Հա

Քաղաքական

17/09/2019 - 08:45

Թրամփը չի բացառել, որ Սաուդական Արաբիայի նկատմամբ իրականացւած յարձակումների համար Իրանին կարող է տրւել ռազմական պատասխան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Սաուդական Արաբիայի նաւթային օբիեկտների վրայ յարձակումները, կարծես, մատնանշում են Իրանին, բայց հետաքննութիւնը դեռ շարունակւում է:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Սաուդական Արաբիայի նաւթային օբիեկտների վրայ յարձակումները, կարծես, մատնանշում են Իրանին, բայց հետաքննութիւնը դեռ շարունակւում է: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ռոսական Interfax-ը:

«Այո, կարծես թէ այդպէս է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թէ արդեօք ԱՄՆ-ը դիտարկում է Իրանին պատասխանատւութեան ենթարկելու հարցը՝ Սաուդական Արաբիայի նաւթային ընկերութեան վրայ հնարաւոր յարձակումների համար:

«Մենք անպայման ձեզ կը տեղեկացնենք հետաքննութեան արդիւնքների մասին, այն հէնց հիմա շարունակւում է»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նա շեշտել է, որ Միացեալ Նահանգները չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, սակայն չի բացառել, որ Իրանին Սաուդական Արաբիայի նկատմամբ յարձակումների համար կարող է տրւել ռազմական պատասխան:

«Չնայած վերը նշւածին, իհարկէ, մենք կը ցանկանայինք խուսափել Իրանի հետ բախումից»,- հաւաստիացրել է Թրամփը:

Միեւնոյն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն աւելի, քան որեւէ այլ երկիր, պատրաստ է հնարաւոր հակամարտութեան:

ԱՄՆ նախագահը նաեւ կարծում է, որ դիւանագիտութիւնը դեռեւս կարող է դրական դեր ունենալ Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակի հարցում, եւ Թեհրանը, այնուամենայնիւ, ցանկանում է համաձայնութեան գալ Վաշինգտոնի հետ, եւ յարմար պահի դա իրականութիւն է դառնալու:

Թրամփին նաեւ հարցրել են, թէ արդեօք նա խոստացել է Ռիադին պաշտպանութիւն, նա պատասխանել է. «Ոչ, նման բան ես սաուդներին չեմ խոստացել... մենք պէտք է նստենք սաուդացիների հետ բանակցութիւնների սեղանի շուրջ եւ այդ ուղղութեամբ ինչ-որ բան մշակենք»,- ընդգծել է նա:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։