Հա

Քաղաքական

18/07/2019 - 12:30

Աւինեան. «Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը կարող են միաւորել էներգացանցերը»

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը ռուսական լրատւամիջոցին պատմել է էներգետիկ ոլորտի խոշոր նախագծի մասին։

«alikonline.ir» - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը ռուսական լրատւամիջոցին պատմել է էներգետիկ ոլորտի խոշոր նախագծի մասին։

Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի էներգացանցերի միաւորումը ցանկութեան դէպքում կարելի է աւարտել 2-3 տարւայ ընթացքում։ ՌԻԱ Նովոստիին տւած հարցազրոյցում նման կարծիք է յայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը։

Նշենք, որ դեռեւս 2015 թւականի դեկտեմբերին Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի եւ էներգետիկ համակարգում անվտանգութեան կառավարման մակարդակի բարձրացման նպատակով համագործակցութեան մասին յուշագիր էին ստորագրել։

Ինչպէս Աւինեանն է նշել, հայկական կողմն այսօր Վրաստանի եւ Իրանի հետ բարձրավոլտ գծեր է կառուցում։ Այս համագործակցութիւնը կարեւորելով՝ փոխվարչապետը նշել է, որ անհրաժեշտ է համաժամանակեայ դարձնել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի ցանցերի աշխատանքը։

Նրա խօսքով` ցանցերի միաւորման նպատակը մէկ գլոբալ շուկայի եւ գլոբալ էներգետիկ ենթակառուցւածքի առկայութիւնն է։

«Մենք ուզում ենք կառուցել համակարգ, որը թոյլ կը տայ սինխրոն աշխատել Ռուսաստանի հետ, կամ փոխակերպել յաճախականութիւնները, որպէսզի կարողանանք կապի մէջ լինել»,- նշել է Աւինեանը։

Աւելի վաղ փոխվարչապետը նաեւ յայտնել էր, որ Հայաստանը մտադիր է հրաժարւել ատոմային էներգետիկայից եւ այժմ բանակցութիւններ է վարում Ռուսաստանի հետ նոր ԱԷԿ-ի կառուցման հարցով։

Յիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը յուլիսի 15-20-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում կը լինի։ Այցի ընթացքում փոխվարչապետը բանակցութիւններ կանցկացնի ՄԱԿ-ի եւ մի շարք երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ։

Դրանից բացի, Նիւ Եօրքում եւ Բոստոնում Աւինեանը կը հանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների եւ հասարակական գործիչների հետ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։