Հա

Քաղաքական

08/07/2019 - 10:50

Թրամփի վարկանշում նկատւում է ռեկորդային առաջընթաց, սակայն ընտրութիւններին նա կը պարտւէր մի շարք դեմոկրատներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է առաւելագոյն ցուցանիշի երդմնակալութեան պահից նրա վարչակազմի յաջողւած տնտեսական քաղաքականութեան շնորհիւ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է առաւելագոյն ցուցանիշի երդմնակալութեան պահից նրա վարչակազմի յաջողւած տնտեսական քաղաքականութեան շնորհիւ: Այդ մասին վկայում են կիրակի հրապարակւած հասարակական կարծիքի հարցման արդիւնքները, որն անցկացւել էր «Langer Research Associates» սոցիոլոգիական ծառայութեան կողմից «АВС» հեռուստաընկերութեան եւ «The Washington Post» թերթի պատւէրով: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Ըստ հարցման արդիւնքների՝ նախագահի պաշտօնում Թրամփի աշխատանքին հաւանութիւն է տալիս հարցւողների 44 տոկոսը: Աւելի վաղ դրական գնահատական էին տւել նոյն հարցին 42 տոկոսից ոչ աւելի հարցւողներ 2017 թւականի ապրիլին:

Հետազօտողների գնահատմամբ՝ Թրամփի վարկանշի աճը կապւած է տնտեսական ոլորտում նրա քաղաքականութեան հետ, որը հարցւողները յաջողւած են համարում: Մասնաւորապէս, դրական է գնահատել հարցւածների 51 տոկոսը, իսկ բացասական՝ 42 տոկոսը: Միեւնոյն ժամանակ ԱՄՆ-ի նախագահի արտաքին քաղաքականութիւնն արդիւնաւէտ է համարել հարցւածների 40 տոկոսը, իսկ անարդիւնաւէտ՝ 55 տոկոսը: Շուրջ 37 տոկոսը գտնում է, որ Կոնգրեսը պէտք է սկսի Թրամփի իմպիչմենտի գործընթացը, հակառակ կարծիք ունի 59 տոկոսը:

Հարցման մասնակիցներին տրւել էր նաեւ հարցը, թէ ում կընտրէին, եթէ նախագահական ընտրութիւնները տեղի ունենային այսօր: Առաջարկւում էր ընտրութիւն կատարել Թրամփի եւ Դեմոկրատական կուսակցութիւնից առաջադրւելու մեծ հաւանականութիւն ունեցող հինգ դեմոկրատների միջեւ: Այդ հնգեակում ներառւած էին նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնը, Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը, Մասաչուսեթսի սենատոր Էլիզաբէթ Վորէնը, Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի ղեկավար Փիթ Բութեջաջը եւ Կալիֆորնիա նահանգի սենատոր Քամալա Հարիսը: Համաձայն անցկացւած հարցման արդիւնքներին՝ Թրամփը կը պարտւէր նշւած հինգ քաղաքական գործիչներից իւրաքանչիւրին:

ԱՄՆ-ի նախագահի հիսունիններորդ ընտրութիւններն անցկացւելու են 2020 թւականի նոյեմբերի 3-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։