Հա

Քաղաքական

15/07/2019 - 13:20

«Հայ-ամերիկեան յարաբերութիւնների ներկայիս վիճակը պայմանաւորւած է օբիեկտիւ եւ սուբիեկտիւ մի շարք գործօններով». Նարեկ Մինասեան

Բաքւում եւ Երեւանում Տուսկի՝ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին վերաբերող ելոյթային հատւածները, գրեթէ նույնական էին: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրույցում ասաց քաղաքագէտ Նարեկ Մինասեանը: Ըստ նրա՝ Արցախի հարցում ԵՄ պաշտօնական դիրքորոշման որեւէ փոփոխութիւն չկայ:

«alikonline.ir» - Բաքւում եւ Երեւանում Տուսկի՝ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին վերաբերող ելոյթային հատւածները, գրեթէ նույնական էին: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրույցում ասաց քաղաքագէտ Նարեկ Մինասեանը: Ըստ նրա՝ Արցախի հարցում ԵՄ պաշտօնական դիրքորոշման որեւէ փոփոխութիւն չկայ:

- Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը տարածաշրջան, թերեւս նրա վերջին այցն էր Հարաւային Կովկաս այդ պաշտօնում: Եթէ համեմատենք Բաքւում եւ Երեւանում Տուսկի ելոյթների այն հատւածները, որոնք վերաբերում են Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին, ապա դրանք գրեթէ նոյնական էին: Երկու երկրներում էլ հիմնախնդրի վերաբերեալ նա ընդգծեց մի քանի հիմնական մեսիջ. առաջին՝ հակամարտութիւնը ռազմական լուծում չունի, եւ այն պէտք է կարգաւորւի քաղաքական ճանապարհով, երկրորդ՝ ԵՄ-ն շարունակում է լիարժէքօրէն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ գտնելու արդար եւ տեւական հանգուցալուծում՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներից, երրորդ՝ ԵՄ-ն կարեւորում է բանակցութիւնների համար անհրաժեշտ միջավայրի ձեւաւորումը եւ պատրաստակամ է իր ներդրումն ունենալ մարդասիրական բնոյթի խնդիրների կարգաւորման հարցում:

 

- Եւրոպայի վերաբերմունքը փոխւե՞լ է Արցախի հարցում:

- Արցախի հարցում ԵՄ պաշտօնական դիրքորոշման որեւէ փոփոխութիւն չկայ, այն շարունակում է մնալ հաւասարակշռւած, ինչը Տուսկի հետ հանդիպմանն ողջունեց նաեւ ՀՀ վարչապետը: Յատկանշական է, որ Ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ Տուսկի յայտարարութիւնները լիովին տեղաւորւում էին ԵՄ պաշտօնական դիրքորոշման շրջանակներում, որն ամրագրւած է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագում: Այդ փաստաթղթում վերահստատվում է Եվրոպական Միութեան յայտարարւած յանձնառութիւնը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ղարաբաղեան հակամարտութեան հանգուցալուծման ջանքերին ու մօտեցումներին՝ հիմնւած միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների վրայ, մասնաւորապէս՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարութեան ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան։ Տուսկի յայտարարութեան մէջ այս շեշտադրումը եւս նոյնութեամբ առկայ էր՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրայ յղումով:

 

- ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացում ի՞նչ երեւացող եւ չերեւացող, բայց կռահելի իրավիճակ ունենք:

- Այսօր առկայ իրավիճակն առաւել յստակ պատկերացնելու համար ցանկալի է պայմանականորեն տարանջատել բուն բանակցային գործընթացը եւ բանակցութիւնների համար անհրաժեշտ միջավայրի ձեւաւորմանն ուղղւած ջանքերը: Քաղաքական բանակցութիւնների մասով առաջընթաց չկայ, կողմերը շարունակում են պնդել իրենց մօտեցումները: Այնուամենայնիւ, նոյն հայկական կողմից տեսանելի են նոր շեշտադրումներ, օրինակ բանակցային գործընթացի լիարժէքութեան վերականգնման նպատակով Արցախի վերադարձի հիմնաւորումներում, համանախագահների կողմից ներկայացւած առաջարկների միանշանակ մեկնաբանման խնդիրների հետ կապւած եւ այլն: Նման քննարկումներն այժմ հիմնականում ընթանում են ԱԳ նախարարների մակարդակով, եւ կարելի է ենթադրել (դեռեւս պաշտօնապէս հաստատւած չէ), որ յաջորդ հանդիպումը կը կայանայ Նիւ Եօրքում, որտեղ սեպտեմբերին տեղի կունենայ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը:

Ինչ վերաբերում է բանակցութիւնների համար անհրաժեշտ միջավայրի ձեւաւորմանը, ապա պէտք է արձանագրել, որ սա առանցքային կարեւորութիւն ունեցող խնդիր է: Դուշանբեում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների շնորհիւ, կարծես թէ, յաջողւել էր սահմաններին հաստատել յարաբերական անդորր: Սակայն, վերջին ամիսներին ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերը (դիպուկահարների կիրառում, ինժեներական աշխատանքներ, հրադադարի ռեժիմի խախտումներ եւ այլն) զգալիօրէն մեծացրեցին լարւածութիւնը, ինչի վերաբերեալ անգամ անդրադարձ կայ նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւններում: Այժմ նկատւում է լարւածութեան որոշակի թուլացում:

Յատկանշական է, որ հայկական կողմը բանակցութիւնների համար անհրաժեշտ միջավայրի ձեւաւորման հարցում բաւական կառուցողական եւ նախաձեռնողական է եւ հանդէս է գալիս ռիսկերի նւազեցմանն ուղղւած յստակ առաջարկներով՝ թէ՛ հումանիտար խնդիրների, թէ՛ անվտանգութեան ապահովմանն առնչւող: Օրինակ, յունիսին ՀՀ-ն, հաւատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերին եւ իր ստանձնած միջազգային յանձնառութիւններին, Կարմիր խաչի հովանու ներքոյ իրականացրեց. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլւին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը: Նոյն օրը հայկական կողմին վերադարձւեց չբացայայտւած պայմաններում Ադրբեջանի տարածքում յայտնւած ՀՀ քաղաքացի Զաւէն Կարապետեանը: Մէկ այլ կարեւոր նախաձեռնութիւն է ՀՀ ԱԳ նախարարի կողմից առաջ քաշւած «Դուշանբէ պլիւս»-ի գաղափարը, որը պէտք է ներառի Դուշանբէի, ինչպէս նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները, որոնք եղել եւ մնում են օրակարգում: 

Բանակցութիւնների համար անհրաժեշտ միջավայրի, նպաստող պայմանների առկայութիւնն անհրաժեշտութիւն է եւ այս ուղղութեամբ անհրաժեշտ է, որ ջանքեր գործադրեն բոլոր կողմերը. հնարաւոր չէ ակնկալել որեւէ լուրջ դրական առաջընթաց բանակցութիւններից, քանի դեռ սահմաններին առկայ են էսկալացիայի ռիսկեր:

 

- Եւրոպական պառլամենտում պատկերն ընտրութիւններից յետոյ փոխւեց, հայկական խորհրդարանական դիւանագիտութիւնը, պատւիրակութեան անդամները ի՞նչ նրբութիւններ պիտի հաշւի առնեն, ի՞նչ փոփոխութիւններ պիտի մտցւեն խորհրդարանական դիւանագիտութեան մէջ:

- Չնայած ներկայացւածութեան որոշակի փոփոխութեանը՝ Եւրոխորհրդարանի հիմնական ուժերը կարողացան պահպանել իրենց դիրքերը, ինչը ենթադրում է, որ ԵՄ արտաքին քաղաքականութեան մէջ, մասնաւորապէս Արեւելեան գործընկերութեան ծրագրի հետ կապւած շրջադարձային փոփոխութիւններ հազիւ թե լինեն: Այնուամենայնիւ Եւրոխորհրդարանի, իսկ աւելի ուշ Եւրոյանձնաժողովի ղեկավար պաշտօնների ընտրութիւնները ցոյց տւեցին, որ եւրոպական քաղաքականութեան մէջ կան հասունացած լուրջ խնդիրներ, առկայ է տրամադրութիւնների փոփոխութիւն թէ՛ առաջնորդների, թէ՛ բնակչութեան մակարդակով: Այս ամէնը, անշուշտ, անհրաժեշտ է հաշւի առնել նաեւ ՀՀ արտաքին քաղաքականութեան եւրոպական վեկտորի շրջանակներում: Միեւնոյն ժամանակ կարեւոր է նաեւ, որ Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավարի փոփոխութիւնը (Պիոտր Սւիտալսկիի պաշտօնավարումն աւարտւում է օգոստոսին), ինչպէս նաեւ Եւրոյանձնաժողովի կազմի փոփոխութիւնը չազդեն ՀՀ-ԵՄ փոխգործակցութեան, ՀԸԳՀ կեանքի կոչման գործընթացի տեմպերի վրայ: Նման ռիսկերի չէզոքացման համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը թէ՛ ԱԳՆ մակարդակով, թէ՛ խորհրդարանական դիւանագիտութեան գործիքակազմով եւրոպական կողմի հետ գտնւի մշտական երկխօսութեան մէջ:

 

- Հայ-ֆրանսիական յարաբերութիւններում կ՞ան խնդիրներ, որի մասին չենք խօսում՝ հաշւի առնելով ֆրանսիական դատարանների Արցախի քաղաքների հետ բարեկամութեան պայմանագրերի չեղարկումը, Ադրբեջանին ինչ-ինչ զէնքերի վաճառքը:

- Հայ-ֆրանսիական յարաբերութիւններում նկատելի է յարաբերութիւնների էական ջերմացում եւ զարգացում: Այդ մասին վկայում են ինչպէս երկկողմ փոխայցերը, այնպէս էլ բարձր մակարդակով հնչող յայտարարութիւնները: Բաւական կարեւոր քայլ էր նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վաւերացման գործընթացի մեկնարկը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ֆրանսիական զէնքի վաճառքին, ապա այդ խնդրի հետ կապւած Երեւանի եւ Փարիզի միջեւ կայ ակտիւ երկխօսութեան, բաւական լուրջ ջանքեր են գործադրում նաեւ Ֆրանսիայի հայկական համայնքի կառոյցները: Յատկանշական է, որ փետրւարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող կոմիտէի կողմից կազմակերպւած միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտարարել է, որ Ֆրանսիան երբեւէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զէնք, որը կարող է օգտագործւել Արցախում:

Արցախի քաղաքների հետ բարեկամութեան պայմանագրերի չեղարկման խնդիրը, կարծում եմ, պէտք է դիտարկել աւելի շուտ իրաւական հարթութեան մէջ: Ադրբեջանական կողմին, փաստացի, յաջողւել էր գտնել այդ պայմանագրերի իրաւական տեսանկիւնից խոցելի կողմը, եւ իրաւական հարթութեան մէջ նա կարողացաւ հասնել ցանկալի դատական որոշման: Այնուամենայնիւ, պէտք է ընդգծել, որ խօսքը վերաբերում է Արցախի քաղաքների հետ համագործակցութեան ոչ բոլոր պայմանագրերին: Աւելին, ըստ հնչող յայտարարութիւնների, դատարանի վճիռը ֆրանսիական կողմին ոչ միայն հետ չի պահում Արցախի հետ համագործակցութիւնից, այլ «դրդում է» դրա առաւել խորացման:

 

- Հայ-ամերիկեան յարաբերութիւններն ինչպէ՞ս կը գնահատէք, այս առումով եւս մի շրջան տարբեր կարծիքներ հնչեցին՝ մի մասը դրական է գնահատում, մի մասը վատթարացման միտումներ էր տեսնում:

- Կարծում եմ՝ հայ-ամերիկեան յարաբերութիւններում ներկայիս վիճակը կարելի է պայմանավորել օբիեկտիւ եւ սուբիեկտիւ մի շարք գործօններով՝ Թրամփի վարչակազմի քաղաքականութեան առանձնայատկութիւններից մինչեւ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծւած իրավիճակ:

Այնուամենայնիւ, պէտք է արձանագրել, որ հայ-ամերիկեան յարաբերութիւններն ունեն զարգացման բաւական մեծ ներուժ, եւ այդ նպատակով անհրաժեշտ է վերասահմանել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը, առաւել ամրապնդել ոլորտային համագործակցութիւնը, ինչպէս նաեւ կապերը թէ՛ դաշնային, թէ՛ նահանգային մակարդակներով:

 

Զրուցեց Մարիամ Պետրոսեանը

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։