Հա

Քաղաքական

15/08/2019 - 09:20

Սիրիայում անվտանգութեան գօտու վերաբերեալ թուրք-ամերիկեան համաձայնութեան երկկողմ նպատակները

Թուրքիայի նախագահի կողմից խոստացւած հերթական յաղթանակը, վստահաբար, վերաբերում է Սիրիայի հիւսիս-արեւելքում՝ մասնաւորապէս Եփրատ գետից արեւելք գտնւող հիմնականում քրդաբնակ շրջաններում այնքան շահարկւած ռազմագործողութեան մեկնարկին։ Մինչդեռ ուշագրաւ է, որ նոր յաղթանակի վերաբերեալ Էրդողանի խոստումը յաջորդել է դրանից ընդամենը օրեր առաջ՝ օգոստոսի 5-7-ին, Անկարայում տեղի ունեցած ամերիկեան եւ թուրքական զինւորական պատւիրակութիւնների հանդիպմանը՝ Սիրիայի վերոնշեալ հատւածում անվտանգութեան գօտու ստեղծման աշխատանքների համակարգման հարցով:

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Թուրք-ամերիկեան համաձայնութիւնը չի լուծում օգոստոսի 11-ին մուսուլմանական կարեւորագոյն տօներից մէկի՝ Զոհաբերութեան տօնի (Իդ ալ-Ադհա) առթիւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յղած շնորհաւորական ուղերձում մասնաւորապէս նշւել է, որ օգոստոսը Թուրքիայի պատմութեան ընթացքում մշտապէս յաղթանակների ամիս է եղել։ Ապա թւարկւել են տարբեր ժամանակներում արձանագրւած մի քանի յաղթանակներ, ինչպէս նաեւ՝ 2016 թ․ Սիրիայում նաեւ քրդական խմբաւորումների դէմ իրականացւած «Եփրատի վահան» ռազմագործողութիւնը, որի շնորհիւ «յաջողւեց խոչընդոտել թուրքական սահմանի հարեւանութեամբ ահաբեկչական միջանցքի ստեղծմանը... Ալլահի կամքով՝ այս օգոստոսին եւս մէկ օղակ կաւելացնենք մեր յաղթանակների շղթային»,- նշւել է Էրդողանի ուղերձում։

Թուրքիայի նախագահի կողմից խոստացւած հերթական յաղթանակը, վստահաբար, վերաբերում է Սիրիայի հիւսիս-արեւելքում՝ մասնաւորապէս Եփրատ գետից արեւելք գտնւող հիմնականում քրդաբնակ շրջաններում այնքան շահարկւած ռազմագործողութեան մեկնարկին։ Մինչդեռ ուշագրաւ է, որ նոր յաղթանակի վերաբերեալ Էրդողանի խոստումը յաջորդել է դրանից ընդամենը օրեր առաջ՝ օգոստոսի 5-7-ին, Անկարայում տեղի ունեցած ամերիկեան եւ թուրքական զինւորական պատւիրակութիւնների հանդիպմանը՝ Սիրիայի վերոնշեալ հատւածում անվտանգութեան գօտու ստեղծման աշխատանքների համակարգման հարցով: Բանակցութիւնների արդիւնքում կողմերը պայմանաւորւել էին՝

  1. Անյապաղ կերպով նախաձեռնել առաջնային միջոցառումներ՝ միտւած Թուրքիայի անվտանգային մտահոգութիւնների վերացմանը,
  2. Հնարաւորինս շտապ Թուրքիայում ձեւաւորել «Համատեղ գործողութիւնների կենտրոն», որը պէտք է զբաղւի անվտանգութեան գօտու ստեղծման աշխատանքների համակարգմամբ եւ ղեկավարմամբ:
  3. Անվտանգութեան գօտին պէտք է դառնայ «խաղաղութեան միջանցք», եւ պէտք է գործադրւեն բոլոր ջանքերը՝ միտւած տեղահանւած սիրիացիներին իրենց հայրենիք վերադարձնելուն:

Նշւած ձեւակերպումներից ակնյայտօրէն երեւում է, որ դրանք վերաբերում են ոչ թէ բուն անվտանգութեան գօտու ստեղծման գործողութեանը, այլ ընդամենը դրա մեխանիզմներին․ ի դէպ, այդ մասին նշել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն՝ թուրք-ամերիկեան հանդիպման կարեւորութիւնը գնահատող թւիթերեան գրառման մէջ։ Այսպէս, դեռեւս 2013 թ․ Անկարայի կողմից օրակարգ բերւած անվտանգութեան գօտու ձեւաւորման խնդրի շրջանակում բանակցող կողմերն այդպէս էլ չեն յստակեցւել ամենառանցքային տեխնիկական «մանրուքները»՝ ինչ ժամանակային սահմաններում եւ ինչ մակերեսով է ձեւաւորւելու գօտին,որ ուժերն են այն վերահսկելու։ Սեփական անվտանգային խնդիրների լուծման նպատակով Անկարան մշտապէս պնդել է 30-40 կմ. խորութեան, 460 կմ. երկայնքով եւ սեփական ուժերով գօտին վերահսկելու պայմանը, մինչդեռ, ըստ ամերիկեան կողմի՝ 15 կմ. խորութեամբ 140 կմ. երկարութեամբ տարածքն էլ բաւարար է՝ բազմակողմ վերահսկողութեան մեխանիզմի ներդրմամբ: Յատկանշական է նաեւ, որ Սիրիայի ԱԳՆ-ն յայտարարել է, թէ Դամասկոսը կտրականապէս մերժում է ՍԱՀ տարածքում անվտանգութեան գօտի ձեւաւորելու վերաբերեալ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ցանկացած պայմանաւորւածութիւն։

Հարկ է յիշեցնել, որ Սիրիայի հիւսիս-արեւելեան շրջանները վերահսկում է ԱՄՆ-ի հովանաւորութիւնը վայելող «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) կոչւած բազմազգ կազմաւորումը, որի առանցքում են Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչւած քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանութեան ջոկատներն» (YPG, PKK-ի սիրիական ճիւղաւորման՝ PYD-ի ռազմական թեւը). հէնց այս կառոյցն է հանդիսանում Սիրիայի տարածքում Վաշինգտոնի առանցքային ցամաքային դաշնակիցը։ Անգամ Անկարայի վերոնշեալ հանդիպումից յետոյ էլ թուրքական կողմը շարունակում է սպառնալ YPG-ի դէմ ինքնուրոյն ռազմական գործողութիւն սկսելու եւ անվտանգութեան գօտին միայնակ ստեղծելու հարցում, իսկ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական մատակարարումները նոյն կառոյցին։

Վերոնշեալի համատեքստում կարելի է եզրակացնել, որ թուրք-ամերիկեան խնդրաբոյլի հերթական կարեւոր բաղադրիչը (ցայժմ, օրինակ, Անկարայի կողմից ռուսական S-400 ԶՀՀ-ների ձեռքբերման, F-35 ռազմական ինքնաթիռների ծրագրի հարցերը եւ այլն) մտնում է անորոշ արդիւնքներով քաղաքական սակարկութիւնների շրջափուլ, որը, չնայած թուրքական կողմի հակառակ հաւաստիացումներին, կարող է նաեւ տեւական լինել, անգամ մաս կազմել այլ խնդիրների հանգուցալուծման համընդհանուր գործընթացի։ Ասել է, թէ, դեռեւս պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել ընդամենը անվտանգութեան գօտու ձեւաւորման մեխանիզմների, այլ ոչ, բնաւ, բուն ձեւաւորման գործընթացի վերաբերեալ։ Ի դէպ, վերոնշեալը եզակի դէպք չէ Սիրիայում թուրք-ամերիկեան ռազմական համագործակցութեան համատեքստում։ Օրինակ, դեռեւս 2016 թ․կողմերի միջեւ համաձայնութիւն էր ձեռք բերւել Սիրիայի Հալէպ նահանգի հիւսիս-արեւելեան Մանբիջ շրջանի, այսպէս կոչւած, ճանապարհային քարտէզի իրականացման հարցում, որը ենթադրում էր համատեղ պարեկային գործունէութիւն՝ հետագայում միայն թուրքական կողմին թողնելու պայմանաւորւածութեամբ, ինչը փաստացի ցայժմ չի իրականացւել։ Ի դէպ, Մանբիջի պատմութեան կրկնութեան հնարաւորութիւնն Անկարայի համաձայնութիւնից յետոյ անմիջապէս շտապել է բացառել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուն։

Ինչ վերաբերում է համաձայնութեան հետ կապւած կողմերի նպատակներին, ապա Վաշինգտոնի մարտավարութիւնից կարելի է եզրակացնել առաւելապէս ժամանակ շահելու տրամաբանութեան մասին։ Ի վերջոյ, ստեղծւած իրավիճակում անգամ անորոշ պայմաններով համաձայնութիւնն աւելի ընդունելի է, քան Թուրքիայի հետ աւելի լուրջ առճակատումը։ Իսկ դրա հնարաւորութիւնը բաւական մեծ է, քանի որ Անկարան վերջին շրջանում ե՛ւ հնարաւոր ամենաբարձր մակարդակի հռետորաբանութեամբ, ե՛ւ ռազմական մանեւրների տեսքով ակնարկում էր Սիրիայի հիւսիս-արեւելքում անյետաձգելի կերպով հերթական ինքնուրոյն «հակաահաբեկչական գործողութիւնը» նախաձեռնելու մասին։ Ուստի, վերոնշեալի համատեքստում զարգացումների հետագայ ընթացքը մեծապէս պայմանաւորւած է Վաշինգտոնի ռազմաքաղաքական ծրագրերից, այլ խնդիրների առնչութեամբ Անկարայից ունեցած ակնկալիքներից՝ մասնաւորապէս՝ արդեօ՞ք ամերիկեան կողմը նպատակադրւած է ամբողջութեամբ դուրս գալ Սիրիայից, ցանկանո՞ւմ է պահպանել դաշնակցային յարաբերութիւնները քրդերի հետ, կը կարողանա՞յ պայմանաւորւել եւրոպական գործընկերների հետ՝ նրանց ԶՈւ-ի միջոցով անվտանգութեան գօտին վերահսկելու հարցում եւ այլն։ Իսկ ցայժմ թւարկւած որեւէ ուղղութեամբ դեռեւս յստակ որոշումներ ԱՄՆ-ի քաղաքականութեան մէջ չեն նշմարւում։ Թերեւս այս տրամաբանութեան օգտին է խօսում նաեւ S-400 ԶՀՀ-ների գործարքի հետ կապւած Սպիտակ տան համեմատաբար մեղմ հակաքայլերն Անկարայի նկատմամբ՝ իրավիճակն աւելի չսրելու եւ երկխօսութեան ու սակարկութիւնների առաւել լայն դաշտ թողնելու առումով։

Թուրքիայի տեսանկիւնից զարգացումների նման ընթացքը, որը նախորդել էր սեփական ԶՈւ-ի կողմից թուրք-սահմանին իրականացւած ռազմական մանեւրներին՝ զուգորդւած Թուրքիայի ղեկավարութեան կոշտ հռետորաբանութեամբ, բացի ուռճացւած անվտանգային նշանակութիւնից, կարեւոր է նախ Ռուսաստանի հետ վերոնշեալ գործարքի հետ կապւած ամերիկեան կողմի առաւել լուրջ հակաքայլերը սահմանափակելու առումով, ինչը փաստացի յաջողւեց։ Բացի այդ ստեղծւած իրավիճակը յաւելեալ խաղաքարտեր է տալիս Թուրքիային՝ Աստանայի ձեւաչափի գործընկերների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ նաեւ Սիրիայում ծաւալւող համագործակցութեան հարթութիւնում, որտեղ վերջին շրջանում, յատկապէս Իդլիբի խնդրով պայմանաւորւած, յարբերութիւններն այնքան էլ հարթ չեն։ Բացի վերոնշեալից, նման «յաղթանակները» Թուրքիաում իշխող քաղաքական վերնախաւի համար յատկապէս կարեւոր են ներքաղաքական գործընթացների տեսանկիւնից։ Մասնաւորապէս, երկրում սրւած սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում, ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքներով խոշոր քաղաքներում կրած պարտութիւնից յետոյ, ակնկալւող նոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեւաւորման գործընթացի համատեքստում Ռ. Թ. Էրդողանին եւ նրա գլխաւորած կուսակցութեանը խիստ անհրաժեշտ են տարբեր ծաւալի եւ բնոյթի ձեռքբերումները, ինչպիսին, օրինակ, կարող է լինել քրդերի դէմ կամ ԱՄՆ-ի հետ բանակցութիւններում որոշակի յաջողութիւնները։

Ամփոփելով կարելի է նշել, որ առաջիկայում սպասւում է թուրք-ամերիկեան յատկապէս ստւերային սակարկութիւնների բաւական թէժ շրջափուլ, որի ժամանակային սահմաններն ու բովանդակային արդիւնքները պայմանաւորւած են բացառապէս իրավիճակային զարգացումներով։ Ինչ խօսք, Սիրիայի հիւսիս-արեւելքում անվտանգութեան գօտու ստեղծման վերաբերեալ թուրք-ամերիկեան գործընթացի ձախողման պայմաններում չի բացառւում նաեւ Անկարայի կողմից սահմանափակ ինքնուրոյն ռազմագործողութեան հնարաւորութիւնը, որը հազիւ թէ լայն մասշտաբներ ընդգրկի։ Նման կանխատեսումը կարելի է հիմնւորել ինչպէս տւեալ շրջանի քրդական կառոյցների համեմատաբար լուրջ հնարաւորութիւնների, նաեւ Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի միւս գործընկերների սկզբունքային դիրքորոշման, այնպէս էլ Թուրքիայի իշխանութիւնների կողմից բաւական ռեսուրսատար եւ անկանխատեսելի արդիւնքներով խնդրայարոյց արկածախնդրութեան մէջ չմտնելու հաշւարկների հանգամանքով։

 

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

  • «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ
    «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ

    Ամերիկացիները պէտք է վերջապէս հասկանան, որ իրենց վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը միանշանակ ձախողւել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հերթական հակաիրանական պատժամիջոցների սահմանումը:

  • Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնների թնջուկը
    Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնների թնջուկը

    Կ. Պոլսի հայ համայնքը վերջին շրջանում յայտնւել է սպասումների եւ լարւածութեան մէջ. 2019 թ. մարտի 8-ից՝ Պոլսոյ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի մահվանից յետոյ, սկսւեց պատրիարքի ընտրութեան երկար ու բարդ գործընթացը:

  • Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը
    Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը

    Միջուկային զէնք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապէս խոչընդոտող ռազմական գործողութիւններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ յետագայում իշխանութեան փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթէ երբեք չի առաջարկում այդ տարբերակը:

  • «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ
    «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ

    Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

  • Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում
    Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում

    Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։