Հա

Քաղաքական

06/07/2019 - 13:40

ԴԱԷՇ-ը արդէն Ադրբեջանից․ հնարաւորութիւններն ու հեռանկարը

Սոցիալական ցանցերում եւ բազմաթիւ լրատւամիջոցների կողմից յուլիսի 2-ից ակտիւօրէն տարածւում է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման զինեալների մասնակցութեամբ տեսանիւթ (որոշ դէպքերում նաեւ դրանից կտրւած 39 վայրկեան տեւողութեամբ հատւածը): Տեսանիւթին կցւած բնութագրական տեքստերում, հաւանաբար հաշւի առնելով դրանում առկայ լօգօն եւ նման այլ տեքստային նշումներ, ընդգծւում է, թէ առաջին անգամ է, որ խմբաւորման զինեալները տեսաուղերձ են յղում հէնց Ադրբեջանի տարածքից, մինչդեռ որեւէ յաւելեալ փաստ չի ներկայացւում նկարահանման վայրի առնչութեամբ:

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Սոցիալական ցանցերում եւ բազմաթիւ լրատւամիջոցների կողմից յուլիսի 2-ից ակտիւօրէն տարածւում է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման զինեալների մասնակցութեամբ տեսանիւթ (որոշ դէպքերում նաեւ դրանից կտրւած 39 վայրկեան տեւողութեամբ հատւածը): Տեսանիւթին կցւած բնութագրական տեքստերում, հաւանաբար հաշւի առնելով դրանում առկայ լօգօն եւ նման այլ տեքստային նշումներ, ընդգծւում է, թէ առաջին անգամ է, որ խմբաւորման զինեալները տեսաուղերձ են յղում հէնց Ադրբեջանի տարածքից, մինչդեռ որեւէ յաւելեալ փաստ չի ներկայացւում նկարահանման վայրի առնչութեամբ:

Տեսանիւթում 3 դիմակաւորւած անձինք (նրանցից մէկը՝ Իւսուֆ ալ-Ազերի անունով, ներկայացւում է որպէս առաջնորդ), «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգերով կամ դրանց խաղարկային տարբերակով, թիկունքում ունենալով ԴԱԷՇ-ի դրօշը, արաբերէնով եւ ադրբեջաներէնով մէջբերումներ են անում Ղուրանից, յիշատակում խմբաւորման վերջին յենակէտի՝ սիրիական Բաղուզ բնակավայրում մղւած մարտերի մասին, սպառնում տարբեր պետութիւնների, նաեւ Ադրբեջանի «անհաւատ իշխանութիւններին» կոչ անում հաւատակիցներին՝ պայքարել նրանց դէմ, իսկ վերջում հաւատարմութեան երդում են տալիս ԴԱԷՇ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:  

Բացի տեսանիւթի նկարահանման վայրի վերաբերեալ տեղեկատւութեան անյստակութիւնից, փորձագիտական շրջանակներում որոշակի վերապահումներ կան նաեւ դրանում հնչած «ադրբեջաներէնի» մասով: Մասնաւորապէս, նշւում է, որ տեսանիւթում հնչող լեզուն աւելի մօտ է թուրքերէնին կամ Սիրիայի տարածքում ապրող թուրքմենների (թուրքոմաններ) լեզւին, օգտագործւում են լեզւական կառոյցներ, որոնք բնորոշ են թուրքերէնին, այլ ոչ ադրբեջաներէնին. ասել է, թէ՝ այդպիսի տեսանիւթ կարելի էր նկարահանել ցանկացած թուրքական միջավայրում, իհարկէ նաեւ Ադրբեջանից դուրս: Նշւած թեզին հակադարձողերի կարծիքով՝ նման իրողութիւններն իրաւաչափ են, քանի որ, հնարաւոր է, տարիներ շարունակ (սիրիական հակամարտութեան ընթացքում) այլ՝ նաեւ թուրքական միջավայրում ապրելու եւ հանդէս գալու հանգամանքն, անշուշտ, կարող է որոշակի ազդեցութիւն թողնել անձի լեզւամտածողութեան եւ դրա արտայայտչամիջոցների վրայ եւս:

Ինչեւէ, նաեւ այս տեսանիւթի տարածման հանգամանքը վկայում է նախ եւ առաջ ԴԱԷՇ-ի նոր քարոզչական մարտավարութեան մասին, որը պայմանաւորւած է մշտական տեղակայման վայրի բացակայութեան պայմաններում կառոյցի ազդեցութիւնը սեփական հետեւորդների շրջանում անընդհատ ի ցոյց դնելու տրամաբանութեամբ: Նշւածի համատեքստում խմբաւորման առաջնորդին ուղղւած նոր երդման կամ նախկին երդումների հաստատման առումով այս տեսանիւթը վերջին շրջանում թւով վեցերորդն է:

Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանութիւնների արձագանքին, ապա ցայժմ որեւէ մեկնաբանութիւն չի տարածւել: 

Անկախ տեսանիւթի ձեւական եւ փաստական թոյլ հիմնաւորումներից, այդուհանդերձ ԴԱԷՇ-ի դէմ ընթացող պայքարի ներկայ հանգրւանում դրա շարքերում ժամանակին հանդէս եկած ծայրայեղականների՝ սեփական հայրենիք վերադարձի միտումները եւ դրանից բխող սպառնալիքները չեն կարող շրջանցել նաեւ Ադրբեջանը: Դեռեւս 2017 թ. սեպտեմբերին ԱՀ պետական անվտանգութեան ծառայութեան արդէն նախկին պետ Մադաթ Գուլիեւը յայտարարել էր, որ Սիրիայի եւ Իրաքի տարածքներում ԴԱԷՇ-ին անդամակցել է մօտ 900 քաղաքացի, իսկ մի շարք այլ աղբիւրների հաւաստմամբ՝ նրանց թիւը կարող էր հասնել մինչեւ 2000-3000-ի. նշւել է նաեւ մի քանի հարիւր սպանւած ադրբեջանցիների մասին: Կասկածից վեր է, որ ադրբեջանցի վարձկանների մասին պաշտօնական տւեալները բաւականաչափ հեռու են իրականութիւնից: Այս մասին վկայում է թէկուզ միայն այն իրողութիւնը, որ Սիրիա եւ Իրաք «ջիհադի» մեկնած ադրբեջանցիները ոչ միայն ընդգրկւել են տարբեր առանձին ծայրայեղական կառոյցներում, այլեւ ունեցել են իրենց համայնքները, խմբերը եւ անգամ գործել սեփական հրամանատարական կազմի ներքոյ:

Այս հանգամանքն, անշուշտ, չի կարող մտահոգութիւն չառաջացնել ադրբեջանական իշխանութիւնների շրջանում, քանի որ այդ երկիրը (կառոյցի տարբեր ներկայացուցիչների կողմից բնորոշւել է որպէս «մսով կարկանդակ») եւ նրա բնակչութիւնը տարաբնոյթ ծայրայեղական խմբաւորումների ուշադրութեան կենտրոնում է գտնւել մշտապէս: Ադրբեջանում զինեալների հաւաքագրման գործընթացն առաւել ակտիւացել էր 2012 թ.-ից: Հաւաքագրումը հիմնականում իրականացւում էր դեռեւս 90-ականների առաջին կէսին սաուդական եւ քուվւյթական հովանաւորութեամբ ստեղծւած բարեգործական հիմնադրամների, սաուդցի անհատ քարոզիչների կողմից ստեղծւած ծայրայեղական համայնքների միջոցով: Սկզբնական շրջանում սիրիական հակամարտութեանը մասնակցող ադրբեջանցիների շրջանում գերակշռում էին առաւելապէս սոցիալական (տարբեր տւեալներով՝ շարքային վարձկաններն ամսական ստանում են 300-600 դոլար, կախւած պատասխանատւութեան ծաւալներից՝ մինչեւ 2000 դոլար), ապա նաեւ՝ գաղափարական, արժեհամակարգային դրդապատճառները:

Վերոնշեալի համատեքստում, հաշւի առնելով նաեւ նախկինում Սիրիայում եւ Իրաքում ծաւալւած գործընթացների տրամաբանութիւնը, ԴԱԷՇ գործունէութեան առանձնայատկութիւնները, մասնաւորապէս՝ նոյն Իրաքի եւ Սիրիայի օրինակով «մերձաւոր թշնամու»՝ այսինքն մուսուլմանական բնակչութիւն ունեցող երկրների «անհաւատ վարչակարգերը» տապալելուն միտւած գործողութիւնների առաջնահերթութիւնն ուրւագծում է ադրբեջանական իշխանութիւններին սպառնացող իրական վտանգները։ Իսկ դրանք կարող են առարկայական դրսեւորում ստանալ ԱՀ ընդդիմադիր դաշտում առկայ քաղաքական, նաեւ գաղափարական վակուումի պայմաններում, որը պատեհ իրավիճակային պայմաններում շատ արագ կարող է լցւել իսլամական ծայրայեղ արմատական գաղափարներով ուղղորդւող ուժերի կողմից, որոնք, քաղաքական պայքարից բացի, կարող են գնալ նաեւ ռազմական առճակատման ճանապարհով: Նման սցենարի համար, դարձեալ Սիրիայի եւ Իրաքի օրինակով, ԴԱԷՇ-ը լայնօրէն օգտագործել է սոցիալական բազան՝ իշխանութիւններից դժգոհ, իսլամական ծայրայեղ արմատական գաղափարներ ունեցող հասարակական տարբեր շերտերի (Ադրբեջանի պարագայում՝ նաեւ ազգային փոքրամասնութիւնների) ներկայացուցիչներին։

Քննարկւող խնդրի համատեքստում, բնականաբար չի կարելի չյիշատակել նաեւ ժամանակին հէնց ԱՀ իշխանութիւնների կողմից ուղղորդւող «ջիհադականների» խմբերի՝ Մերձաւոր Արեւելք գործուղման իրողութիւնը, որի նպատակներից էր նաեւ վարձկանների կայուն ցանցերի ձեւաւորումը՝ անհրաժեշտ առիթի դէպքում դրանց ծառայութիւններից օգտւելու նպատակով։ Նշւածի ամենաթարմ օրինակը 2016 թ․ ապրիլեան քառօրեայ ռազմական գործողութիւններն էին Արցախում։

 

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։