Հա

Քաղաքական

16/07/2019 - 10:50

«ԵՄ երկրների շահերից չի բխում Իրանի շուրջ լարւածութեան մեծացումը». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ Եւրոմիութեան յարաբերութիւնները Իրանի հետ՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց յետոյ եւս սրւել են: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Իրան-Եւրոմիութիւն յարաբերութիւններին եւ առաջիկայում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստին, որի ժամանակ քննարկւելու է Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակը:

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ Եւրոմիութեան յարաբերութիւնները Իրանի հետ՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց յետոյ եւս սրւել են: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Իրան-Եւրոմիութիւն յարաբերութիւններին եւ առաջիկայում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստին, որի ժամանակ քննարկւելու է Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակը:

«Իրանցիները շատ դէպքերում վերջնագրերի լեզւով պահանջում են նաեւ ԵՄ երկրներից հաւատարիմ մնալ իրենց խոստումներին եւ ստեղծել յատկապէս ֆինանսական մեխանիզմ, որը հնարաւորութիւն կը տայ շարունակել Իրան-Եւրոմիութիւն տնտեսական համագործակցութիւնը, առեւտրային յարաբերութիւնները»,- ասաց նա:

Այս համատեքստում, նա նկատեց, որ ԵՄ երկրները, կարծես թէ, աւելի շատ զբաղւած են սեփական ներքին խնդիրներով, քան Իրանի հետ կապւած հարցերով: «Հետեւաբար հռետորաբանութեան կամ գործողութիւնների մակարդակով որոշակի թիւրընկալման մթնոլորտ է ստեղծւում, որը բերում է անհարկի լարումների»,- ասաց նա՝ մատնանշելով, որ օրինակ, Մեծ Բրիտանիան Բրեքսիթի հետ կապւած խնդիրներ ունի, Գերմանիայում փոխւելու է կանցլերը եւ այլն:

Վարդան Ոսկանեանի խօսքով՝ Եւրոմիությեան անդամ երկրների վրայ կայ նաեւ ամերիկեան ճնշում, որը եւս խոչընդոտում Իրանի հետ յարաբերութիւնների զարգացմանը:

«Մէկ այլ կարեւոր հարթութիւն են նաեւ Իրանի ներսում եղած տրամադրութիւնները. այնտեղ կան ուժեր, որոնք պնդում են, որ եթէ Եւրոմիութիւնը հաւատարիմ չի մնում իր ստանձնած պարտաւորութիւններին, ապա Իրանի՝ Միջուկային համաձայնագրում մնալը դառնում է անիմաստ: Հետեւաբար` Իրանը կարող է համաձայնագրից դուրս գալ՝ ամբողջութեամբ կամ մասամբ եւ իրականացնել դրանից բխող բազմաթիւ գործողութիւններ, այդ թւում նաեւ՝ ուրանի հարստացումը՝ նախատեսւած շեմից աւելին»,- ասաց նա՝ նշելով, որ նկատելի է, որ իրավիճակը լուծում չի ստանայ՝ չնայած նրան, որ տեղի են ունենում բազմակողմանի եւ երկկողմանի բազմաթիւ շփումներ՝ խնդրի լուծումները ստանալու համար:

Նշենք, որ Եւրոմիութեան 28 երկրների արտաքին գործերի նախարարութիւնների ղեկավարները կը քննարկեն Իրանի եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողութիւնների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ իրադրութիւնը: Նախարարները կը քննարկեն ԱՄՆ-ի ռեւ Իրանի միջեւ լարւած յարաբերութիւնների, ինչպէս նաեւ ԳՀՀՊ-ի շրջանակներում իր պարտաւորութիւնների կրճատման մասին Թեհրանի վերջին յայտարարութիւնների հետեւանքների պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նւազման ուղիները։

ԵՄ 28 անդամ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ, ըստ Վարդան Ոսկանեանի՝ իրավիճակի լուծմանը նւիրւած քննարկումներ եւ խորհրդածութիւններ կը լինեն, սակայն դժւար է կանխատեսել, թէ ինչ արդիւնքներ կը լինեն:

«Յամենայն դէպս, ակնյայտ է, որ Եւրամիութեան երկրների շահերից չի բխում Իրանի շուրջ լարւածութեան մեծացումը: Առաւել եւս պատերազմի վտանգը զգալիօրէն անհանգստացնում է Եւրոմիութեան երկրներին, որովհետեւ, ակնյայտ է, որ հնարաւոր պատերազմական գործողութիւնների դէպքում Եւրոմիութիւնն առաջինն է, որը կը բախւի լրացուցիչ փախստականների քանակի հետ, ինչը առանց այն էլ ԵՄ անդամ երկրների համար ստեղծել է լրջագոյն խնդիրներ: Հետեւաբար` Եւրոմիութեան անդամ երկրների շահերից է բխում Իրանի հետ յարաբերութիւնների զարգացումը, նորմալացումը»,- ասաց նա:

Վարդան Ոսկանեանի կարծիքով՝ ԵՄ առանձին երկրները եւ հէնց ԵՄ-ը, որպէս կառոյց, քայլեր եւ մեխանիզմներ կը ձեռնարկեն, որ ունենան մեխանիզմներ Իրանի հետ յարաբերութիւնները զարգացնելու:

«Այդ մեխանիզմի առկայութիւնը շատ կարեւոր է․ այդ խողովակը կարելի է օգտագործել նաեւ Հայաստան-Իրան յարաբերութիւններում՝ հաշւի առնելով Միացեալ Նահանգների այն ճնշումները, որոնք առկայ են մեր բանկային համակարգի վրայ: Այդ ճնշումները զգալի են, եւ խոչընդոտում են հայ-իրանական յարաբերութիւնների զարգացմանը»,- ասաց նա:

Եւրոմիութիւնը, ըստ նրա՝ ունի հնարաւորութիւններ Իրանի հետ առանձին տնտեսական յարաբերութիւններ հաստատելու, դրա ցանկութիւնն էլ կայ, սակայն խնդիրն այն է, որ ԵՄ-ը բազմաշերտ կառոյց է, որի ներսում էլ շահերի բախում կայ:

«Պարզ է, որ Եւրոմիութեան այնպիսի երկրներ, ինչպիսիք՝ Ֆրանսիան կամ Գերմանիան են, ցանկանում են մեխանիզմներ մշակել Իրանի հետ յարաբերութիւնները զարգացնելու, ինչը ե՛ւ տնտեսական առումով է ձեռնտու, ե՛ւ թէ քաղաքական »,- ասաց նա:

Ի՞նչ քաղաքականութիւն են որդեգրել Իրանում արտաքին աշխարհի հետ յարաբերութիւններում։ Վարդան Ոսկանեանն այս համատեքստում յիշատակեց Իրանի կողմից ամերիկեան անօդաչու թռչող սարքերի խոցումը։

«Իրանցիները ներկայացրել են «կարմիր գիծը»՝ անօդաչու թռչող սարքերը խոցելով: Դա բնորոշում է Իրանի ներկայիս արտաքին քաղաքականութիւնը․ որեւէ պարագայում Իրանը թոյլ չի տալու սեփական տարածքային սահմանների խախտում: Պարսից ծոցի տարածաշրջանում իրանցիները չեն զիջելու իրենց դիրքերը: Սա յստակօրէն գծագրւել է իրանական արտաքին քաղաքականութիւնում, դրա հետ պէտք է հաշւի նստեն բոլորը, որովհետեւ Մերձաւոր Արեւելքում Իրանն ունի կենսական շահեր եւ Մերձաւորարեւելեան տէրութիւն է: Փորձը ցոյց է տալիս, որ այդ շահերի հետ հաշւի նստել չի կարելի»,- ասաց նա:

Հիմա, այնուամենայնիւ, իրանցիները որոշակի սպասողական քաղաքականութիւն են վարում՝ հաշւի առնելով Միացեալ Նահանգներում առաջիկայում սպասւող նախագահական ընտրութիւնները:

«Չնայած ամերիկագէտները պնդում են, որ պարոն Թրամփը կը վերընտրւի Միացեալ Նահանգների նախագահ, բայց, այդուհանդերձ, Միացեալ Նահանգներում առաջիկայում աւելի շատ զբաղւած են լինելու ներքաղաքական խնդիրներով, եւ կարծում եմ, ժամանակ չեն ունենալու ծախսելու արտաքին քաղաքական հարցերի, այդ թւում՝ Իրանի վրայ: Հետեւաբար` իրանցիներն այս «պատուհանը» համարում են հնարաւորութիւն՝ սեփական դիրքերն ամրապնդելու եւ աւելի ուժեղ դիրքերից հնարաւոր բանակցութիւնների գնալու համար»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։