Հա

Քաղաքական

21/08/2019 - 12:40

Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ Միացեալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հանդէպ Եւրոմիութեան բացասական դիրքորոշումից յետոյ պաշտօնական Թեհրանը ԵՄ նկատմամբ իր քաղաքականութեան մէջ որոշակի վերանայումներ իրականացրեց, ինչն Իրանի եւ «4+1 խմբի» անդամ եւրոպական երկրների միջեւ վերջին շրջանում առաջացած լարւածութիւնը մեղմելու հնարաւորութիւն տւեց:

ԱՐՄԷՆ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ

 

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ Միացեալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հանդէպ Եւրոմիութեան բացասական դիրքորոշումից յետոյ պաշտօնական Թեհրանը ԵՄ նկատմամբ իր քաղաքականութեան մէջ որոշակի վերանայումներ իրականացրեց, ինչն Իրանի եւ «4+1 խմբի» անդամ եւրոպական երկրների միջեւ վերջին շրջանում առաջացած լարւածութիւնը մեղմելու հնարաւորութիւն տւեց:

2018 թ. ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնութիւնից միակողմանիօրէն դուրս գալուց յետոյ Եւրոմիութիւնը քաղաքական կոնիւնկտուրայից ելնելով Իրանի հետ համագործակցութեան վերաբերեալ բազմիցս յայտնել է իր դիրքորոշումը. Որոշ դէպքերում այն ողջունւել է պաշտօնական Թեհրանի կողմից, որոշ դէպքերում ԻԻՀ կողմից այն արժանացել է քննադատութեան:

Եթէ պարզ ձեւակերպենք, ապա Եւրոմիութիւնը պատրաստ չէ փոխհատուցել ԱՄՆ-ի գործողութիւններով պայմանաւորւած Իրանին հասցւած տնտեսական վնասները, բայց միւս կողմից ԵՄ-ն իր քաղաքական աջակցութիւնն է յայտնում Թեհրանին՝ դէմ արտայայտւելով ամերիկեան պատժամիջոցներին: Միեւնոյն ժամանակ Եւրոմիութեանը խիստ մտահոգում է Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում առաջացած լարւածութիւնը, որը հնարաւոր է սրի մերձաւորարեւելեան տարածաշրջանում առկայ առանց այն էլ չափազանց լարւած իրավիճակը:

Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ս.թ. յունիսին Իրան կատարած այցը չբաւարարեց Եւրոմիութեան ակնկալիքները, Թեհրանը վերահաստատեց իր այն պնդումը, թէ «Եւրոմիութիւնը խօսքից պէտք է անցնի գործի»: Սակայն ԻԻՀ ԱԳ նախարարի նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցից յետոյ ԻԻՀ դիրքորոշման մէջ որոշակի փոփոխութիւն նկատւեց: Այս անգամ Իրանի հետ սկսեց բանակցել Ֆրանսիան, որին կարծես թէ յաջողւում է արդիւնաւէտ երկխօսութիւն ձեւաւորել:

Վերջին մէկ ամսւայ ընթացքում Իրանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ երկու հեռախօսազրոյց է տեղի ունեցել: Այդ ընթացքում ԻԻՀ նախագահի յատուկ բանագնաց, ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչին Փարիզ կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահին է յանձնել Հասան Ռոհանիի ուղերձը:

Օգոստոսի 19-ին Իրանի ԱԳ նախարարութեան մամուլի խօսնակ Աբբաս Մուսաւին լրագրողների հետ հանդիպմանը, մանրամասներ է ներկայացրել Փարիզի եւ Թեհրանի միջեւ ընթացող երկխօսութիւնից՝ չբացառելով Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հնարաւոր այցն Իրան:

Աւելին՝ ԻԻՀ արտաքին գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցչի խօսքով՝ հնարաւոր է՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Մակրոնի հրաւէրով մասնակցի G7 գագաթնաժողովին:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ամերիկեան պատժամիջոցից յետոյ այս օրերին այցելել է Սկանդինաւեան երկրներ, որտեղ բաւական արդիւնաւէտ հանդիպումներ է ունեցել: Զարիֆն առաջիկայ օրերին այցելելու է նաեւ Փարիզ, որտեղ առանձին հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահի եւ արտգործնախարարի հետ:

Դատելով ֆրանս-իրանական յարաբերութիւններում վերջին շրջանում տեղի ունեցող ակտիւ շփումներից՝ կարելի է եզրակացնել, որ Փարիզի նախաձեռնած Եւրոմիութեան եւ Իրանի միջեւ քաղաքական երկխօսութիւնը դրական արդիւնքներ է տալիս:

Իրանի համար ակնյայտ է, որ Եւրոմիութիւնն այլեւս չի կարողանալու ապահովել միջուկային համաձայնութեան տնտեսական հատւածի իրագործումը, հետեւաբար ստեղծւած իրավիճակում Թեհրանը փորձում է առաւելագոյնս օգտւել ԵՄ քաղաքական աջակցութիւնից՝ հոգեւոր առաջնորդի եւ ԱԳ նախարարի նկատմամբ սահմանւած ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում՝ ընդգծելով «Միացեալ Նահանգներն իր քաղաքականութեամբ միայնակ է մնացել» իրանական դիւանագիտութեան առաջ քաշած թեզը:

Ինչ վերաբերում է Եւրոմիութեանը, ապա վերջինիս համար կարեւոր է Մերձաւոր Արեւելքի համեմատաբար կայունութիւնը եւ Սիրիայի շուրջ կանխատեսելի գործընթացները: Այդ համատեքստում Իրանը, դեռ ունենալով ազդեցիկ դերակատարութիւն, կարող է Եւրոմիութեան շահերին համահունչ քաղաքականութիւն վարել:

Իրանի դերը յատկապէս կարեւորւում է այն հանգամանքով, որ սեպտեմբերի 11-ին Սիրիայի հարցով Անկարայում տեղի է ունենալու Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների 5-րդ եռակողմ հանդիպումը, իսկ դրանից յետոյ նախատեսւում է կրկին Սիրիայի հարցով Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների քառակողմ հանդիպումը:

 

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։