Հա

Քաղաքական

13/07/2019 - 10:20

«Ադրբեջանի՝ «Անկախութեան մասին» սահմանադրական ակտով ԽՍՀՄ որոշումներն անուժ են ճանաչւել, այդ թւում` Ղարաբաղի մասին որոշումը». միջազգայնագէտ

Խորհրդարանական դիւանագիտութեան մէջ չափազանց կարեւոր են կուսակցական համակարգի կայացւածութիւնը եւ միջկուսակցական, միջազգային կապերն ու շփումները: «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց միջազգայնագէտ Գէորգ Ղուկասեանը՝ անդրադառնալով Եւրոխորհրդարանում ընտրութիւններից յետոյ ստեղծւած պատկերային փոփոխութեանը, երբ որոշ երկրներում յաջողութիւններ գրանցեցին ազգային-պահպանողական ուժերը:

«alikonline.ir» - Խորհրդարանական դիւանագիտութեան մէջ չափազանց կարեւոր են կուսակցական համակարգի կայացւածութիւնը եւ միջկուսակցական, միջազգային կապերն ու շփումները: «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց միջազգայնագէտ Գէորգ Ղուկասեանը՝ անդրադառնալով Եւրոխորհրդարանում ընտրութիւններից յետոյ ստեղծւած պատկերային փոփոխութեանը, երբ որոշ երկրներում յաջողութիւններ գրանցեցին ազգային-պահպանողական ուժերը:

 

- Ո՞րն է հայկական խորհրդարանական դիւանագիտութեան առկայ խնդիրը:

- Բանն այն է, որ իշխող ուժը, քանի որ նոր է ձեւաւորւած, աւելին՝ չունի գաղափարախօսութիւն, նոյնիսկ դէմ է գաղափարախօսութիւններին, հետեւաբար՝ չունի քաղաքական միջկուսակցական, միջազգային շփումներ: Իշխող քաղաքական ուժը միջազգային որեւէ կուսակցութեան անդամ չէ: Նախորդ խորհրդարանի դէպքում պատկերը տրամագծօրէն այլ էր` ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ էր, ՀՅԴ-ն աւանդաբար ջերմ յարաբերութիւններ ուներ սոցիալիստների հետ տարբեր մակարդակներում՝ ե'ւ միջազգային Սոցինտերնում, որը համաշխարհային կառոյց է, ե'ւ Եւրոպայի սոցիալիստական կուսակցութեան հետ: Այս միջկուսակցական կապերի ամբողջ պոտենցիալն ի նպաստ էր դրւում խորհրդարանական դիւանագիտութեան մէջ յաջողութեան հասնելու համար: Տեսէք, թէ մենք ինչ պատկեր ունենք Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում. իշխող ուժի անդամները ԵԽԽՎ քաղաքական խմբերի անդամներ են դարձել բոլորովին վերջերս, շուրջ մէկ տարի նրանք որեւէ քաղաքական խմբի աշխատանքներում չէին կարողանում ներգրաււել: Մեր պատւիրակութեան 8 անդամներից 3-ը, եթէ չեմ սխալւում, ներգրաււած են Եւրոպական պահպանողականների խմբի աշխատանքներում, մի հոգի՝ Եւրոպայի ժողովրդավարների եւ ազատականների, մի հոգի էլ` սոցիալիստների խմբի աշխատանքներում: Բայց ՔՊ-ն այս խմբակցութիւնների մայր կազմակերպութիւնների հետ որեւէ կապ չունի, այսինքն՝ կուսակցական համակարգի չկայացւածութիւնը եւ կուսակցութեան միջկուսակցական յարաբերութիւնների պակասը խորհրդարանական դիւանագիտութեան կարեւոր մարտահրաւէրներից եւ լրջագոյն խնդիրներից են մնում:

 

- Կարծիքներ կան, որ պէտք է աշխատել եւրոպացի առանձին պատգամաւորների հետ, այսինքն՝ անհատական շփումների միջոցով փորձել ինչ-ինչ հայանպաստ հարցեր լուծել:

- Դա իրատեսական չէ, քանի որ մի քանի հարիւր հոգանոց խորհրդարանների, խորհրդարանական վեհաժողովների հետ աշխատել միջանձնային յարաբերութիւնների մակարդակում ոչ այլ ինչ է, եթէ ոչ` պարզ միամտութիւն: 

 

- Վերջերս իմքայլական պատգամաւոր Վլադիմիր Վարդանեանը յայտարարեց, որ հրաժարւում են ԵԽԽՎ-ն որպես հայ-ադրբեջանական բախման հարթակ ներկայացնելուց եւ հանդէս են գալիս համաեվրոպական օրակարգով, իսկ ադրբեջանական ցանկացած սադրանքի պարագայում նրանք ստանալու են ոչ թէ սիմետրիկ, այլ ասիմետրիկ պատասխան:

- Ինձ մօտ տպաւորութիւն է, որ մեր խորհրդարանական դիւանագիտութեան պատասխանատուներից ոմանք չեն հասկանում, թէ ինչ է խորհրդարանական դիւանագիտութեան էութիւնը, եւ նրանց դա ինչ-որ հոլիվուդեան ֆիլմի սցենար է յիշեցնում, որ գնան ինչ-որ պայքար մղեն, դրա մասին հանրահռչակեն, յետ գան Հայաստան ու դա որպէս աննախադէպ յաջողութիւն ներկայացնեն: Խորհրդարանական դիւանագիտութիւնը սառնասիրտ եւ մեծ մասամբ կուլիսային աշխատանք է: ԵԽԽՎ-ում մենք չպէտք է հակազդողի դերում լինենք, բայց միշտ եղել ենք հէնց այդ դերում, պիտի փորձենք նախաձեռնողի դերում հանդէս գալ: Սա, իհարկէ, ունի իր օբիեկտիւ եւ սուբիեկտիւ պատճառները: Վերջին երկու տարւայ ընթացքում շարունակ սկանդալներ էին Եւրոպայի խորհրդում Ադրբեջանի լոբբիի ֆինանսական զեղծարարութիւնների, կոռուպցիոն դրսեւորումների հետ կապւած, եւ մեր պատւիրակութիւնները մշտապէս այս իրավիճակին էին առերեսւում: Սա էլ պէտք է հաշւի առնենք, բայց մենք չպէտք է մի կողմից գերագնահատենք Եւրոպայի խորհրդի դերն ու լիազօրութիւնները, միւս կողմից՝ չպէտք է թերագնահատենք: Ուղղակի պէտք է փորձել հանդարտ եւ հանգիստ աշխատել, եւ կրկնում եմ՝ ԵԽԽՎ-ում աշխատելու համար միջկուսակցական կապերը, հնարաւորութիւններն են կարեւոր, որոնցից մեր խորհրդարանական դիւանագիտութիւնը, ցաւօք, զուրկ է: ԼՀԿ-ն նոր-նոր է փորձում կապեր հաստատել լիբերալ-դեմոկրատների հետ, ԲՀԿ-ն որոշ յարաբերութիւններ ունի պահպանողականների հետ, բայց չեմ կարծում, թէ դրանք այն աստիճանի են, որ կարող են վերաճել քաղաքական կապիտալի: Իշխող քաղաքական ուժը առհասարակ որեւէ միջկուսակցական յարաբերութիւն չունի, եւ այս ամէնը դժւարութիւններ է ստեղծում խորհրդարանական դիւանագիտութեան համար բոլոր հարթութիւններում՝ ե'ւ Եւրոպայի խորհրդում, ե'ւ ԵԽԽՎ-ում, ե'ւ Եւրոնեսթում: Պէտք են համախոհներ, որոնք կարող են ի յայտ գալ միայն միջկուսակցական պարտաւորութիւնների արդիւնքում:

 

- Ադրբեջանը եւրոպական ուղղութիւններում փոխե՞լ է հակահայ քաղաքականութեան մարտավարութիւնը, խաւիարային դիւանագիտութիւնը: 

- ԵԽԽՎ-ի պարագայում Ադրբեջանն ակնյայտօրէն կաշկանդւած է: Գիտեմ, որ Եւրոպական Միութեան ինստիտուտների հետ աշխատանքում անցած տարւայ կէսերին կամ աշնանը Ադրբեջանը կատարում էր լոբբիստական կառոյցների կազմաիրաւական որոշակի փոփոխութիւններ: Նրանք փորձում են ձերբազատւել լոբբիստական այն կազմակերպութիւններից, որոնք վարկաբեկւած են, եւ, ըստ էութեան, պիտի սպասենք եւրոպական ուղղութեամբ Ադրբեջանի լոբբիստական նոր կառոյցների ծնունդին, յատկապէս` տեղակայւած Բրիւսէլում: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը հիմա մարտաւարական տրանսֆորմացիայի փուլում է` եւրոպական ուղղութեամբ իր լոբբիստական կառոյցներն օգտագործելու համար: 

 

- Տարածաշրջանային այցի շրջանակներում Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ի՞նչ մեսիջներ բերեց Բաքու եւ Երեւան` Ղարաբաղեան խնդրի համատեքստում:

- Եւրոպական քաղաքական միջանցքներում ոչ ֆորմալ առումով մի այսպիսի տրամադրութիւն կայ՝ Հայաստանի հետ Եւրոպական Միութեան յարաբերութիւնները հիմնւած են քաղաքակրթական ընդհանրութիւնների եւ քաղաքական զարգացումների վրայ, իսկ Ադրբեջանի դէպքում՝ տնտեսական հիմքերի: Այս մասին չի յայտարարւում, բայց սա փորձագիտական շրջանակներում, եւրոպական կուլիսներում ընդունւած մտայնութիւն է: Այս համատեքստում է պէտք դիտարկել Տուսկի յայտարարութիւնները: Բացի այս` նաեւ այն համատեքստում, որ նա հեռացող պաշտօնեայ է, նրա լիազօրութիւնները դադարում են, եւ նա պարզապէս այցեր է կատարում Արեւելեան գործընկերութեան տարածաշրջանի երկրներ: Երկրորդ՝ Տուսկի այցը մեր քաղաքագիտական, փորձագիտական շրջանակները չպէտք է խուճապային ընկալեն: Մենք պէտք է փորձենք բարձրացնել այն հարցը, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հետ ընդհանրութիւններ այդքան էլ չունի: Այստեղ ուզում եմ յիշատակել մի ակտ. 1991-ի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանն ընդունեց «Անկախութեան մասին» սահմանադրական ակտը, որով Խորհրդային միութեան ժամանակաշրջանում կայացւած` Ադրբեջանին վերաբերող բոլոր որոշումները ճանաչւել են ուժը կորցրած: Եւ այս համատեքստում, ըստ էութեան, ուժը կորցրած է ճանաչւել նաեւ այն որոշումը, որով Ղարաբաղը տրւել է Ադրբեջանին: Միւս կողմից՝ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Սա պատմական փաստ է, եւ այս շրջանակում մեր փորձագիտական, քաղաքական, քաղաքագիտական հանրոյթը պէտք է տեսնի, թէ ինչպէս պէտք է հակազդել այս հարցին: Այսինքն՝ եթէ մենք ամէն անգամ հիստերիա բարձրացնենք, երբ ինչ-որ մէկը խօսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին, ինչ-որ տեղ կը ստացւի դէ ֆակտօ համաձայնում ենք դրան: Մենք այս յայտարարութեանը պէտք է վերը նշւած փաստով հակազդենք: Ի դէպ, Արցախի անկախութեան հանրաքւէն անցկացւել է 5 օր շուտ, քան Ադրբեջանինը, այսինքն՝ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, եւ խորհրդային սահմանադրութիւնը եւ դրանից յետոյ ընդունւած իրաւակարգաւորումները, մասնաւորապէս` Խորհրդային միութիւնից միութենական հանրապետութիւնների դուրս գալու կարգը հաստատելու մասին օրէնքը սահմանել են այն ընթացակարգը, որոնց համաձայն` Ղարաբաղը դուրս է եկել Ադրբեջանի կազմից եւ հռչակել ինքնուրոյնութիւն: Մենք պիտի ուշադրութիւն դարձնենք այն փաստին, որ Տուսկը ՀՀ-ում վկայակոչեց Հելսինկեան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնցից երկուսը վերաբերում են տարածքային ամբողջականութեանը եւ հաւասար իրաւունքներին ու ժողովուրդների ինքնորոշմանը, ինչպէս նաեւ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Այլ հարց է՝ լաւ կը լինէր, որ Ադրբեջանում եւ Հայաստանում Տուսկը բացած ներկայացնէր այս սկզբունքները, այս դէպքում աւելի դրական մթնոլորտ կը ստեղծւէր, որն աւելի համահունչ կը լինէր եւրոպական քաղաքականութեանը, այսինքն՝ լաւ կը լինէր, որ Հայաստանում նշէր տարածքային ամբողջականութիւնը, առանձնացւած` նաեւ ինքնորոշման իրաւունքը, նոյնն անէր Ադրբեջանում: Մենք պէտք է այս խնդիրը դիտենք նաեւ միջազգային իրաւունքի շրջանակներում: Ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, որպէս այդպիսին, իրաւունք է, իսկ տարածքային ամբողջականութիւնը՝ սկզբունք: Դրանք սահմանւած են ՄԱԿ-ի կանոնադրութեամբ, համապատասխանաբար` առաջին եւ երկրորդ յօդւածներով: Առաջին յօդւածը վերաբերում է ՄԱԿ-ի նպատակներին, որոնց մէջ, ի շարս այլնի, սահմանւում է նաեւ ինքնորոշման իրաւունքի ապահովումը, երկրորդ յօդւածով սահմանւում են սկզբունքները, որոնցից է տարածքային ամբողջականութիւնը: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրութեան` սկզբունքը պէտք է ծառայի նպատակի կենսագործմանը, այլ ոչ թէ հակառակը:

 

Զրուցեց Մարիամ Պետրոսեանը

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։