Հա

Քաղաքական

21/09/2019 - 09:30

Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում

Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ 

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

 

Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

Նաւահանգստի շինարարութեան նախագծի համաձայն, որի մեկնարկը տրւեց 2016-ին, ձեւաւորւեց Anaklia Development Consortium-ը։ Կոնսորցիումում ընդգրկւած են Վրաստանի TBC Holding-ը, ամերիկեան SSA Marine ընկերութիւնը (container terminal operator), անգլիական British Wondernet Express եւ բուլղարական G-Star ներդրումային ընկերութիւնները։ Կոնսորցիումը Անակլիա նաւահանգստի ու դրա ենթակառուցւածքների զարգացման նպատակով համագործակցութեան լայն շրջանակ է ձեւաւորել տարբեր միջազգային խոշոր կազմակերութիւնների հետ։ Կոնսորցիումի տեսլականը Անակլիա նաւահանգիստը միջազգային տրանսպորտային լոգիստիկ հանգոյցի վերածելն է, որտեղով կիրականացւեն բեռնափոխադրումներ դէպի Կենտրոնական Ասիա եւ հակառակ ուղղութեամբ։ 

Նախատեսւում էր, որ մինչեւ 2025-ը վրացական նաւահանգիստը կարող էր իրականացնել տարեկան 100 մլն. տոննա ծաւալի բեռնափոխադրումներ։ Նախագծի համաձայն՝ Անակլիա նաւահանգիստը կառուցւելու է 9 փուլով եւ աւարտւելու է 2069 թւականին։ Արդիւնքում՝ նաւահանգիստը ունենալու է 20.5 մ. խորութիւն, 600 հա. ազատ տնտեսական ու արդիւնաբերական գօտի։ Տարբեր հաշւարկներով՝ ներկայում Վրաստանի նաւահանգստային կարողութիւնները թոյլ են տալիս ընդունել համաշխարհային ծովային բեռնափոխադրումների շարժի շուրջ 25%-ը։ Նախագծի երկրորդ փուլում ակնկալւում է շուրջ 266 մլն. դոլար ծաւալի միջոցներ ստանալ ԵՄ-ից։ Նախագիծը գնահատւում է մինչեւ 2.5 մլրդ. դոլար։

Վրաստանի իշխանութիւնները նաւահանգստի կառուցումը դիտարկում են մի քանի հարթութիւնում։ Նախ՝ դա կարեւորագոյն նշանակութիւն ունի չինական «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնութեան շրջանակում, որը հնարաւորութիւն կը տայ կապելու Չինաստանը Եւրոպայի հետ։ Յիշեցնենք, որ 2017 թւականին Չինաստանի ու Վրաստանի միջեւ ստորագրւել է ազատ առեւտրի մասին համաձայնագիր։ Երկրորդ՝ դա կը թուլացնի տնտեսական, հետեւաբար՝ նաեւ քաղաքական կախւածութիւնը Ռուսաստանից։

Պեկինն իր հերթին մեծ կարեւորութիւն է տալիս տնտեսական այն նախագծերին, որոնք կարող են «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնութեան համատեքստում կամրջել Ասիան Եւրոպային։ Ընդ որում՝ պէտք է նկատել, որ յատկապէս վերջին տասնամեակում Չինաստանն առանձնայատուկ հետաքրքրութիւն է ցուցաբերում տարբեր տարածաշրջաններում նաւահանգիստների ձեռք բերման հնարաւորութեան հարցերին։ Այդ հետաքրքրութիւնն, անշուշտ, տարածւում է նաեւ վրացական Անակլիա նաւահանգիստի վրայ։ 

Յիշեցնենք, որ սեւծովեան արեւելեան աւազանում առաջին խորջրեայ Անակլիա նաւահանգստի շինարարութեան նպատակով 2014 թւականին յայտարարւած տենդերով հետաքրքրւած էր չինական ընկերութիւններից մէկը, որը պատրաստակամութիւն էր յայտնել այդ նախագծում իրականացնել մինչեւ 12 մլրդ. դոլար ծաւալի ներդրումներ։ Արդիւնքում՝ 2016 թւականին տենդերը շահեց վրացական TBS holding-ը։

Ըստ տարբեր փորձագէտների՝ նախագծի իրականացման գործում չինական ընկերութեան ներգրաւմանը մեծապէս խոչընդոտել է Միացեալ Նահանգները։ Վաշինգտոնն իր հերթին է մեծ ուշադրութեամբ հետեւում է Անակլիա նաւահանգստի հարցում Թբիլիսի-Պեկին համագործակցութեանը։ Կարծում ենք, որ կողմերի միջեւ երկխօսութիւնը շահաւէտ է Միացեալ Նահանգների համար այնքանով, որքանով այդ նախագծի իրականացմամբ Վրաստանը տնտեսապէս, քաղաքականապէս կը կարողանայ թուլացնել կախւածութիւնը Ռուսաստանից։

Անշուշտ, Չինաստանից Վրաստանի՝ չափից աւելի կախւածութեան հնարաւորութիւնը որեւէ կերպ չի տեղաւորւում Վաշինգտոնի ծրագրերում։ Խնդիրն ակտուալացել է յատկապէս վերջին շրջանում Վաշինգտոն-Պեկին տնտեսական պատերազմի բերումով։ 

Յայտնի է, որ Միացեալ Նահանգներն ամէն գնով փորձում է աջակցել Վրաստանի եւրոատլանտեան ինտեգրման գործընթացին։ Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ Վաշինգտոնը նախատեսում է Սեւծովեան աւազանում ունենալ իր ռազմածովային բազան, եւ այդ հարցում Անակլիա նաւահանգստի հետ կապւած մեծ ակնկալիքներ ունի։ 

ԱՄՆ-ի համար հարցն ակտուալացել է նաեւ Ռուսաստանի կողմից Ղրիմի միակցումից յետոյ։ Արդիւնքում՝ Միացեալ Նահանգները ստիպւած է առայժմ բաւարարւել 1936 թւականի Մոնտրեոյի կոնւենցիայով, որով ոչ սեւծովեան պետութիւնների ռազմանաւերը իրաւասու են ծովում գտնւել ոչ աւելի քան 21 օր։ 

Սեւ ծովում մշտական ներկայութեան համար անհրաժեշտ է գործել Թուրքիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի նաւատորմի միացեալ կազմում։

Ռուսաստանն իր հերթին անհանգստացած է Աբխազիայի անմիջական հարեւանութեան գտնւող Անակլիա նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ ծաւալւող զարգացումներով, նախեւառաջ՝ հարցի ռազմաքաղաքական, անվտանգային դիտանկիւնից։ Այս առումով՝ Անակլիա նաւահանգստի գօտում ամերիկեան ռազմածովային բազայի հնարաւոր տեղակայման մասին խօսակցութիւններն անգամ ջղաձգութիւն են առաջացնում Մոսկւայում, որն այդ հարցում սպառնալիքներ է տեսնում իր ուղիղ շահերի ու հետաքրքրութիւնների համար։ Առաւել եւս, երբ Վրաստանը չի թաքցնում Հիւսիսատլանտեան դաշինքին իր անդամակցութեան մասին մտադրութիւնը։ Անակլիա նաւահանգստի շինարարութիւնը չի տեղաւորւում Մոսկւայի մօտեցումներում նաեւ այն պատճառով, որ դա կարող է դառնալ խորջրեայ Նովոռոսիեսկ նաւահանգստի մրցակիցը։ Արդիւնքում՝ նաւահանգստի շինարարութեան նախագծի հետագայ ճակատագրի հարցում մեխանիկօրէն համընկնում են Ռուսաստանի ու Չինաստանի շահերը։ 

Անկախ այն բանից, թէ ինչպէս կը հանգուցալուծւի Անակլիա նաւահանգստի շինարարութեան հարցում միջազգային խաղացողների միջեւ ուժերի վերադասաւորւածութեան գործընթացը, դա բարձրացնում է հարեւան Վրաստանի տարածաշրջանային ու միջազգային կշիռը՝ ինչպէս հարցի տնտեսական-տրանսպորտային, այնպէս էլ անվտանգային տեսանկիւններից։

 

Yerkir.am

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։