Հա

Քաղաքական

18/08/2019 - 13:40

Ո՞վ է ԱՄՆ նախագահի ամէնից ոչ ցանկալի թեկնածուն հայերի համար

Նիւ Ջերսի նահանգը ԱՄՆ-ի ամենաթուրքաշատ նահանգներից մէկն է, իսկ այդ նահանգի հարաւային Փաթերսոն քաղաքը կոչում են փոքր Ստամբուլ։ Հարաւային Փաթերսոնում բնակւում է ամերիկայի թուրք ներգաղթեալների ամենամեծ համայնքը՝ կազմելով 20 հազար թուրք բնակիչ։ Հէնց այս թուրքաշատ նահանգից է ընտրւել սենատոր, իսկ այժմ նախագահի դեմոկրատ թեկնածու Քորի Բուքերը։ Իր քաղաքական գործունէութիւնը սենատոր Բուքերը սկսել է որպէս Նիւարկի Քաղաքային խորհրդի անդամ։

«alikonline.ir» - Նիւ Ջերսի նահանգը ԱՄՆ-ի ամենաթուրքաշատ նահանգներից մէկն է, իսկ այդ նահանգի հարաւային Փաթերսոն քաղաքը կոչում են փոքր Ստամբուլ։ Հարաւային Փաթերսոնում բնակւում է ամերիկայի թուրք ներգաղթեալների ամենամեծ համայնքը՝ կազմելով 20 հազար թուրք բնակիչ։ Հէնց այս թուրքաշատ նահանգից է ընտրւել սենատոր, իսկ այժմ նախագահի դեմոկրատ թեկնածու Քորի Բուքերը։ Իր քաղաքական գործունէութիւնը սենատոր Բուքերը սկսել է որպէս Նիւարկի Քաղաքային խորհրդի անդամ։ Հետագայում դարձել է նոյն քաղաքի քաղաքապետը՝ պաշտօնավարելով մինչեւ 2013 թ.: 2013 թ.-ից մինչ օրս հանդիսանում է Նիւ Ջերսիից ընտրւած սենատոր։ Այս մասին գրում է Panorama.am-ը:

Սենատոր Բուքերը երբեք Կոնգրեսում չի աջակցել հայանպաստ եւ Ամերիկայի հայկական համայնքի համար կարեւոր եւ ոչ մի բանաձեւի․ չի հովանաւորել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղւած բանաձեւերը, երբեք չի ստորագրել նախագահին ուղղւած ցեղասպանութեան ճանաչման պահանջով նամակները, չի այցելել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման արարողութեանը եւ ի վերջոյ երբեք հանդէս չի եկել հայ-ամերիկեան յարաբերութիւններին եւ Արցախի իրաւունքները պաշտպանող յայտարարութեամբ։

​Հետաքրքրական է վերջինիս սենատոր դառալու պատմութիւնը։ ԱՄՆ-ում իւրաքանչիւր նահանգից ընտրւում է երկուական սենատոր։ Նիւ Ջերսիից ընտրւած սենատորներից մէկը հայամէտ Բոբ Մենենդեսն է, ում դէմ եւ աշխատում էր Նիւ Ջերսիի թուրքական համայնքը՝ փորձելով Սենատ բերել թուրքամէտ (առնւազն ոչ հայամէտ) թեկնածու, ով եւ դարձաւ Քորի Բուքերը։ 2013 թ․ ընտրութիւններում Քորի Բուքերի գլխաւոր հակառակորդը հայամէտ Ֆրանկ Փալոնն էր։ Սա արտահերթ ընտրութիւն էր կապւած սենատոր Ֆրանկ Լութենբերգի մահւան հետ։ Յաղթողը սենատորի պաշտօնը կը ստանձնէր 15 ամիս ժամկէտով՝ հնարաւորութիւն ստանալով վերընտրւել 2014 թ.-ի ընտրութիւններում։ Թուրքական համայնքը եւ ԱՄՆ-ում թուրքական կազմակերպութիւնները ամէն ինչ արեցին, որպէսզի Նիւ Ջերսիից չընտրւի եւս մէկ հայամէտ սենատոր, ուստի ամբողջ ուժերը կենտրոնացրին Քորի Բուքերի յաղթանակի վրայ, ինչին նրանց յաջողւեց հասնել։ Թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, վերջիններս իրենց ամբողջական աջակցութիւնն են յայտնել նրան, իսկ Քորի Բուքերն էլ իր հերթին շնորհակալութիւն է յայտնել թուրքական համայնքի ներկայացուցիչներին եւ նշել, որ ծանօթ է ադրբեջանական եւ թուրքական համայնքներին եւ տեղեակ է վերջիններիս հզօրացման անհրաժեշտութեան մասին։

​Սենատոր Բուքերի եւ Ամերիկայում թուրքական համայնքի միջեւ կարեւոր կապող օղակ է հանդիսանում Փաթերսոն քաղաքի նախկին (մինչեւ 2018 թ.) փոխքաղաքապետ (հասարակական հիմունքներով) եւ Փաթերսոնի թուրք-ամերիկեան ասոցիացիայի նախագահ Դերեա Թաշքինը (Derya Taskin): Վերջինս առաւել յայտնի է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ ուղղւած իր արշաւներով։ Դեռ աւելին Դերեա Թաշքինը հադիսանում է Զարգացման թուրքական ինստիտուտի տնօրէնը։ Թուրքական շահերն առաջ տանելու համար այս կազմակերպութիւնը ակտիւօրէն ներգրաւում է պրոֆեսիոնալ լոբբիստական կազմակերպութիւններ, ինչպիսիք են Cypress Advocacy LLC, Levick Strategic Communications, Mercury Public Affairs LLC, որոնց 2015-2016 թթ. տրամադրւել է աւելի քան 150 հազար ԱՄՆ դոլար։

Պատահական չէ հէնց այս կազմակերպութիւնների ընտրութիւնը, օրինակ՝ «Mercury Public Affairs LLC»-ին ակտիվ կապեր ունի Նիւ Ջերսի նահանգի դեմոկրատների հետ եւ հէնց այս կազմակերպութեան գործադիր տնօրէնն է Մոդիա (Մո) Բաթլերը (Modia "Mo" Butler)։ Այն ժամանակ, երբ սենատոր Բուքերը դեռ Նիւ Ջերսիի խոշորագոյն Նիւարկ քաղաքի քաղաքապետն էր, Բաթլերը նրա աշխատակազմի ղեկավարն էր, իսկ աւելի ուշ դարձաւ Քորի Բուքերի ընտրական քարոզարշաւում աւագ խորհրդական։ Իսկ այս կազմակերպութեան գործընկեր լոբբիստ Մայքըլ Սոլիմանը (Michael Soliman), չնայած հայամէտ սենատոր Մենենդեսի խորհրդականը լինելուն, եղել է Քորի Բուքերի 2014 թ․ ընտրարշաւի գլխաւոր ստրատեգը։ Լոբբիստական մէկ այլ կառուցում Levick Strategic Communications-ում էլ աշխատել է սենատոր Բուքերի 2014-2016 թթ. մամլո խօսնակ Մոնիկա Վոթերսը (Monique Waters)։ Այս ամէնից էլ կարելի է եզրակացնել, որ Քորի Բուքերի եւ այս թուրքամէտ լոբբիստական կազմակերպութիւնների միջեւ ակտիւ համագործակցութիւնը շատ ժամանակ ապահովւում է հէնց այս մարդկանց միջոցով։

Դերեա Թաշքինն այսօր էլ ակտիւօրէն աջակցում է Քորի Բուքերին՝ սոցիալական ցանցերում ակտիւօրէն տարածելով Բուքերի գրառումները եւ իր կազմակերպութեան կողմից (Derya Staffing and Consulting LLC) Բուքերի քաղաքական արշաւներին 2018-2019 թթ. տրամադրելով աւելի քան 9000 ԱՄՆ դոլար։

Մինչ այժմ Քորի Բուքերի աշխատակազմի անդամները նամակագրական կապի մէջ են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարձւած լոբբիստական կազմակերպութիւնների հետ, ինչպիսիք են՝ BGR Government Affairs, Ballard Partners, Greenberg Traurig: Միայն 2013-2018 թթ. Greenberg Trauri»-ը Բուքերին փոխանցել է շուրջ 236.000 ԱՄՆ դոլար ֆինանսաւորում՝ դառնալով սենատորի 6-րդ ամենախոշոր դոնորը։

Քորի Բուքերը հանդիպումներ եւ ելոյթներ է ունենում Ամերիկայի թուրքական համայնքի մօտ։ Օրինակ 2019 թ․ մարտին Վաշինգտոնում Ամերիկայի թուրքական կոալիցիան իրակականցրեց Ամերիկայի թուրք կանանց առաջնորդութեան առաջին ֆորումը (մասնակիցների թւում էր նաեւ Դերեա Թաշկինը), որի ընթացքում գլխաւոր ելոյթ ունեցողներից մէկը հէնց սենատոր Քորի Բուքերն էր։ Վերջինս նաեւ 2018 թ. ամռանը այցելել է Թուրքիա՝ քննարկելու ամերիկա-թուրքական յարաբերութիւնների առանցքային հարցերը։

Կարելի է եզրակացնել, որ Քորի Բուքերը Հայաստանի եւ Ամերիկայում հայ համայնքի համար նւազ շահեկան նախագահի թեկնածուն է։ Ինչ վերաբերում է վերջինիս դեմոկրատական կուսակցութեան գլխաւոր թեկնածու դառնալու հնարաւորութեանը, ապա վիճակագրական տւեալները տրամադրում են բաւական տարբեր թւեր, օրինակ՝ CNN-ի եւ New York Times-ի տւեալներով Քորի Բուքերի վարկանիշը կազմում է 2%: Մինչդեռ Morning Consult-ի հարցումները առանձնացնում են երկու արդիւնք, նախ դեմոկրատական կուսակցութեան ընդհանուր ընտրողների շրջանում (Democratic primary voters) վերջինս հաւաքում է 3%, իսկ այն նահանգներում, որտեղ ընտրութիւններն անցկացւում են աւելի վաղ (Այովա, Նիւ Հեմփշիր, Հարաւային Կարոլինա, Նեւադա, Early primary state voters) Բուքերը ստանում է ընտրողների ձայների 6%-ը։ Չնայած նրա վարկանիշի ցածր լինելուն, չի բացառւում, որ լաւ քարոզարշաւ իրականցնելու դէպքում դեմոկրատների գլխաւոր թեկնածուն Բուքերին առաջարկի փոխնախագահի կամ մէկ այլ կարեւոր պաշտօն, նախ հաշւի առնելով վերջինիս աֆրոամերիկեան ծագումը, երկրորդը՝ հաշւի առնելով նրա որպէս սենատոր բարձր վարկանիշ ունենալու հանգամանքը (47%)։ Չէ, որ նման նախադէպ եղել է հէնց Դոնալդ Թրամփի դէպքում, ով իր հակառակորդ Բէն Քարսոնին նշանակեց Բնակարանային շինարարութեան եւ քաղաքային զարգացման քարտուղար։ Նմանատիպ սցենար չպէտք է բացառել նաեւ Քորի Բուքերի պարագայում։

Աղբիւրը՝ Armenian Center for American Studies ոչ կառավարական կազմակերպութիւն։

Յարակից լուրեր

  • «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ
    «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ

    Ամերիկացիները պէտք է վերջապէս հասկանան, որ իրենց վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը միանշանակ ձախողւել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հերթական հակաիրանական պատժամիջոցների սահմանումը:

  • Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը
    Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը

    Միջուկային զէնք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապէս խոչընդոտող ռազմական գործողութիւններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ յետագայում իշխանութեան փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթէ երբեք չի առաջարկում այդ տարբերակը:

  • «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ
    «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ

    Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

  • Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում
    Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում

    Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

  • ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել
    ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել

    ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել: Այս մասին համապատասխան յայտարարութեամբ է հանդէս եկել ԱՄՆ ֆինանսների նախարարութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։