութեան մէջ կարելի է դիտարկել:

«alikonline.ir» - Արաբագէտ Արմէն Պետրոսեանի խօսքով՝ Իսրայէլի կողմից Սիրիայում ռմբակոծութիւնները, որոնք տեղի են ունեցել օդուժի եւ ռազմածովային ուժերի համատեղ գործողութիւնների արդիւնքում, երեք տրամաբանութեան մէջ կարելի է դիտարկել:

Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Իսրայէլի կողմից Հոմսի ու Դամասկոսի ծայրամասային հատւածներում ռմբակոծութեանը, ինչի հետեւանքով 4 մարդ է զոհւել:

«Այդ տրամաբանութիւններից է ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների լարւածութիւնը․ գործողութիւնները կարելի է դիտարկել տարածաշրջանային իրադարձութիւնների՝ Սիրիայում Իրանի եւ նրա հովանաւորեալների դէմ իրականացւող բաւական մասշտաբային գործողութեան համատեքստում: Ի դէպ, այս տարւայ ընթացքում սա 13-րդ գործողութիւնն է: Թէպէտ չկան յստակ տւեալներ, բայց, երեւի թէ, այս անգամւանը ամենամասշտաբայինն էր»,- ասաց նա:

Իսրայէլական գործողութիւնները, ըստ նրա, նաեւ կարելի է դիտարկել ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների համատեքստում: Նա յիշատակեց վերջերս Իսրայէլում տեղի ունեցան Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իսրայէլի անվտանգութեան խորհրդի քարտուղարների միջեւ հանդիպումները, որոնց հիմնական թեման տարածաշրջանում եւ յատկապէս Սիրիայում տեղի ունեցող գործընթացներն էին:

«Չնայած այս հանդիպումների մասին մանրամասներ չկան, այդուհանդերձ, մամուլի հաղորդագրութիւններից պարզ է, որ Ռուսաստանի Դաշնութիւնն արտաքինից պաշտպանել է Իրանի դիրքերը, բայց այս գործողութիւնների տրամաբանութիւնից կարելի է եզրակացնել, որ այնուամենայնիւ, Ռուսաստանի Դաշնութեան եւ Իսրայէլի միջեւ եղել է որոշակի պայմանաւորւածութիւն, որ Ռուսաստանը դէմ չլինի Իսրայէլի կողմից սեփական անվտանգութեան ապահովմանն ուղղւած գործողութիւններ իրականացնելուն»,- ասաց նա՝ նշելով, որ ռմբակոծւած տարածքներում ռուսական զօրքեր չկային՝ յարձակումներն ընդգրկել են Սիրիայի համար երեք հիմնական եւ Իսրայէլի համար վտանգաւոր համարւող բոլոր ուղղութիւնները՝ Իրանի վերահսկողութեան ներքոյ գտնւող, լիբանանեան «Հեզբոլլահին» եւ Սիրիայի կառավարական ուժերին պատկանող օբիեկտները:

Արաբագէտի խօսքով՝ Իսրայէլ-Ռուսաստան ձեռք բերւած պայմանաւորւածութեան ամենավառ ապացոյցն այն է, որ ռուսական «S-300» համակարգերը, որոնք տեղակայւած են եղել Հոմս նահանգում, չեն գործել, իսկ դրանք աշխատացնում են ռուս մասնագէտները:

«Ռմբակոծութիւններ վերսկսելը Իսրայէլի ներքաղաքական իրավիճակի հետ կարելի է նաեւ պայմանաւորել․երկրում շարունակւում է բաւական անորոշ ներքաղաքական իրավիճակ․ երկիրը պատրաստւում է սեպտեմբերին կայանալիք նոր ընտրութիւնների, եւ երկրի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բաւականին լուրջ խմորումներ, որոնք արդէն իսկ թոյլ են տալիս կանխատեսելու, որ վարչապետ Նեթանիահուն ունենալու է խնդիրները վերընտրւելու կամ հետագայում իր գործունէութիւնը շարունակելու առումով: Տարածաշրջանում գործողութիւնների ակտիւացմամբ նա ցանկանում է որոշակի ազդեցութիւն ունենալ իր լսարանի վրայ»,- ասաց նա:

Արմէն Պետրոսեանի խօսքով՝ ինքը չի կարծում, որ Իսրայէլի եւ Սիրիայի միջեւ շարունակական գործողութիւնների ականատեսը կը լինենք: «Բայց կանխատեսում եմ, որ առնւազն մինչեւ սեպտեմբեր՝ Իսրայէլում ընտրութիւնները, այս ուղղութեամբ սրացումները կը շարունակւեն՝ զուգահեռաբար իրավիճակը կապելով Իրանի դէմ ընթացող գործողութիւններին․ դրանք ե՛ւ տնտեսական պատժամիջոցներն են, ե՛ւ ռազմական մանեւրները»,- ասաց նա՝ նշելով, որ եթէ, օրինակ, Պարսից ծոցում առաւել շատ պրօ-իրանական գործողութիւններ են իրականացւում, կարողանում է խոցել ամերիկեան անօդաչու թռչող սարքեր, ապա Սիրիայի տարածքում չի կարողանում համարժէք պատասխան տալ Իսրայէլին:

Այս համատեքստում, արաբագէտը նկատեց, որ Եմէնում եւս հնարաւոր է՝ ակտիւ գործընթացներ տեղի ունենան, որտեղ եւ՛ Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիան, եւ՛ Միացեալ Նահանգները աւելի ակտիւ գործողութիւններ կիրականացնեն Իրանի հովանաւորեալ ուժերի դէմ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ներգրաււածութեան ակտիւացմանը Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողութիւններին, ապա ըստ Արմէն Պետրոսեանի, ուղղակի գործողութիւն ԱՄՆ-ից կարելի է ակնկալել 2 դէպքում․ եթէ այստեղ դարձեալ կիրառւի քիմիական զէնք եւ եթէ նախաձեռնւեն հակաահաբեկչական գործողութիւններ ԴԱԷՇ-ի որոշ տեղային խմբաւորումների կամ Իդլիբում «Ալ- Ղաիդայի» ներկայացուցչութեան դէմ:

«Մնացած բոլոր դէպքերում աւելի շատ կը տեսնենք Իսրայէլի ակտիւ դերակատարութիւնը, որի համար, կարծես, կայ աւելի բարձր համաձայնութիւն՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Իսրայէլի միջեւ»,- ասաց նա:

Արմէն Պետրոսեանի խօսքով՝ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները դեռեւս չեն առնչւելու Հայաստանին: «Բայց պարզ է, որ տարածաշրջանում առաջիկայում սպասւում են զարգացումներ, որոնց առնւազն պէտք է ուշադրութեամբ հետեւել: Պէտք է հետեւել նոյն Իրանի դէմ իրականացւող քաղաքականութիւնը, որն անընդհատ աւելի ուժգնանում է եւ տարբեր դրսեւորումներով արտայայտւում տարածաշրջանի երկրների վրայ ազդեցութեամբ: Իրան-Թուրքիա-ԱՄՆ յարաբերութիւններում նկատւող զարգացումներին եւս պէտք է ուշադրութիւն դարձնել․ դրանք հիմա ճգնաժամային իրավիճակում են եւ կարող են ազդեցութիւն ունենալ Թուրքիայի վարքի վրայ»,- ասաց նա:

Տարածաշրջանում Իսրայէլի ակտիւ դերակատարութեան նկատմամբ ուշադրութիւնը, ըստ նրա, եւս պէտք է ուշադրութեան կենտրոնում պահել:

«Այն ոչ միայն Սիրիայի տարածքից, Լիբանանից, Գազայի հատւածից կարող է ակտիւութիւն ցուցաբերել, այլ նաեւ, օրինակ՝ հետախուզական մակարդակում ադրբեջանական տարածքում՝ հաշւի առնելով նաեւ Ադրբեջանի՝ Իրանին սահմանակից լինելու հանգամանքը: Չեն բացառւում նաեւ Իրանի նկատմամբ որոշակի թիրախային հատւածներ, որոնց մասին ծրագրեր կան ինչպէս Միացեալ Նահանգներում, այնպէս էլ Իսրայէլում, եւ այդ գործողութիւնը հնարաւոր է իրականացւեն հենց Իսրայէլի եւ Միացեալ Նահանգների համատեղ ուժերով, եթէ ոչ Իսրայէլի ուղղակի միջամտութեամբ, ապա գոնէ Իսրայէլի կողմից հետախուզական տւեալների տրամադրմամբ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ չկայ Հայաստանի համար անհրաժեշտութիւն արձագանքելու, քանի դեռ չկան խնդիրներ Հայաստանի անվտանգութեան համար: «Անգամ այն սահմանափակ ռազմական գործողութիւնները, որոնք հնարաւոր են, շրջանցելու են հայ համայնքի զբաղեցրած տարածքները, հայ համայնքին պատկանող հոգեւոր հաստատութիւնները կամ ՀՀ դիւանագիտական գերատեսչութիւնները»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։