Հա

Քաղաքական

10/07/2019 - 11:10

Նախագահ Թրամփը պատրաստւում է վնասել Միացեալ Նահանգների շահերին՝ պարզապէս Էրդողանին գոհացնելու համար

Նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ սխալ թոյլ տալու եզրին է, վտանգի ենթարկելով Միացեալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի այլ անդամների ապահովութիւնը, եթէ որոշի պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի նկատմամբ ռուսական «S-400» հրթիռները ձեռք բերելու համար, որոնք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինահամակարգին եւ բացայայտում են ամերիկեան օդուժի նորագոյն «F-35» կործանիչների գործողութեան գաղտնիքները:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

 

Նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ սխալ թոյլ տալու եզրին է, վտանգի ենթարկելով Միացեալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի այլ անդամների ապահովութիւնը, եթէ որոշի պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի նկատմամբ ռուսական «S-400» հրթիռները ձեռք բերելու համար, որոնք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինահամակարգին եւ բացայայտում են ամերիկեան օդուժի նորագոյն «F-35» կործանիչների գործողութեան գաղտնիքները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեք բանաձեւ է ընդունել, նախազգուշացնելով Թուրքիային չգնել ռուսական հիթիռները, եւ սպառնացել է արգելել «F-35» կործանիչների վաճառքը Թուրքիային: Բացի այդ, պետքարտուղար Մայք Պոմպէոն եւ ազգային անվտանգութեան պաշտօնեաները հրապարակայնօրէն յայտարարել են, որ Միացեալ Նահանգները խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ ռուսական հրթիռների ձեռքբերման համար: Թրամփը, լինելով անվճռական մարդ եւ սէր տածելով բռնապետերի, եւ, յատկապէս Թուրքիայի բռնակալ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նկատմամբ, իր ամենագլխաւոր խորհրդականներին եւ Կոնգրեսի մեծամասնութեանն անտեսելու եզրին է՝ թոյլ տալով Թուրքիային խախտել ԱՄՆ պատժամիջոցների մասին օրէնքը:

2019 թ. յունիսի 29-ին, երբ «G-20»-ի երկրների ղեկավարները հանդիպեցին Ճապոնիայի Օսակայ քաղաքում, Էրդողանը վերջին հնարաւորութիւնն ունէր համոզելու Թրամփին չպատժել Թուրքիային հրթիռների ձեռքբերման համար:

Ահա հատւածներ Թրամփի խիստ մտահոգիչ յայտարարութիւններից, որոնք նա արել է Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, լրագրողների ներկայութեամբ.

Նախագահ Թրամփ. «... Ինձ համար մեծ պատիւ է լինել ընկերոջս հետ, մի մարդու, որի հետ շատ մտերիմ եմ եղել բազմաթիւ առումներով, եւ նա շատ լաւ աշխատանք է անում, Թուրքիայի նախագահի: Եւ մեր հանդիպումը հիմնականում կապւած է առեւտրի հետ: Մենք աւելի ու աւելի շատ բիզնես ենք անում եւ ակնկալում ենք, որ հնարաւոր կը լինի քառապատկել այդ բիզնեսի ծաւալները Թուրքիայի հետ: Մենք կարծում ենք, որ դա հոյակապ կը լինի: Նրանք հմուտ վարպետներ են եւ հոյակապ արտադրանք ունեն: Եւ մենք բացայայտում ենք այդ: Մենք նաեւ ռազմական արտադրանքի առեւտուր ենք անում, նրանք բաւականին շատ են գնում մեր ռազմական տեխնիկայից: Եւ ինձ համար մեծ պատիւ է լինել Ձեզ հետ, պարոն Նախագահ»:

Այնուհետեւ մատնացոյց անելով սենեակում գտնւող Էրդողանի շքախմբին, Թրամփն ասաց. «Նայէք այս մարդկանց, ինչ լաւն են նրանք: Նայէք նրանց: Այնքան հեշտ է նրանց հետ բանակցել: Նայէք նրանց: Հիմնական դերասաններ: Հոլիվուդեան շրջանակներում նրանց նման մարդիկ չեն պատրաստում»:

Էրդողանը պատասխանեց. «Պարոն Նախագահ, նախ, ուզում եմ յայտնել, որ մեզ համար շատ կարեւոր է միասին հաւաքւել Օսակայի գագաթնաժողովում: Եւ մենք այժմ նպատակ ունենք հասնել 75 միլիարդ դոլարի առեւտրային մակարդակի: Շատ քայլեր կան, որոնք մենք պէտք է անենք պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտում, բայց աւելի կարեւոր է, որ մենք ունենք ռազմավարական գործընկերութիւն: Իսկ ռազմավարական գործընկերութիւնը նաեւ մեզ խրախուսում է ստեղծել համերաշխութիւն բազմաթիւ ոլորտներում, եւ ես լիովին համոզւած եմ, որ մեր համերաշխութիւնը կը շարունակւի ռազմավարական գործընկերութեան շրջանակներում»:

Այս ներածական ելոյթներից յետոյ Թրամփը պատասխանեց լրագրողների հարցերին.

Լրագրող. «Պարոն Նախագահ, ի՞նչ էք անելու «S-400»-ների հետ: Արդեօք ԱՄՆ-ը պատրաստւում է պատժամիջոցնե՞ր կիրառել, եթէ նա ձեռք բերի դրանք»:

Թրամփ. «Դէ, մենք քննարկում ենք դա: Մենք բարդ իրավիճակում ենք, քանի որ նախագահին թոյլ չի տրւել գնել «Փեթրիոթ» հրթիռներ: Ուստի, երբ նա գնել է միւսները՝ S-200-ներ կամ 400-ներ, երբ նա գնել է դրանք, նա ցանկացել է դա անել, սակայն Օբամայի վարչակազմը նրան դա թոյլ չի տւել, մինչեւ որ նա գործարք է կնքել այլ հրթիռներ ձեռք բերելու համար: Այսպիսով, նա գնում է այլ հրթիռ, իսկ յետոյ յանկարծ նրանք ասում են «Այժմ դուք կարող էք գնել մեր հրթիռը»: Դու չես կարող նման բան անել: Դա լաւ չէ, լաւ չէ»:

Լրագրող. «Արդեօք դա նշանակում է, որ հնարաւոր է, այնպէս որ կարող էք...»:

Թրամփ. «Մենք փնտրում ենք տարբեր լուծումներ: Դա խնդիր է, դրա մասին հարց չկայ: Մենք փնտրում ենք տարբեր լուծումներ: Բայց նրան արգելւած էր գնել, մինչեւ որ նա ասաց, թէ ուրիշ բան է գնում: Իսկ յետոյ, երբ նա ուրիշ բան է գնում, բոլորն ասում են՝ «Լաւ, Դուք կարող էք դա գնել: Դուք չէք կարող այդպէս գործ անել: Թուրքիան եղել է մեր ընկերը եւ նրանք արել են, մենք միասին մեծ բաներ ենք արել: Մենք խոշոր առեւտրային գործընկերներ ենք: Մենք պատրաստւում ենք աւելի խոշոր դառնալ: Ես կարծում եմ, որ 75 միլիարդը քիչ է: Կարծում եմ, որ շուտով այն կը լինի աւելի քան 100 միլիարդ դոլար: Դուք չէք կարող վարւել մարդկանց հետ այնպէս, ինչպէս Օբամայի վարչակազմն էր անում...»:

Լրագրող. «Արդեօք ԱՄՆ-ը պատժամիջոցնե՞ր կը կիրառի Թուրքիայի դէմ «S-400»-ի ձեռքբերման համար»:

Թրամփ. «Մենք հետեւում ենք դրան: Բայց դա երկիմաստ է՝ դա երկկողմանի փողոց է: Նրանք չեն վաճառել նախագահին, նրանք թոյլ չեն տւել նրան գնել հրթիռը, որը նա ցանկացել է գնել, որը «Փեթրիոթն» էր: Իսկ յետոյ, երբ նա գնեց ուրիշից, նա ասաց «Այժմ մենք ձեզ կը վաճառենք «Փեթրիոթը»: Այնպէս որ, ես պէտք է ձեզ ասեմ՝ նա ՆԱՏՕ-ի անդամ է, նրա հետ ես ընկերացել եմ: Պէտք է արդարացի վերաբերւէք մարդկանց հետ: Դուք հասկանում էք դա: Դուք պէտք է արդարացի վերաբերւէք մարդկանց հետ: Եւ ես չեմ կարծում, որ նրա հետ արդարացի վարւեցին: Չեմ կարծում, որ նրա հետ արդարացի վարւեցին»:

Լրագրող. «Գնդակը Ձեր դաշտում է, պարոն Նախագահ: Դուք կանէք: Դուք էք որոշում կայացնողը: Պատժամիջոցնե՞ր կը կիրառէք»:

Թրամփ. «Լաւ, կը տեսնւենք հիւրանոցում, ժամը 3:30-ին...»:

Լրագրող. «Պարոն Նախագահ, Դուք պատրաստւո՞ւմ էք յուլիսին մեկնել Թուրքիա: Դուք յուլիսին կը մեկնէք Թուրքիա, պարոն Նախագահ: Ե՞րբ էք գնալու Թուրքիա»:

Թրամփ. «Ինչ-որ պահի ես կը մեկնեմ Թուրքիա: Ինձ հրաւիրել են, եւ ես կը մեկնեմ Թուրքիա, այո»:

Լրագրող. «Ա՞յս տարի, պարոն Նախագահ: Ա՞յս տարի կը մեկնեք Թուրքիա: Յուլիսի՞ն կը մեկնեք»:    

Թրամփ. «Մենք ամսաթիւ չենք նշանակել»:

Ապշեցուցիչ է, որ Թրամփը կողմնակցում է թուրք ղեկավարին ընդդէմ նախկին նախագահ Օբամայի, ԱՄՆ Կոնգրեսի եւ սեփական ազգային անվտանգութեան պաշտօնեաների: Երկրորդ, սուտ է, որ նախագահ Օբաման մերժել է Թուրքիային վաճառել ամերիկեան «Փեթրիոթ» հրթիռները: Թուրքիան չի ընդունել վաճառքի պայմանները:

Ինչպէս իր որոշումներից շատերում, Թրամփը կարծես թէ իր անձնական շահերը՝ մի քանի միլիոն դոլարի եկամուտ՝ Ստամբուլում Թրամփի երկու շէնքերի վրայ իր անունը ունենալու համար, վեր է դասում Միացեալ Նահանգների ազգային շահերից: Ինչո՞ւ էր նա բազմիցս գովաբանում բռնապետ եւ մարդու իրաւունքների գլխաւոր ոտնահարող Էրդողանին:

Այս յօդւածը գրելու պահին ռուսական հրթիռներն արդէն ճանապարհին էին դէպի Թուրքիա: Ինչպիսի՞ն կը լինի Թրամփի վերջնական որոշումը պատժամիջոցների վերաբերեալ: Արդեօք նա վտանգի՞ կենթարկի ՆԱՏՕ-ի եւ Միացեալ Նահանգների ազգային շահերը՝ պարզապէս Էրդողանին գոհացնելու համար: Եթէ նա այդպէս վարւի, ես յուսով եմ, որ ոչ մի ամերիկահայ կամ որեւէ ուրիշ մէկը չի քւէարկի Թրամփի օգտին 2020 թւականին...

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։