Հա

Քաղաքական

22/07/2019 - 08:50

ԱՄՆ-ի պատւիրակութիւնը ժամանել է Թուրքիա քննարկելու Սիրիայի շուրջ ստեղծւած իրավիճակը

Սիրիայի հարցով ԱՄՆ-ի յատուկ ներկայացուցիչ Ջէյմզ Ջեֆրին, որը գլխաւորում է ամերիկեան միջգերատեսչական պատւիրակութիւնը, կիրակի ժամանել է Անկարա, որտեղ յուլիսի 22-23-ին քննարկելու է թուրքական իշխանութիւնների հետ Սիրիայի շուրջ ստեղծւած իրավիճակը:

«alikonline.ir» - Սիրիայի հարցով ԱՄՆ-ի յատուկ ներկայացուցիչ Ջէյմզ Ջեֆրին, որը գլխաւորում է ամերիկեան միջգերատեսչական պատւիրակութիւնը, կիրակի ժամանել է Անկարա, որտեղ յուլիսի 22-23-ին քննարկելու է թուրքական իշխանութիւնների հետ Սիրիայի շուրջ ստեղծւած իրավիճակը: Այդ մասին ըստ «News.am»-ի՝ ասւում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայութեան տարածած յայտարարութեան մէջ:

«Ջեֆրին ժամանել է այսօր (կիրակի) Անկարա Թուրքիայի կառավարութեան հրաւէրով 2019 թւականի յուլիսի 22-23-ը կայանալիք հանդիպումներին մասնակցելու համար»,- նշւած է փաստաթղթում: Դիւանագէտը Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնեաների հետ կը քննարկի Սիրիայի իրավիճակի շուրջ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերը, այդ թւում՝ Թուրքիայի անվտանգութեան խնդիրների լուծումը, ՄԱԿ-ի ԱԽ-ի սիրիական հակամարտութիւնը կարգաւորելու 2254 բանաձեւի իրականացումը, ինչպէս նաեւ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարը:

Յուլիսի 12-ին Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարարութիւնը յայտնել էր, որ Անկարան եւ Վաշինգտոնը մտադիր են քննարկել Սիրիայում անվտանգութեան գօտի ստեղծելու հարցը: Ընթացիկ տարւայ յունւարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկեան գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցութիւններից յետոյ հաստատել է Սիրիայի հիւսիսում բուֆերային գօտի ստեղծելու մտադրութիւնը: Հանրապետութեան նախագահի խօսքով՝ Անկարան պատրաստ է ապահովել այդ տարածքում ցամաքային անվտանգութիւնը, իսկ ամերիկեան կողմը՝ անվտանգութիւնն օդային տարածքում: Ընդ որում՝ ինչպէս նշել է աւելի ուշ Թուրքիայի նախագահի պաշտօնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, բուֆերային գօտի ստեղծելու պարագայում դրա վերահսկողութիւնը կիրականացնի Թուրքիան:

Բուֆերային գօտի ստեղծելու շուրջ քննարկումները սկսւել են դեռեւս 2013 թւականին Սիրիայում ճգնաժամի հետեւանքով: Այդ ժամանակ դիտարկւում էր թռիչքներից ազատւած գօտի եւ սիրիական տարածքում անվտանգութեան գօտի ստեղծելու տարբերակը, որտեղ կարող էին ապաստան գտնել փախստականները: Այդ գաղափարն Անկարան քննարկում է գրեթէ իւրաքանչիւր տարի, սակայն ամէն անգամ մի շարք պատճառներով այդ ծրագրերը կեանքի չեն կոչւում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։