Հա

Քաղաքական

29/07/2019 - 09:40

«Համանախագահող երկրները հակամարտող կողմերին առաջարկում են գնել զինտեխնիկա՝ պայմանով, որ այն չօգտագործւի հակամարտութեան ընթացքում. պարզ չէ, թէ այդ պայմանի վերահսկողութիւնն ինչպէս է լինելու». Գանտահարեան

Տրւող ֆինանսական օգնութեան ծաւալներն ու դրա փոփոխութիւնները պէտք է դիտարկել ԱՄՆ արտաքին քաղաքականութեան հարափոփոխ ուղղութիւնների շրջանակներում։ Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրւող ֆինանսական աջակցութեան ծաւալներին՝ «Tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։

«alikonline.ir» - Տրւող ֆինանսական օգնութեան ծաւալներն ու դրա փոփոխութիւնները պէտք է դիտարկել ԱՄՆ արտաքին քաղաքականութեան հարափոփոխ ուղղութիւնների շրջանակներում։ Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրւող ֆինանսական աջակցութեան ծաւալներին՝ «Tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։

Յիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը «Գործընկերների կարողութիւնների ամրապնդում» ծրագրի շրջանակում 100 մլն. դոլար է յատկացնելու Ադրբեջանին եւ 7 մլն. դոլար` Հայաստանին։ Համեմատութեան համար ասենք, որ 2018 թ. ֆինանսական տարում Ադրբեջանն ստեցել է 58.6 մլն. դոլար, իսկ Հայաստանին տրամադրւած օժանդակութիւնը կազմել է 4.2 մլն. դոլար: 

Գանտահարեանի խօսքով՝ Ադրբեջանին տրւող օժանդակութեան մեծագոյն մասը տրամադրւում է հակաահաբեկչական խմբաւորումների, կազմակերպւած յանցաւորութեան եւ թմրաշրջանառութեան դէմ պայքարի, առափնեայ եւ սահմանային անվտանգութեան, ռազմական հետախուզութեան ոլորտներում իրականացւող աշխատանքների համար.

«Գումարի ծաւալը նախանշում է, որ նշւած ոլորտներում Ադրբեջանում կան նաեւ խորը խնդիրներ։ Քաղաքական մասով, իհարկէ, այստեղ հիմնականում նկատելի է Իրանի գործօնը, յատկապէս, որ այդ յատկացումներն ուղղւում է նաեւ սահմանային անվտանգութեան ամրակայման աշխատնքներին։ Պարզ է, որ քաղաքական հաշւարկում կայ Իրանում ապրող բազմամիլիոնանոց ազերիների հարցը, Իրանի մեկուսացման ընդհանուր քաղաքականութիւնը, որոշակի հաւանականութեամբ նաեւ Անկարայի հետ լարւած իրավիճակում Բաքւի հետ կամուրջները բաց պահելը։ Կարծում եմ՝ Մոսկւայի կողմից Բաքւին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու քննարկումները եւս որոշակի ազդեցութիւն կունենան նման բիւջէի առաջացման վրայ»։

Հարցին՝ Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ բանաձեւն արգելւում է Ադրբեջանին տրամադրել ռազմական աջակցութիւն, բացառութեամբ սահմանւած դէպքերի: Այս պարագայում ինչպէ՞ս է յաջողւում ադրբեջանական լոբբիստական կառոյցներին գտնել շրջանցման զարտուղի ուղիներ, Գանտահարեանը պատասխանեց՝ արգելքները շրջանցելու ուղիներ պետութիւնները միշտ կարող են գտնել, երբ շահերից բխած քայլերի դիմելու հրամայականի առաջ են կանգնած։

«Ֆրանսիան, հակառակ օրինական արգելքին, զինտեխնիկայի առք ու վաճառքի պայմանագիր է կնքում Բաքւի հետ՝ յայտարարելով, որ վաճառւած զինատեսակները չեն օգտագործւելու Արցախի դէմ։ ԱՄՆ ներկայացուցիչների տան պալատը որդեգրեց բանաձեւ, որով արգելւում է ամերիկեան պաշտպանական որոշակի զինատեսակների փոխանցումը Բաքւին, ինչը, կարող է օգտագործւել Ստեփանակերտի օդանաւակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու համար։

Որոշակի պայմանականութեամբ զինտեխնիկայի առք ու վաճառքը կատարւում է. Բոլթոնը Երեւանում ասել էր, որ ամերիկեան զինտեխնիկան աւելի կատարելագործւած է եւ կարող էք գնել ամերիկեանը։ Ուզում եմ ասել, որ երեք համանախագահող երկրները, ընդունելով արցախեան հակամարտութեան հանգուցալուծման բացառապէս խաղաղ միջոցի գերադասումն ու սկզբունքը, հակամարտող կողմերին առաջարկում են գնել զինտեխնիկա՝ պայմանով՝ այն չօգտագործել հակամարտութեան ընթացքում։ Իհարկէ պարզ չէ, թէ այդ պայմանի վերահսկողութիւնն ինչպէս է լինելու»,- նշեց Գանտահարեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։