Հա

Քաղաքական

21/07/2019 - 11:20

«Թրամփին ոչ այնքան վստահելի տեղեկութիւն են տրամադրել, եւ արդիւնքում թերագնահատւել է Մերձաւոր Արեւելքում Թեհրանի պոտենցիալը». Կարէն Վերանեան

«Tert.am»-ը տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի հետ զրուցել է Պարսից ծոցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերեալ:

«alikonline.ir» - «Tert.am»-ը տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի հետ զրուցել է Պարսից ծոցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերեալ:

 

- Պարոն Վերանյան, ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարութիւնը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է, որ Միացեալ Նահանգները «Պահապան» անւանումով ռազմական գործողութիւն է մշակում, որը միտւած է լինելու Մերձաւոր Արեւելքում ծովային ուղիներն անվտանգ դարձնելուն: Սա նոր իրադրութիւ՞ն է ստեղծելու Պարսից ծոցում:

- Այդ քայլով Վաշինգտոնն աւելացնում է Իրանի նկատմամբ իր ճնշումների ռազմական բաղադրիչը: Ենթադրում եմ, որ վերջին շրջանում Թրամփին ոչ այնքան վստահելի տեղեկութիւն են տրամադրել Մերձաւոր Արեւելքում Թեհրանի քաղաքական, ռազմական ու տնտեսական ռեսուրսների ու պոտենցիալի վերաբերեալ: Արդիւնքում, կարծում եմ, որ Թրամփի վարչակազմում թերագնահատել են Իրանի կարողութիւնները` վստահ լինելով, որ տնտեսական պատժամիջոցների գործադրման ճանապարհով կը հարկադրեն Իրանին գնալ զիջումների, ինչը չի կարելի ասել Իրանի վերաբերեալ:

Կարծում եմ, որ մեր հարեւան երկրում յստակ են գիտակցում թէ՛ իրենց, թէ՛ հակառակորդների հնարաւորութիւնները: Մերձաւոր Արեւելքում եւ Պարսից ծոցում վերջին ամիսների իրադարձութիւնները ցոյց են տալիս Իրանի հաստատակամութիւնը` դիմագրաւելու տարածաշրջանային ու միջազգային մարտահրաւէրներին: Այդ հանգամանքը դրդում է ամերիկեան կողմին ուժեղացնելու ճնշումների ռազմական բաղադրիչը:

 

- Յայտնի է, որ Իրանը մշտապէս իր գերիշխող դիրքն է շեշտադրում Պարսից ծոցում եւ փորձում է ինքն այստեղ իրավիճակ թելադրողի դերում լինել: Ի՞նչ սպասել Իրանից՝ որպէս պատասխան ԱՄՆ-ին:

- Նոյնը կարելի է ասել Պարսից ծոցում ստեղծւած իրավիճակի դէպքում. Վաշինգտոնում կա՛մ մտածել են, որ Թեհրանը, ամէն դէպքում, չի դիմի ռիսկի եւ չի գնայ Պարսից ծոցում իր ռազմական վերահսկողութիւնը հաստատելու ճանապարհով, կա՛մ հաշւարկել են, որ եթէ նոյնիսկ այդ սցենարը զարգանայ, ապա հնարաւոր կը լինի Իրանին կարճ ժամանակահատւածում զսպել` առանց ռազմական բաղադրիչի կիրառման: Խնդիրը շատ յստակ է՝ Թրամփը ձգտում է նւազեցնել կամ առհասարակ վերացնել Պարսից ծոցում տարանցիկութեան նկատմամբ Թեհրանի վերահսկողութիւնը: Այլապէս, Արեւմուտքը կարող է կանգնել էներգակիրների մատակարարման սահմանափակումների առջեւ: Դա կը յանգեցնի նաեւ նաւթի համաշխարհային գների բարձրացմանը եւ այլն: Միգուցէ սխալւում եմ, բայց Թրամփի վարչակազմում չեն սպառւել առաւել կառուցողական սցենարները` Իրանին բերել բանակցութիւնների դաշտ: Գտնում եմ, որ Թրամփի վարչակազմում կը լինի այն ողջամտութիւնը եւ գիտակցումը, որ Թեհրանին ուղիղ ռազմական գործողութիւնների նախաձեռնումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ առհասարակ միջազգային անվտանգութեան կայունութեան վրայ: Ինչպէս նշեցի, Թեհրանում բաւական հաստատակամ են տրամադրւած Պարսից ծոցում ստեղծւած իրադրութիւնում, հակառակորդի հետ դիմակայութիւնում: Տպաւորութիւն է, որ իրանական կողմը չի պատրաստւում նահանջել: Հաւանաբար, հարեւան երկրում կան դրա իրատեսական հիմնաւորումները: Իրանն այն երկիրը չէ, որ թերագնահատի սեփական կամ առաւել եւս՝ հակառակորդի պոտենցիալը: Իրանի ղեկավարութիւնն այդ դիմակայութիւնում հաշւարկում է նաեւ Միացեալ Նահանգներում սպասւող նախագահական ընտրութիւնների գործօնը, որը թերեւս, որոշակի զսպող հանգամանք լինի անձամբ Թրամփի համար` չդիմելու ռազմական ուղիղ գործողութիւնների: Անշուշտ, հաշւարկւում են տարբեր գործօններ ու սցենարներ: Իրանը կարող է դա իրեն թոյլ տալ:

 

- ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ Իրանը կը վճարի ինչպէս ոչ ոք, եթէ «որեւէ հիմարութիւն» թոյլ տա Միացեալ Նահանգների նկատմամբ՝ չնայած, որ աւելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն յայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցութիւնների սեղանի շուրջ նստել Իրանի հետ առանց նախապայմանների: Ժամանակ առ ժամանակ հռետորաբանութեան տարբերութիւնն ինչի՞ է վերածւելու ռէալպոլիտիկում:

- Հռետորաբանութիւնն ինքնին տեղաւորւում է ռէալպոլիտիկի ողջ տրամաբանութիւնում` հռետորաբանութեան շեշտադրումներով ու փոփոխութիւններով հանդերձ: Դա յիշեցնում է «մտրակի ու բլիթի» յայտնի մօտեցումը: Այսօր Միացեալ Նահանգները կիրառում է պատերազմի վարման պրոքսի-հիբրիդային գործողութիւնների ողջ սպեկտրը` գործի դնելով գործիքակազմը զուգահեռաբար կամ յաջորդաբար: Այդ հարցում կարեւորագոյն տեղ են զբաղեցնում տեղեկատւական-հոգեբանական ներազդման գործողութիւնները՝ որպէս օրինակ բերեմ թւիթերեան վերջին պատերազմները Իրանի ու ԱՄՆ ղեկավարների միջեւ: Հռետորաբանութեան շեշտադրումների փոփոխութիւնները հնարաւորութիւն են տալիս զգալու հակառակ կողմում առկայ տրամադրութիւնները, տարբեր իրավիճակներին արձագանքման օպերատիւութեան կարողութիւնները... շարքը կարելի է շարունակել: Դեռ վերջերս Իրանի օդային տարածքում ամերիկեան ԱԹՍ-ի խոցման միջադէպից յետոյ կրկին խօսւում էր Թեհրանի նկատմամբ ուղիղ ռազմական գործողութիւնների մեկնարկի անխուսափելիութեան մասին: Ինչպէս տեսնում ենք, ունենք լարւածութեան աճ, սակայն Թրամփը խուսափում է այդ սցենարից: Միգուցէ սխալւեմ իմ գնահատականներում, բայց այսօր էլ քիչ եմ համարում Իրանին ԱՄՆ ռազմական ուղիղ հարւածներ հասցնելու սցենարը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։