Հա

Քաղաքական

11/08/2012 - 14:18

altԼրատու ցանց - Հինգշաբթի օրը Թեհրանում կայացած Սիրիայի հարցով խորհրդակցական մէկօրեայ նիստին ներկայ էին՝ Իրանի արտգործնախարարը եւ  30 երկրներից, այդ թւում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Չինաստանից ու Հնդկաստանից ներկայացուցիչներ, նիստից բացակայում էր Թուրքիան:

Իրանի արտգործնախարարի նախագահութեամբ կազմակերպւած նիստին Ալի Աքբար Սալեհին իր ելոյթի ընթացքում նշեց. «Իրանը համոզւած է, որ տարածաշրջանի իրադարձութիւնների գործընթացում պիտի բաւարարել ժողովրդի պահանջները»: Նա նշեց, որ Սիրիայի տագնապի կարգաւորման միակ ելքը ազգային հողի վրայ լուրջ եւ համապարփակ բանակցութիւնն է ժողովրդական կենտրոն ունեցող ընդդիմադիրների եւ Սիրիայի կառավարութեան միջեւ, ըստ որի՝ Թեհրանը պատրաստակամութիւն է յայտնել Սիրիայի կառավարութեան եւ ընդդիմադիրների միջեւ բանակցութիւնը հիւրընկալելու համար:
Սալեհին աւելացրեց. «Իրանը մերժելով Սիրիայի ճգնաժամի կարգաւորման հարցով արտաքին ու զինւորական միջամտութիւնը՝ հովանաւորում է այդ երկրի տագնապի խաղաղ կարգաւորման հարցով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի քայլերը»:
Մէկօրեայ նիստի աւարտին հրապարակւեց մի հաղորդագրութիւն, ուր շեշտւել էր միջազգային նորմերը յարգելով Սիրիայի հարցի կարգաւորման անհրաժեշտութիւնը, երկրների ներքին հարցերին չմիջամտելը, ազգային իշխանութեան իրաւունքի եւ հողային ամբողջականութեան յարգումը, նաեւ վշտակցութիւն էր յայտնւել Սիրիայում ահաբեկչական խմբերի քայլերի եւ զինեալ բախումների ընթացքում զոհւածների ընտանիքներին:
Նիստից յետոյ՝ Իրանի արտգործնախարարը լրագրողների հաւաքում նշեց՝ խորհրդակցական նիստին հնչած առաջարկներից էր անկողմնակալ երկրների կողմից կեանքի կոչել կապի խումբ, նաեւ մի առ ժամանակ հրադադար հաստատել:
Օրւայ նիստից յետոյ՝ մասնակիցները նախագահական նստավայրում հանդիպում ունեցան նախագահ Ահմադինեժադի հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Ահմադինեժադը յոյս յայտնեց, որ յիշեալ նիստը նախերգանքը եւ ազդեցիկ գործընթացը լինի խաղաղութեան ու անվտանգութեան համար:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։