Հա

Քաղաքական

09/07/2019 - 12:10

Քաղաքական դինաստիաններն ու ժողովրդավարութիւնը

Յուլիսի 7-ին Յունաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթել է «Նոր ժողովրդավարութիւն» ընդդիմադիր, աջակենտրոն կուսակցութիւնը՝ ստանալով ձայների 38.9% եւ 300 հոգանոց խորհրդարանի 158 տեղը։ Այսպիսով, Կիրիակոս Միցոտակիսի գլխաւորած կուսակցութիւնը հնարաւորութիւն է ստացել ձեւաւորել կառավարութիւն՝ առանց կոալիցիոն գործընկերների։

ԱՆՆԱ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Յուլիսի 7-ին Յունաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթել է «Նոր ժողովրդավարութիւն» ընդդիմադիր, աջակենտրոն կուսակցութիւնը՝ ստանալով ձայների 38.9% եւ 300 հոգանոց խորհրդարանի 158 տեղը։ Այսպիսով, Կիրիակոս Միցոտակիսի գլխաւորած կուսակցութիւնը հնարաւորութիւն է ստացել ձեւաւորել կառավարութիւն՝ առանց կոալիցիոն գործընկերների։ Թէ ինչու պարտւեց գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» ձախակողմեան կուսակցութիւնը, լուրջ վերլուծութեան կարիք ունի։ Բայց այստեղ կուզէինք ուշադրութիւնը հրաւիրել յաղթած կուսակցութեան առաջնորդի՝ Կիրիակոս Միցոտակիսի անձին եւ ընդհանրապէս ժողովրդավարական պետութիւններում «քաղաքական դինաստիաների» երեւոյթի վրայ։

Եւ այսպէս, Յունաստանի ապագայ վարչապետի հայրը Յունաստանի նախկին վարչապետ (1990-93թթ.) Կոնստանտինոս Միցոտակիսն է, ում աւագ դուստրը՝ Դորա Բակոյանիսը, եղել է Աթենքի քաղաքապետը եւ 2006-2009 թթ. Յունաստանի արտաքին գործերի նախարարը։ Աթենքի ներկայիս քաղաքապետ է ընտրւել Դորա Բակոյանիսի որդին՝ Կոստասը։

Ի դէպ, յիշեցենք, որ Դորա Բակոյանիսը ԵԽԽՎ պատւիրակութեան անդամ է եւ 2014-16 թթ. եղել է այդ կառոյցի ժողովրդավարութեան եւ քաղաքական հարցերի կոմիտէի նախագահ։ Այդ շրջանում նա աչքի էր ընկնում պրոադրբեջանական մօտեցումներով եւ իր որոշակի աւանդն ուներ ԼՂ վերաբերեալ տխրահռչակ «Վոլտերի բանաձեւի» շրջանառման գործում։

Միցոտակիսի՝ վարչապետ ընտրւելն որոշ շրջանակներում համարում են Յունաստանում հաստատւած դինաստիական իստեբլիշմենտի դրսեւորում։ Իսկ որքանով է համատեղելի քաղաքական ժառանգականութիւնը ժողովրդավարական կառավարման սկզբունքների հետ, երկար բանավէճերի տեղիք է տւել։ Օրինակները քիչ չեն նոյնիսկ ամենահասուն ժողովրդավարութիւններում՝ ԱՄՆ նախագահներ հայր եւ որդի Ջորջ Բուշերը, Քենեդիների, Ռուզւելտների, Քլինթոնների ընտանիքները եւ այլն։ Կամ աւելի թարմ օրինակներից՝ ԱՄՆ գործող նախագահ Դոլանդ Թրամփի աղջիկն ու փեսան Սպիտակ տանը պաշտօնավարում են որպէս նախագահի խորհրդականներ։

Քաղաքական դինաստիայի երկար աւանդոյթ ունի նաեւ ամենաբնակեցւած ժողովրդավարական պետութեան համարում ունեցող Հնդկաստանը, որտեղ Ներու-Գանդի ընտանիքի ներկայացուցիչները երկար տարիներ բարձրագոյն պաշտօններ են զբաղեցրել։ Այս յուլիսի 3-ին Ինդիրա Գանդիի թոռը՝ Ռաուլ Գանդին հրաժարւեց «Հնդկաստանի Ազգային Կոնգրես» ընդդիմադիր կուսակցութեան նախագահի պաշտօնից, ինչը որոշ վերլուծաբանների կարծիքով կարող է մօտեցնել քաղաքական այս դինաստիայի վերջը։

Ոչ ժողովրդավարական երկրներում ընտանիքի անդամներին քաղաքական պաշտօններ ժառանգելն ընդհանուր առմամբ տարածւած երեւոյթ է եւ պակաս հարցեր է առաջացնում։ Երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային դարձրեց երկրի փոխնախագահ, շատ քննադատութիւն չհնչեցւեց նեպոտիզիմի այս վառ դրսեւորման նկատմամբ։ Սակայն երբ նմանատիպ երեւոյթներ լինում են յատկապէս երիտասարդ կամ անցումային ժողովրդավարութիւններում, ապա հովանաւորչութեան ու կլանային կառավարման մասին պնդումների պակաս չի լինում։

Մրցակցային ընտրութիւնները եւ կառավարման մարմինների իշխանութեան սահմանադրական փոխանցումն արդիւնաւէտ ժողովրդավարութեան կարեւորագոյն յատկանիշներն են, ինչի պայմաններում քաղաքական գործչի քաղաքական երկարակեցութիւնը պայմանաւորւած է նրա կողմից հանրային ծառայութիւնների արդիւնաւէտ մատուցմամբ, ոչ թէ այս կամ այն ընտանիքին պատկանելու հանգամանքով։ Եթէ հասուն ժողովրդավարութիւններում կան բազմաթիւ հակակշռման մեխանիզմներ ու նաեւ աւանդոյթներ քաղաքական իշխանութեան «կլանացումը» կանխելու կամ գոնէ նւազագոյնին հասցնելու համար, ապա անցումային երկրներում, որտեղ դեռ թարմ են աւտորիտար կառավարման ինստիտուցիոնալ ու մշակութային հետքերը, հզօր քաղաքական ընտանիքների ձեւաւորումը կարող է բերել օլիգոպոլիկ կառավարման համակարգի։ Այս դէպքում եւս կը լինեն ընտրութիւններ, որտեղ միշտ յաղթելու են ազդեցիկ ու հարուստ ընտանիքների ներկայացուցիչները։

Քաղաքական դինաստիաների պաշտպանութեան համար, իհարկէ, կը գտնւեն փաստարկներ, որոնք կը հիմնաւորեն դրանց գոյութեան դրական կողմերը։ Այդուհանդերձ, որքան էլ որ յարգենք ընտանիքն ու ընկերներին, ընտանեվարութիւնն (նեպոտիզմն) ու ընկերների միջոցով կառավարելը (կրոնիզմը) չի նպաստում ժողովրդավարութեան զարգացման միջնաժամկէտ ու երկարաժամկէտ հեռանկարներին։

 

«Panorama.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։