Հա

Քաղաքական

03/08/2019 - 14:10

Իսրայէլի այլընտրանքային դաշնակիցը

Գրեթէ երկու տասնամեակ է, ինչ Իսրայէլի արտաքին քաղաքականութիւնում սկսել են առաւել մեծ կարեւորութիւն տալ Միջին Ասիային ու Հեռաւոր Արեւելքին։ Այդ միտումը նկատելի է նաեւ հրէական սփիւռքի քաղաքական, ռազմավարական մօտեցումներում։ Պատահական չէ, որ վերջին շրջանում հէնց Միջին Ասիայում ու Հեռաւոր Արեւելքում են հիմնւում հրէական սփիւռքի կոորդինացման տարածաշրջանային տարբեր կենտրոններ։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

 

Գրեթէ երկու տասնամեակ է, ինչ Իսրայէլի արտաքին քաղաքականութիւնում սկսել են առաւել մեծ կարեւորութիւն տալ Միջին Ասիային ու Հեռաւոր Արեւելքին։ Այդ միտումը նկատելի է նաեւ հրէական սփիւռքի քաղաքական, ռազմավարական մօտեցումներում։ Պատահական չէ, որ վերջին շրջանում հէնց Միջին Ասիայում ու Հեռաւոր Արեւելքում են հիմնւում հրէական սփիւռքի կոորդինացման տարածաշրջանային տարբեր կենտրոններ։

Եթէ մինչ վերջին մի քանի տասնամեակները Իսրայէլում եւ հրէութիւնում առանձնակի նշանակութիւն ունէին Միացեալ Նահանգների ու Եւրոպայի հրէական համայնքները՝ որպէս ԱՄՆ-Իսրայէլ, ԵՄ-Իսրայէլ համագործակցութեան զարգացման կարեւորագոյն օղակներից մէկը, ապա այսօր, զուգահեռաբար, մեծանում է դէպի արեւելք ընկած տարածաշրջանների եւ տեղի հրէութեան դերը։

Այդ գործընթացներն, անշուշտ, չեն շրջանցում Հարաւային Կովկասը։ Տարածաշրջանի հետ մերձաւորարեւելեան այդ երկրի կապերի խորացման հարցում յատկապէս ակտիւ գործունէութիւն են իրականացնում Ադրբեջանի, ինչպէս նաեւ Վրաստանի հրէական համայնքները։ Համեմատաբար փոքր է Հայաստանի հրէական համայնքի դերակատարութիւնը, ինչը գուցէ պայմանաւորւած է նաեւ հայ-իսրայէլական քաղաքական յարաբերութիւնների թոյլ զարգացածութեան իրողութեամբ։

Այսօր Իսրայէլի քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակներում շարունակւում են քննարկումները Իսրայէլի արտաքին քաղաքականութեան դիւերսիֆիկացման հարցերի շուրջ։ Մեծապէս կարեւորելով Իսրայէլի ռազմավարական դաշնակցի՝ Միացեալ Նահանգների հետ համագործակցութիւնը, մերձաւորարեւելեան այդ երկրի, ինչպէս նաեւ ոչ հայրենաբնակ հրէութեան քաղաքական, գաղափարական հանրութիւնում չի փարատւում մտահոգութիւնը, որ կայսրութիւնները վաղ թէ ուշ փլուզւում են։ Մերձաւորարեւելեան այդ պետութեան արտաքին քաղաքականութիւնում սկսել են մեծապէս կարեւորել յատկապէս չինական վեկտորը։

Իսրայէլում ռազմավարական հետազօտութիւններ են իրականացւում՝ նւիրւած Իսրայէլ-Չինաստան համագործակցութեանը՝ որպէս ԱՄՆ-Իսրայէլ առանցքին այլընտրանքային ձեւաչափի ռազմավարացման հնարաւորութիւն։ Գիտական վերլուծութիւններ են պատրաստւում՝ նւիրւած հրեաների ու չինացիների քաղաքակրթական, մշակութային, անգամ՝ ծագումնաբանական ընդհանրութիւններին ու դրանց հիմնաւորումներին։

Մերձաւոր Արեւեքն իր հերթին է սկսել աւելի քան հետաքրքրել Պեկինին։ Եթէ մինչ վերջերս Չինաստանում ուշադրութիւն էին դարձնում արաբական երկրների հետ յարաբերութիւնների զարգացմանը, ապա այսօր արդէն լրջօրէն շահագրգռւած են խորացնել գործակցութիւնը այդ թւում Իսրայէլի հետ։ Որոշ փորձագէտները համարում են, որ Մերձաւոր Արեւելքում Պեկինի գործընկերը Թել Աւիւն է։

Խօսւում է, որ կողմերի միջեւ համագործակցութեան զարգացման համար խթան է ռազմական բաղադրիչը։ Որոշ տեղեկութիւններով` դեռ նախորդ դարի 80-ականներին Իսրայէլը Չինաստանին է փոխանցել սպառազինութեան որոշ տեսակներ, ինչպէս նաեւ ռազմական տեխնոլոգիաներ ու նախագծեր։ Դա մասնաւորապէս կապւում է 1979 թւականին կողմերի միջեւ տեղի ունեցած գաղտնի հանդիպման հետ, որը կարողացել էր կազմակերպել յայտնի հրեայ գործարար Սոուլ Էյզենբերգը (Saul Eisenberg)։ Հանդիպմանը յաջորդած երկու տասնամեակների ընթացքում Իսրայէլի ու Չինաստանի միջեւ կայացել է ռազմական տեխնոլոգիաների փոխանցման աւելի քան 60 գործարք, որոնց ընդհանուր արժէքը տատանւում է 1-2 մլրդ. ԱՄՆ դոլարի սահմաններում։

Իսրայէլն այսօր Չինաստանին սպառազինութիւն ու ռազմական տեխնիկա մատակարարող երկրորդ խոշոր պետութիւնն է՝ այդ ցուցանիշով զիջելով դիրքերը միայն Ռուսաստանին։ Չնայած Իսրայէլ-Չինաստան ռազմատեխնիկական եւ տնտեսական այլ ոլորտներում համագործակցութեան հարցում Վաշինգտոնի ցուցաբերած, մեղմ ասած, ոչ բարեկամական տրամադրւածութեանը` երկուստեք նկատւում է համագործակցութեան պարարտ պոտենցիալն օգտագործելու քաղաքական կամք։

Թէեւ Մերձաւոր Արեւելքը շարունակում է մնալ աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մէկը, այդուհանդերձ, դա չի խանգարում, որ այն կարեւորագոյն տեղ ունենայ «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնութեան համատեքստում՝ կարեւորելով Իսրայէլը` որպէս լոգիստիկ կենտրոն։

Այդ դիտանկիւնից` մերձաւորարեւելեան տարածաշրջանում չինական կողմն առանձնայատուկ շահագրգռւածութիւն է ցուցաբերում Իսրայէլի հետ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտում համագործակցութեան խորացման հարցերում։ Իսրայէլը ներառւում է չինական յայտնի «Մարգարտի շարան» կոչւող` Հնդկական ովկիանոսի էներգետիկ, տրանսպորտային հանգոյցի խոշոր նախագծում։

Չինական ընկերութիւնները հետաքրքրութիւն են ցուցաբերում Արեւելեան Միջերկրականի իսրայէլական հատւածում բնական գազի պաշարների շահագործման գործում։ Պեկինը շահագրգռւած է իսրայէլական նաւահանգիստների շահագործման իրաւական գործընթացում ներգրաւման հարցում։ 2015 թւականին չինական ընկերութիւններից Shanghai International Port Group-ը Իսրայէլի կառավարութիւնից ձեռք բերեց Հայֆա քաղաքի նաւահանգստի 25 տարւայ շահագործման իրաւունք։ Չինական մէկ այլ ընկերութիւն՝ China Harbour Engineering-ը, շահել է իսրայէլական Աշդոդ քաղաքի նոր նաւահանգիստի կառուցման տենդերը։ Դա Իսրայէլի ամենախոշոր ներդրումային նախագծերից մէկն է՝ կազմում է 3 մլրդ. ԱՄՆ դոլար։

Վերջին մի քանի տարիներին շօշափելի են դառնում Իսրայէլի բարձր տեխնոլոգիական ոլորտում չինական ներդրումների ծաւալները։ Որոշ տւեալներով` 2016 թւականին ոլորտում չինական ներդրումները գերազանցել են 16.5 մլրդ. ԱՄՆ դոլարը։

 

Իսրայէլում Չինաստանի ներդրումներն՝ ըստ ոլորտների, 2007-2018 թթ.

Յիշատակենք իսրայէլա-չինական յայտնի Water-city համատեղ նախագիծը, որը հնարաւորութիւն էր տալիս Չինաստանում ներդնելու ջրային ռեսուրսների կառավարման, ջրային տեխնոլոգիաների կիրառման իսրայէլական փորձը։ Միայն 2012 թւականին չինական կողմը Իսրայէլին յատկացրեց շուրջ 200 մլն. ԱՄՆ դոլար՝ այդ երկրից ջրի մաքրման տեխնոլոգիաների ձեռք բերման դիմաց։

 

Իսրայէլ Չինաստանի արտահանման ծաւալները, 1992-2016 թթ.

Եթէ 1992 թւականին Իսրայէլի ու Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառութիւնը կազմում էր շուրջ 50 մլն. ԱՄՆ դոլար, ապա 2017-ին այդ ցուցանիշը հաշւում էր 10 մլրդ. ԱՄՆ դոլար, իսկ 2018 թւականին այն աւելացաւ 30%-ով՝ կազմելով աւելի քան 13 մլրդ. ԱՄՆ դոլար։ Միայն 2017 թւականի վիճակագրութեամբ` Իսրայէլից Չինաստան արտահանումների ծաւալը շեշտակի աճ է ունեցել՝ շուրջ 80%: Չինաստանի պաշտօնական տւեալներով` 2016 թւականին Պեկինն Իսրայէլ է արտահանել, ընդհանուր առմամբ, 8 մլրդ. ԱՄՆ դոլարի ապրանք։

 

Իսրայէլից Չինաստանի ներմուծման ծաւալները, 1992-2016 թթ.

Կողմերը պայմանաւորւածութիւն են ձեռք բերել 2019 թւականին ստորագրել համատեղ ազատ առեւտրի գօտի ստեղծելու մասին պայմանագիր։ Երկու երկրների միջեւ վերջին տարիներին ստորագրւել են գիտութեան, նորարարութիւնների, տեխնիկայի, առողջապահութեան, գիւղատնտեսութեան եւ այլ ոլորտներում համագործակցութեան յուշագրեր։

Վաշինգտոնում փորձում են յետ պահել Իսրայէլին Չինաստանի հետ երկխօսութեան խորացման, այդ երկրի ուղղութեամբ Չինաստանի ազդեցութեան տարածման հնարաւոր զարգացումներից։ Այդ հարցում Միացեալ Նահանգների անհանգստութիւնը վերահաստատում է այն, որ ամերիկեան հեղինակաւոր «Ռենդ» կորպորացիան 2019 թւականին պատրաստեց Իսրայէլ-Չինաստան համագործակցութեանը նւիրւած մի զեկոյց՝ The evolving Israel-China relashionship խորագրով (յղումը՝ https://www.rand.org/content/dam/rand/pubs/research_reports/RR2600/RR2641/RAND_RR2641.pdf)

Զեկոյցում մասնաւորապէս խօսւում է, որ 2000-ականների սկզբներից Չինաստանն ու Իսրայէլը զարգացրել են գործակցութիւնը մի շարք ոլորտներում, այդ թւում՝ դիւանագիտութիւն, առեւտուր, ներդրումներ, գիտութիւն ու կրթութիւն, զբօսաշրջութիւն եւ այլն։ Ըստ զեկոյցի փորձագիտական գնահատականների` Իսրայէլը Չինաստանին հետաքրքրում էր երկու կարեւորագոյն առումներով՝ բարձր տեխնոլոգիաների եւ Իսրայէլի դիրքը «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնութիւնում։ Նշւում է, որ Իսրայէլն իր հերթին ձգտում է զարգացնել իր դիւանագիական, տնտեսական եւ ռազմավարական յարաբերութիւնները աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսութիւն ունեցող երկրի հետ եւ դիւերսիֆիկացնել իր արտահանման շուկաներն ու ներդրումները Միացեալ Նահանգներից ու Եւրոպայից։

Վերջին տարիներին երկու երկրները զգալիօրէն զարգացրել են համագործակցութիւնը զբօսաշրջութեան ոլորտում։ Իսրայէլի Կենտրոնական վիճակագրական բիւրոյի տւեալներով` 2014 թւականի ընթացքում Չինաստանից Իսրայէլ է այցելել, ընդհանուր առմամբ, 32.400 զբօսաշրջիկ, 2017-ի տարեվերջին այդ ցուցանիշն արդէն 123.900 էր։

 

Չինաստանից Իսրայէլ այցելած զբօսաշրջիների թիւը, 2014-2017 թթ.

 

Վերջաբանի փոխարէն

Շատ հարցերում փորձում ենք ընդհանրութիւններ գտնել Հայաստանի ու Իսրայէլի միջեւ։ Ընդհանուր գծերից մէկն այն է, որ երկու երկրներն էլ հարկադրւած են զարգանալ հարեւան հակառակորդ երկրներից եկող սպառնալիքների պայմաններում։ Այդ դիտանկիւնից` առաւել քան էական նշանակութիւն է ձեռք բերում նման կարգավիճակում յայտնւած երկրների արտաքին քաղաքականութեան դիւերսիֆիկացման հիմնահարցը։ Հայաստանը, շարունակելով զարգացնել ռազմակավարական դաշնակցութիւնը Ռուսաստանի հետ, հարկադրւած է զուգահեռաբար գտնել արտաքին վստահելի դաշնակիցներ։ Դա առաջին հերթին վերաբերում է չինական գործօնին։ Այսօր Պեկինը սկսել է զգալի ուշադրութիւն դարձնել Հարաւային Կովկասին իր «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան շրջանակում։ Բացի այդ` զարգանում է Չինաստան-ԵԱՏՄ երկխօսութիւնը։ Կարծում ենք, որ հայկական կողմը պէտք է եւ կարող է շատ աւելի առարկայական ու ռազմավարական կարեւորութեան համատեքստում դիտարկել Չինաստանի հետ համագործակցութեան առկայ հնարաւորութիւնները։

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։