Հա

Քաղաքական

29/07/2019 - 14:40

Ինչո՞ւ է Պոմպէօն պատրաստ Թեհրան մեկնել

ԲՌԻԿՍ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը կոչ արեց Թեհրանին «համբերութիւն ու դիմացկունութիւն դրսեւորել», հաստատելով, որ Իրանը «բարեխիղճ կատարում է Միջուկային զէնքի չտարածման համաձայնագիրը եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ երաշխիքների համաձայնագիրը»:

ՍՏԱՆԻՍԼԱՒ ՏԱՐԱՍՈՎ

 

ԲՌԻԿՍ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը կոչ արեց Թեհրանին «համբերութիւն ու դիմացկունութիւն դրսեւորել», հաստատելով, որ Իրանը «բարեխիղճ կատարում է Միջուկային զէնքի չտարածման համաձայնագիրը եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ երաշխիքների համաձայնագիրը»: Նրա խօսքով՝ «մեր ամերիկացի գործընկերները ոչ միայն դուրս են եկել համաձայնագրից, որ հաւանութիւն էր ստացել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, այլեւ ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցների սպառնալիքով արգելում են մնացած բոլոր երկրներին կատարել ԱԽ բանաձեւերը, որ իրաւական պարտադիր բնոյթ ունեն»: Լաւրովը եւրոպացիների եռեակին կոչ արեց գիտակցել իրենց պատասխանատւութիւնը միջուկային գործարքի պահպանման համար: 2018-ի յուլիսին ու սեպտեմբերին տեղի ունեցան միջուկային համաձայնագրի երկրների ԱԳ նախարարների հանդիպումներ: Սակայն Իրանի հետ առեւտրատնտեսական համագործակցութեան աստիճանական վերականգնման պայմանաւորւածութիւններն այդպէս էլ դեռ մնում են թղթի վրայ: Յունիսի սկզբին Թեհրան մեկնեց ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգէյ Ռիաբկովը եւ բանակցեց Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչիի հետ: ՌԴ ԱԳՆ տեղեկացրեց, որ այս փուլի գլխաւոր խնդիրն է «փրկել համաձայնութիւնները լիակատար փլուզումից»: Այդ նպատակով առաջարկւում էր համաձայնագրի անդամ երկրների հերթական համատեղ նիստ անցկացնել՝ համաձայնագրի փրկութեան ուղիներ որոնելու: Սայլը դեռ նոյն տեղում է: Աւելին՝ ԱՄՆ-ը շարունակեց գնալ լարւածութեան սրման ճանապարհով ոչ միայն Իրանի շուրջ, այլեւ ամբողջ տարածաշրջանում, իսկ լցանաւերի պատերազմը բարդացրեց Իրանի յարաբերութիւնները Մեծ Բրիտանիայի հետ: Տեսականօրէն համաձայնագրի անդամ եւրոպական երկրները գործողութիւնների մի քանի տարբերակներ ունեն: Կամ հաստատում են իրենց լիակատար հաւատարմութիւնը համաձայնագրի պայմաններին եւ Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի դէմ են դուրս գալիս, կամ հանդէս են գալիս իբրեւ միջնորդ՝ ԱՄՆ-ի ու Իրանի երկխօսութեան մէջ, բայց նախկին ձեւաչափով, որ համաձայնագիրը չփլուզւի: Կամ Իրանին դէմ առ դէմ են դուրս բերում ԱՄՆ-ի հետ՝ նոր համաձայնագրի նախապատրաստման համար՝ հաշւի առնելով ԱՄՆ-ի ներկայացրած պահանջները:

Վերջապէս արաբական ԶԼՄ-ներում տեղեկութիւններ յայտնւեցին, որ իբր Վաշինգտոնն ու Թեհրանը «սկսել են բանակցել Քատարի միջնորդութեամբ» եւ գուցէ սեպարատ գործարք կնքւի առանց համաձայնագրի նախկին մասնակիցների: Բայց տեղեկատւական նման արտահոսքեր լինում են Վաշինգտոնի ու Թեհրանի համարեայ հրապարակային բանավէճին զուգահեռ՝ սկսել կամ չսկսել բանակցութիւնները, եթէ այո, ինչ պայմաններով եւ այլն: Կատաարողի դաւադրապաշտական բազում վարկածներ ասպաէրզ են նետում ամերիկացիները՝ գործելով «Անկրակ ծուխ չի լինում» սկզբունքով: ԱՄՆ ՊՆ նոր նախարար Մարկ Էսպերը յայտարարեց, որ ԱՄՆ-ը չի ցանկանում Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հետագայ էսկալացում եւ պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների: Նրա խօսքով՝ «մեր ազդանշանն Իրանին շատ յստակ է, առանց որեւէ նախապայմանի, ցանկացած պահին, ցանկացած վայրում մենք ցանկանում ենք հանդիպել նրանց եւ խօսել՝ ինչպէս կարող ենք վերադառնալ բանակցութիւններին»: «Bloomberg»-ը հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն հարցին՝ պատրա՞ստ է Իրան մեկնել, եթէ իր ներկայութիւնն անհրաժեշտ լինի, պատասխանել է. «Իհարկէ, եթէ պահանջւի, ես ուրախութեամբ կը գնամ»: Ամերիկացիները՝ յայտարարելով Իրանի հետ առանց նախապայմանների բանակցութեան պատրաստակամութեան մասին, չեն ճշտում՝ հրաժարւե՞լ են նախկինում առաջադրւած պահանջներից՝ տարածաշրջանում Թեհրանի քաղաքականութեան փոփոխութեան, բալիստիկ հրթիռների եւ այլն: Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ը հանգիստ վերաբերւեց, երբ Իրանը միջին հեռահարութեան «Շահաբ-3» հրթիռն արձակեց, յայտարարելով, որ դա «չի սպառնացել Մերձաւոր Արեւելքում ամերիկեան նաւերի կամ ռազմաբազաների եւ ԱՄՆ դաշնակիցների նաւերի անվտանգութեանը»: Նախկինում Վաշինգտոնը կտրականապէս դէմ էր դրան, իսկ Պոմպէօն պահանջում էր, որ Թեհրանը դադարեցնի հրթիռների բոլոր փորձարկումները եւ վերացնի համապատասխան սպառազինութիւնը, թէպետ 2015-ի համաձայնագիրն Իրանին չի արգելում հրթիռներ փորձարկել: Իրան-ամերիկեան հարթութեան վրայ որոշակի իրադարձութիւններ են կատարւում, որոնցից շատերը մեծամասամբ միայն ԶԼՄ-ների մակարդակում են: Իրանական լրատւամիջոցներից հաղորդեց, որ նախագահ Հասան Ռուհանին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին ուղերձ է յղել՝ Թեհրանի ու Վաշինգտոնի յարաբերութիւնների լարումը նւազեցնելու համար նրա «սառեցում սառեցման փոխարէն» ծրագրին այլընտրանք առաջարկելով: Իբր Իրանը այլեւս չի պահանջում, որ Վաշինգտոնը վերադառնայ միջուկային համաձայնագիր, բայց ակնկալում է պատժամիջոցների վերանայում իրանական նաւթի արտահանման եւ միջազգային բանկային գործարքների հարցում: Ռուհանիին նաեւ նախազգուշացնում է «եթէ եւրոպական երկրները դադարեն սխալ որոշումներ ընդունել, ինչպէս Ջիբրալթարում նաւթային լցանաւի կալանաւորումն էր, կը տեսնեն Իրանի համապատասխան արձագանքը»: Նախագահը նշել է, որ Իրանը պատրաստ է «ազնիւ ու օրինական» երկխօսութեան, բայց «չի նստի բանակցութիւնների սեղանի շուրջ, եթէ դա կանխաւ պարտութիւն լինի»: Դա, իհարկէ, արձագանքն է իրանական չկայացած սցենարի՝ եւրոպացիներին ու ամերիկացիներին պարտադրել պահպանել միջուկային համաձայնագրի պայմանները: Հազիւ թէ ԱՄՆ-ը Իրանի հետ ուղիղ երկխօսութիւն սկսի խաղը դնելով նրա պարտութեան վրայ: Թուրքական «Yeni Akit»-ը գրում է, որ Վաշինգտոնը Թուրքիայի հետ բարդութիւններին զուգահեռ կարող է ինչ-որ հարցերում խաղարկել Իրանին, որ որոշակի լարւածութիւն մտցնի Մոսկւա-Թեհրան-Անկարա եռանկիւնու մէջ:

Գուցէ ճիշտ են այն փորձագէտները, որ կածում են՝ «Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ արդէն կայ նախնական երկխօսութեան օրակարգ, իսկ հիմա ոչպաշտօնապէս, բայց օգտագործելով տեղեկատւական պատերազմի միջոցները, համաձայնեցում է կատարւում: Եթէ այդպէս է, շուտով ամէն ինչ կը պարզւի: Նաեւ այն, թէ ինչ դեր ունի Եւրոպան, ում Լաւրովը կոչ էր անում «փրկել միջուկային համաձայնագիրը»:

 

«REGNUM», թարգամնութիւնը՝ «Irates.am»-ի

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։