Հա

Քաղաքական

20/07/2019 - 14:20

Թուրքիան դառնում է անկանխատեսելի

Վերջին շրջանում Թուրքիայի շուրջ ընթացող միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նեղացնում են Անկարայի մանեւրելու քաղաքական ռեսուրսները, մեծացնում խնդիրները ռազմական ճանապարհով կարգաւորելու հնարաւորութիւնները։ Տարբեր փորձագէտներ արձանագրում են, որ Արեւմուտքի հետ՝ ի դէմս Վաշինգտոնի ու Բրիւսէլի, Թուրքիայի հակասութիւնները խորացման միտումներ ունեն եւ մտնում են կիրառական նոր փուլ։ Արեւմուտք-Թուրքիա անհամաձայնութիւնները կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի միջազգային հեղինակութեան եւ կշռի վրայ։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

 

Վերջին շրջանում Թուրքիայի շուրջ ընթացող միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նեղացնում են Անկարայի մանեւրելու քաղաքական ռեսուրսները, մեծացնում խնդիրները ռազմական ճանապարհով կարգաւորելու հնարաւորութիւնները։ Տարբեր փորձագէտներ արձանագրում են, որ Արեւմուտքի հետ՝ ի դէմս Վաշինգտոնի ու Բրիւսէլի, Թուրքիայի հակասութիւնները խորացման միտումներ ունեն եւ մտնում են կիրառական նոր փուլ։ Արեւմուտք-Թուրքիա անհամաձայնութիւնները կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի միջազգային հեղինակութեան եւ կշռի վրայ։ Այդ հանգամանքը, մի կողմից, կարող է նւազեցնել Մերձաւոր Արեւելքում, Արեւելեան Միջերկրական-սեւծովեան տարածաշրջաններում Անկարայի դերը, միւս կողմից՝ նրա նշանակութիւնը թէ՛ ԱՄՆ-ի, թէ՛ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ռազմավարութիւնում։

Հիւսիսատլանտեան դաշինքում ակտիւացել են խօսակցութիւնները Թուրքիային «S-400» զենիթահրթիռային համալիրների մատակարարման դէպքում ՆԱՏՕ-ում երկրի դերակատարութեան վերանայման հարցի շուրջ։ Իհարկէ, խօսքն ամենեւին էլ Դաշինքին Թուրքիայի անդամակցութեան նպատակայարմարութեան հարցի բարձրացման հնարաւորութեան մասին չէ, սակայն այն, որ «S-400»-ների շուրջ ռուս-թուրքական գործարքը բացասական հետեւանքներ կունենայ Հիւսիսատլանտեան դաշինքում Անկարայի՝ որպէս վստահելի դաշնակցի հեղինակութեան վրայ, գրեթէ կասկածից վեր է։

Այդ հարցում վճռական են տրամադրւած Սպիտակ տունն ու Պենտագոնը։ Դեռ 2018-ի տարեվերջին ԱՄՆ Պենտագոնի պատրաստած «Թուրքիայի Հանրապետութեան հետ ԱՄՆ յարաբերութիւնների կարգավիճակը» զեկոյցում (Status of the U.S. Relationship with the Republic of Turkey) մասնաւորապէս խօսւում էր այն մասին, որ եթէ Թուրքիան ձեռք բերի «S-400» ԶՀՀ-երը, ապա դա անխուսափելիօրէն բացասական հետեւանքներ կունենայ ինչպէս Միացեալ Նահանգների ու Թուրքիայի յարաբերութիւնների, այնպէս էլ Հիւսիսատլանտեան դաշինքում Թուրքիայի դերի վրայ։

Ռուսական արտադրութեան ՀՕՊ համալիրների մատակարարումը մեկնարկեց ընթացիկ տարւայ յուլիսի 12-ին. «Միւրթեդ» աւիաբազա (նախկին՝ «Աքընջը» աւիաբազա) ուղարկւեց համալիրների սարքաւորումների առաջին խմբաքանակը։ Յուլիսի 17-ին Անկարան հաստատեց համալիրներ տեղափոխող 14-րդ ռուսական ինքնաթիռի վայրէջքը «Միւրթեդ»-ում։

Չյապաղեց Սպիտակ տան արձագանքը. Թրամփը յայտարարեց, որ դադարեցնում է ամերիկեան արտադրութեան «F-35» կործանիչ-ռմբակոծիչների մատակարարումը Թուրքիային։

Անկարան «S-400» համալիրների ձեռք բերման գործարքի հարցում ունի իր հիմնաւորումը, ընդ որում՝ տրամաբանական։ Սիրիայում քաղաքացիական ճգնաժամի բերումով, Թուրքիայի օդային տարածքը 2013 թւականից վերահսկում էին ՆԱՏՕ-ի հովանու ներքոյ գործող ամերիկեան արտադրութեան «Patriot» տեսակի ՀՕՊ համակարգերը։ 2015 թւականի տարեվերջին, երբ լրանում էր համակարգերի տեղակայման մանդատը, Դաշինքում որոշում կայացւեց այլեւս չերկարացնել այն եւ Թուրքիայից դուրս բերել համալիրները։ Արդիւնքում` 2015 թւականի վերջերից Թուրքիայի օդային տարածքը յայտնւեց բաւական խոցելի իրավիճակում։ Էրդողանը, ըստ էութեան, հարկադրւած էր երկրի հակաօդային պաշտպանութեան կազմակերպման այլընտրանքային տարբերակներ մշակել։

«S-400»-ների ռուս-թուրքական գործարքի հարցում, աւանդոյթի համաձայն, բաւական զգուշաւոր, սպասողական դիրք է որդեգրել Թեհրանը։ Կարծում ենք, որ Իրանի համար գործարքը երկակի նշանակութիւն ունի։ Այն շահաւէտ է իրանական կողմին՝ հարցի քաղաքական դիտանկիւնից. Անկարայի կողմից ռուսական «S-400» ՀՕՊ համալիրների ձեռք բերմամբ ԱՄՆ-Թուրքիա հակասութիւնները մտնում են լարւածութեան նոր փուլ։ Տարածաշրջանի տէրութիւններից եւս մէկի՝ Անկարայի հետ յարաբերութիւնների սրացումը Վաշինգտոնի հետ լաւ հնարաւորութիւն է Թեհրանի համար արդիւնաւէտ հակազդելու Վաշինգտոնի ճնշումներին ԱՄՆ-Իրան դիմակայութիւնում։ Հարցի ռազմական բաղադրիչը թերեւս ուղղակիօրէն է հակասում պաշտօական Թեհրանի` տարածաշրջանում ունեցած շահերին. «S-400» համալիրների ձեռք բերմամբ Անկարան կը կարողանայ վերահսկել նաեւ Սիրիայի օդային տարածքի զգալի հատւածը։

Զուգահեռաբար, այսօր շահերի նոր ու ակտիւ վերադասաւորումներ են տեղի ունենում մասնաւորապէս Արեւելեան Միջերկրականում։ Շատ է խօսւել Արեւելեան Միջերկրականի իսրայէլական ու կիպրոսեան ջրային տարածքներում բնական գազի խոշոր պաշարների յայտնաբերման մասին։ Դա պայմանաւորեց տարածաշրջանում ինչպէս Միացեալ Նահանգների, այնպէս էլ Եւրոմիութեան արտաքին քաղաքականութիւնը։ Այսօր Վաշինգտոնի քաղաքական հովանաւորութեամբ դինամիկ զարգանում է Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս էներգետիկ-ռազմավարական առանցքը։ Փորձագէտները նշում են, որ Թրամփի վարչակազմում վերանայւում է Վաշինգտոն-Անկարա ռազմավարական դաշինքը։

Արեւելեան Միջերկրականի էներգետիկ հնարաւորութիւններով մեծապէս հետաքրքրւած է նաեւ ԵՄ-ն։ Մասնաւորապէս` նախատեսւում է մինչեւ 2025 թւականն աւարտել «EastMed» գազատարի շինարարութիւնը, որով Իսրայէլի հանքավայրերից Կիպրոսի ու Յունաստանի տարածքով գազը մատակարարւելու է եւրոպական շուկայ (Իտալիա)։ Եւրոմիութիւնն արդէն ֆինանսական միջոցներ է տրամադրել այդ գազատարի կառուցման տեխնիկական նպատակայարմարութեան հիմնաւորման ծրագրին։

Յիշեցնենք, որ վերջերս թուրքական կողմը Կիպրոսի ԲՏԳ (Բացառիկ տնտեսական գօտի) ջրային տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ էր սկսել։ Անկարայի գործողութիւնները քննադատութեան արժանացան ԵՄ-ի կողմից։ Մի քանի նախազգուշացումներից յետոյ` յուլիսի կէսերին, ԵՄ անդամ պետութիւնների արտգործնախարարները հաւանութիւն տւեցին Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների սահմանմանը Կիպրոսի ԲՏԳ-ում Անկարայի հորատման անօրինական գործողութիւնների կապակցութեամբ։ Փաստաթղթով` Եւրոմիութեան խորհուրդը մասնաւորապէս դադարեցնում է Օդային տարածքի մասին համապարփակ համաձայնագրի ստորագրման շուրջ ընթացող բանակցութիւնները, առժամանակ դադարեցւում է նաեւ ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակով երկխօսութեան նիստերի կազմակերպումը։ Խորհուրդը նաեւ դիմել է Եւրոպական ներդրումային բանկին՝ վերանայելու Թուրքիայում նրա ծաւալած վարկային գործունէութիւնը, ինչպէս նաեւ կրճատելու այդ երկրին յատկացւող ֆինանսական աջակցութեան ծաւալները։ ԵՄ-ն սահմանում է նաեւ ֆինանսական պատժամիջոցներ։ Խորհուրդը հաւանութիւն է տալիս Եւրոյանձնաժողովի առաջարկին՝ կրճատել 2020 թւականին Թուրքիային նախատեսւող ֆինանսական աջակցութիւնը։ Խօսքը վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան շուրջ բանակցային գործընթացի փուլում յատկացւող սուբսիդիաներին։

Կիպրոսի ջրային տարածքում Անկարայի հորատման աշխատանքները դատապարտել են Միացեալ Նահանգները, Յունաստանը, Իսրայէլը։ ԱՄՆ պետդեպարտամենտում Կիպրոսի ԲՏԳ-ում Թուրքիայի գործողութիւնները որակեցին «սադրիչ քայլ»։

Հարցի առնչութեամբ ուշագրաւ է Մոսկւայի պաշտօնական արձագանքը, որը կարելի է «չէզոք» որակել։ Ռուսաստանի ԱԳՆ յայտարարութիւնում մտահոգութիւն էր յայտնւում Թուրքիայի գործողութիւնների կապակացութեամբ եւ կոչ արւում կողմերին` զերծ մնալ քայլերից, որոնք կաւելացնեն լարւածութիւնը։

Դատապարտող յայտարարութեամբ հանդէս եկաւ նաեւ ՀՀ ԱԳՆ-ն։ Յուլիսի 10-ին հնչած յայտարարութիւնում մասնաւորապէս «մտահոգութիւն էր հնչում Թուրքիայի՝ Կիպրոսի հիւսիս-արեւելքում նոր հորատման գործողութիւն իրականացնելու փորձի կապակցութեամբ: Արեւելեան Միջերկրածովեան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողութիւնները վտանգում են տարածաշրջանի անվտանգութիւնն ու կայունութիւնը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցութիւնն ու համերաշխութիւնը Կիպրոսի Հանրապետութեանը եւ նրա ժողովրդին եւ կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գօտում (ԲՏԳ) բոլոր գործողութիւնները, յարգել Կիպրոսի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը եւ Կիպրոսի ժողովրդի իրաւունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման»։

Պէտք է նկատել, որ Հայաստանի ԱԳՆ յայտարարութիւնը կարեւոր նշանակութիւն ունէր Արեւելեան Միջերկրականում հակաթուրքական դաշինքին ուղղակի աջակցման եւ դաշինքի շուրջ ծաւալւող գործընթացներում անուղղակի ներգրավման տեսանկիւնից։

Յիշեցնենք, որ հայկական կողմը կիրառական քայլեր է կատարում նաեւ իր բնական դաշնակիցների՝ Յունաստանի ու Կիպրոսի հետ եռակողմ գործընկերային առանցքի կամ հարթակի ձեւաւորման ուղղութեամբ։ Ընթացիկ տարւայ յունիսի 4-ին Նիկոսիայում կայացաւ Հայաստան-Յունաստան-Կիպրոս ձեւաչափով` արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին եռակողմ հանդիպումը: Կողմերը համաձայնութեան եկան եռակողմ գործընկերութեան ձեւաւորման շուրջ՝ երեք երկրների միջեւ խաղաղութեան, կայունութեան խթանման նպատակով։ Հանդիպման ընթացքում պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց համագործակցել մի շարք ոլորտներում` տնտեսութիւն, առեւտուր, ներդրումներ, ՏՏ ու նորարարութիւն, զբօսաշրջութիւն եւ այլք: Որոշում կայացւեց Հայաստանի, Յունաստանի ու Կիպրոսի ղեկավարների եռակողմ ձեւաչափով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում 2020 թ. յունւարին։

Վերադառնալով Թուրքիայի շուրջ ծաւալւող իրադարձութիւններին` նշենք, որ Վաշինգտոնի ու Բրիւսէլի հետ տարակարծութիւնների խորացման միտումները իրենց հերթին Անկարային կարող են դրդել աւելի իռացիոնալ որոշումների կայացման, որոնք առաջին հերթին բացասաբար կանդրադառնան եւ անդրադառնում են Մերձաւոր Արեւելքի եւ հարակից տարածաշրջաններում կայունութեան ու անվտանգութեան ապահովման վրայ։ Ստեղծված իրավիճակում մեծ է հաւանականութիւնը, որ Թուրքիան կը դառնայ առաւել անկանխատեսելի, որակապէս կիջնի սեփական գործողութիւնների համար պատասխանատւութեան մակարդակը։ Աւելին` տարածաշրջանի այլ տէրութիւնների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ Վաշինգտոնի յարաբերութիւնների սրման բերումով Էրդողանի տարածաշրջանային քաղաքականութիւնը կարող է դառնալ առաւել ագրեսիւ, կոշտ ու անհանդուժող։ Արդէն ուրւագծւում են նշւած իրողութիւնների դրսեւորումները տարածաշրջանային տարբեր հիմնահարցերում։

Վերջերս Թուրքիան զօրքերի ու զինտեխնիկայի, այդ թւում՝ ծանր տեխնիկայի, զրահատեխնիկայի ու տանկերի կուտակումներ է առաջացրել Սիրիայի հետ սահմանին։ Որոշ փորձագէտներ Էրդողանի նման գործողութիւնները պայմանաւորեցին Անկարայի՝ Սիրիա հերթական ներխուժման, Եփրատ գետից արեւելք ընկած հատւած ու Սիրիայի հիւսիսարեւելեան շրջանները վերահսկող տեղի քրդական ուժերի (YPG) դէմ ռազմական գործողութիւններ իրականացնելու մտադրութեան հետ։ Թուրքական կողմը Ռաքքայի հատւածում քանդեց սահմանային արգելապատնէշները։ Յուլիսի կէսերին կողմերի միջեւ ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում բախումներ։ Վաշինգտոնը յայտարարութիւն տարածեց, որում կոչ էր անում Անկարային` զերծ մնալ սահմանային իրավիճակի ապակայունացման փորձերից։ Նկատենք, որ սահմանային լարւածութիւնը մեծացավ ««S-400» համալիրների մատակարարման մեկնարկի մասին Թուրքիայի պաշտօնական յայտարարութեանը զուգահեռաբար։ Դեռ յունիսից Թուրքիայի եւ Սիրիայի զինւած ուժերի միջեւ բախումներ եղան նաեւ Իդլիբում, յարձակում տեղի ունեցաւ թուրքական պահակակէտի վրայ, որին ի պատասխան` թուրքական կողմը թիրախաւորեց Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը։ Որոշ տւեալներով` Իդլիբում տեղի ունեցող ռազմական գործողութիւններում ներգրաււեցին նաեւ ՌԴ յատուկ նշանակութեան ստորաբաժանումները, ինչը կարճ ժամանակ անց հերքեց Մոսկւան։

Յուլիսի 13-ին Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարեց Իրաքի հիւսիսում նոր ռազմական գործողութեան կազմակերպման մասին, որում ներգրաււեցին երկրի զինւած ուժերի յատուկ նշանակութեան զօրքերը՝ հրետանու եւ ռազմաօդային աջակցութեամբ։ Յիշեցնենք, որ Իրաքի հիւսիսում են գտնւում Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութեան բազաներն ու ուսումնական ճամբարները։ Յուլիսի 17-ին Իրաքեան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի ռեստորաններից մէկում զինւած խումբը կրակ էր բացել, ինչի հետեւանքով սպանւեցին Թուրքիայի գլխաւր հիւպատոսութեան երեք աշխատակիցներ, այդ թւում՝ Թուրքիայի գլխաւոր փոխհիւպատոսը։ Որոշ փորձագէտներ այս գործողութեան հետեւում տեսնում են քրդերին։

 

Ամփոփում

Կարող ենք ասել, որ մեր տարածաշրջանին մօտ տեղի ունեցող գործընթացները չեն կարող շրջանցել այն, որոնք ուղղակի, թէ անուղղակի իրենց բացասական ազդեցութիւնն են թողնում տարբեր ուղղութիւններով։ Յուլիսի 16-ի լոյս յուլիսի 17-ի գիշերը հակառակորդը Նախիջեւանից կրակ էր արձակել Վայոց ձորի մարզի Ելփին գիւղի ուղղութեամբ, տեղի ունեցաւ փոխհրաձգութիւն։

Հակւած ենք կարծել, որ նախիջեւանյան այդ սրացումների յետեւում կանգնած է Անկարան։ Խնդիրն այն է, որ կապւած ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա հակասութիւնների հետ, Վաշինգտոնում եւ Բրիւսէլում մեծացել է ուշադրութիւնը Հարաւային Կովկասի նկատմամբ։ Յատկապէս «S-400» համալիրների մատակարարման մեկնարկով Վաշինգտոնը կը փորձի մեծացնել իր ազդեցութիւնը տարածաշրջանում՝ թուլացնելու համար ինչպէս Ռուսաստանի, այնպէս էլ Թուրքիայի դիրքերը։ Սպասելի է նաեւ սահմանային լարւածութեան աճ արցախա-ադրբեջանական ուղղութեամբ։

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։