Հա

Քաղաքական

02/09/2019 - 11:10

Ամազոնիայում հրդեհների թիւն օգոստոսին ռեկորդային է դարձել 2010 թւականից ի վեր

Բռնկումների գրեթէ 31 հազար օջախ է անցած ամսին գրանցւել Ամազոնիայի բրազիլական մասում: Դա վերջին ինը տարւայ ամենաբարձր ցուցանիշն է եւ գրեթէ եռակի աւելի է, քան մէկ տարի առաջ:

«alikonline.ir» - Բռնկումների գրեթէ 31 հազար օջախ է անցած ամսին գրանցւել Ամազոնիայի բրազիլական մասում: Դա վերջին ինը տարւայ ամենաբարձր ցուցանիշն է եւ գրեթէ եռակի աւելի է, քան մէկ տարի առաջ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, սետեմբերի 1-ին յայտնել է Բրազիլիայի Տիեզերական հետազօտութիւնների ազգային ինստիտուտը (Inpe):

Ընդամենը տարեսկզբից Ամազոնիայում գրանցւել է 46 հազար 825 հրդեհ: Գերատեսչութեան վիճակագրութեան համաձայն՝ օգոստոսին այդ տարածաշրջանում ռեկորդային թւով՝ 63 հազար 764 հրդեհ է դիտւել 2005 թւականին: Այդ ժամանակ էլ ամբողջ երկրում բնական հրդեհների թւաքանակի «ռեկորդ» գրանցւեց յունւար ամսից մինչեւ սեպտեմբեր՝ գրեթէ 150 հազար օջախ: Inpe-ի վերջին տւեաների համաձայն՝ յունւար ամսից մինչեւ օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի աւելի քան 1.8 մլն. հեկտար անտառներ, որոնք գտնւում են հարաւամերիկեան խոշորագոյն երկրի տարածքում: Հակահրդեհային գործողութեանը մասնակցում են 15 օդանաւ եւ ամազոնեան ռազմական օկրուգի 150 միաւոր յատուկ տեխնիկա: Երկրորդ զինւորական խմբաւորումը հրդեհների դէմ պայքարում է տարածաշրջանի արեւելեան մասում:

Բնական աղէտին դիմակայելու գործում երկրի զինւորականներին օգնում են նաեւ տարածաշրջանի հարեւանները. Չիլիի իշխանութիւնները չորս օդանաւ եւ 30 մասնագէտների են ուղարկել Բրազիլիա, եւս մէկ ինքնաթիռ ուղարկւել է Էկւադորից: Բացի այդ, հարաւամերիկեան հանրապետութիւնը համաձայնել է ընդունել Իսրայէլի օգնութիւնը, ինչպէս նաեւ Լոնդոնի ֆինանսաւորումը 10 մլն. ֆունտ ստեռլինգի չափով: Աւելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտարարել է, որ G7-ը մօտաւորապէս 20 մլն. եւրոյի չափով շտապ օգնութիւն կուղարկի Ամազոնիայում մոլեգնող անտառային հրդեհները մարելու համար: Կանադան նոյնպէս խոստացել է յատկացնել 15 մլն. դոլար, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։