Հա

Քաղաքական

17/03/2012 - 13:29

ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴԵԱՆ

altՄիջին Արեւելքի քաղաքական բեմահարթակում, «Արաբական գարուն» յեղափոխութիւնների փոթորկի հանդարտեցումից յետոյ, միջազգային յարաբերութեանց ուշադրութեան կիզակէտում է յայտնւել վերոնշեալ տարածաշրջանի ամենակարեւոր եւ բացառիկ երկիր հանդիսացող Իրանի Իսլ. Հանրապետութիւնը:
Աւելի քան կէս դար է, որ Իրանը իր նաւթա-գազային վիթխարի պաշարներով, բնական ընդերքի հարուստ հանքերով եւ ռազմավարական նշանակութիւն ունեցող աշխարհագրական դիրքով մեծ ազդեցութիւն է գործում աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացների վրայ:

Յատկանշական է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում յեղափոխական Իրանի դաւանական եւ գաղափարական ազդեցութիւնը խորապէս տարածւել է Իսլամական աշխարհի հասարակութեան վրայ: Վերջին տարիներում Իրանի կրօնամէտ վարչակարգն ու հասարակութիւնը յենակէտ ունենալով նաւթային պաշարների հարստութիւնից գոյացած նիւթական կարողութեան եւ շիա դաւանանքի եռանդուն ներշնչանքի գաղափարական ներուժի վրայ՝ փորձում են արդի աշխարհի գիտական նոր ձեռքբերումների սահմանները նւաճելով՝ Միջին Արեւելքի տարածաշրջանում քաղաքա-տնտեսական եւ ռազմավարական նոր ձեւակերպումների կշիռ հանդիսանալ: Ուշագրաւ է, որ չնայած Իրանի ժողովրդի մօտ խորապէս հասակ նետած շիա կրօնական ուսմունքի արմատներին, այս երկրի հասարակութիւնը, յատկապէս ազգաբնակչութեան ճնշիչ մեծամասնութիւնը համարւող երիտասարդ զանգւածը, համեմատութեամբ մուսուլման հարեւան երկրների ամենաուսեալ եւ ընդունակ հասարակութեան ցուցանիշն է ներկայացնում իրենից, որի ճիշտ օգտագործման պարագայում՝ Իրանը մի քանի տասնամեակում կարող է Միջին Արեւելքի տարածաշրջանում զգալի աշխարհա-քաղաքական գերակայ դիրքեր գրաւել:
Փաստօրէն, վերոնշեալ անշրջելի հասարակական-քաղաքական գործընթացը կարող է խոչընդոտել սուննի աշխարհի տէրութիւններին, որոնք երբեք չեն կամենում Միջին դարերից եկող սուննի խալիֆայութեան տիրութեան տարածքում ականատեսն լինել պարսիկների միջոցով աճող շիա տիրութեան գոյացմանը, որի սահմանները տեսականօրէն տարածւում են Պարսից ծոցի մերձակայ երկրներից մինչեւ Միջին Ասիայի տարածաշրջանը եւ Միջերկրական ծովի առափնեայ իսլամ երկրները: Յատկանշական է, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան որդեգրած հակասիոնիստական եւ հակագաղութատիրական քաղաքական ուղեգիծը բախւում է Արեւմտեան մեծ տէրութիւնների եւ Իսրայէլի ռազմավարական շահերին: Բանն այն է, որ Իրանի նաւթարդիւնաբերական ճարտարարւեստի եւ ատոմական էներգիայի տեխնիկական զարգացումները եւ նրա տարածաշրջանային շիա գործընկերների աստիճանաբար ուժեղացումը կարող են երկարատեւում խաչաձեււել ԱՄՆ-ի ու նրա մերձաւոր դաշնակիցների «Մեծ Միջին Արեւելք» նախագծի իրագործման ծրագրերին: Առ այդ՝ նկատելիօրէն ականատես ենք դառնում, որ վերջին տարիներում Իրանի ատոմական ծրագրերի շուրջ ստեղծւած խնդրի կարգաւորման կապակցութեամբ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ առաջնորդւող այսպէս ասած միջազգային ճնշամիջոցների հիմնական թիրախ են համարւում՝ Իրանի պետական համակարգի նիւթական ապահովման խարիսխը հանդիսացող նաւթարդիւնաբերութեան արտադրանքի սահմանափակումն ու ատոմական էներգիայի ձեռքբերման արգելումը:
Միջազգային քաղաքական թատերաբեմում Իրանի դէմ սանձազերծւած քաղաքա-տնտեսական բազմակողմանի ճնշումները զերծ չեն նաեւ յաճախակի հնչեցւող ռազմական սպառնալիքների խայթող լեզւից, սակայն այս ծրագրերի իրագործման հեռանկարները, չնայած ԱՄՆ-ի ու նրա արեւմտեան դաշնակիցների հաստատումներին, Իսրայէլին շատ չի ոգեշնչում:
Խնդիրն այն է, որ նոյնիսկ ԱՄՆ-ի ու Եւրոմիութեան քաղաքական ու ռազմական գործիչների սպառնալից յայտարարութիւնները՝ Իրանի հետ յարաբերութիւններում խիստ մօտեցման վերաբերեալ, բաւականաչափ կտրուկ ու որոշակի չեն եւ նման դիրքորոշումները չեն կարողացել Իրանի ղեկավարութեանը եւ ժողովրդին հեռացնել իրենց նպատակներից:
Իրանը բազմիցս յայտարարել է, որ իր ատոմական գործողութիւնները միտւած չեն միջուկային զէնքերի ձեռքբերմանը եւ Թեհրանը համոզւած է տարածաշրջանային անվտանգութեան կայացմանն ու հարեւան երկրների հետ խաղաղ համագործակցութեան հիմունքներին: Սակայն, Իրանի իշխանութիւնների հաւաստիացումները չեն կարողանում համաշխարհային քաղաքական ուժային շրջանակների վստահութիւնն ապահովել, քանի որ Թեհրանը կտրականապէս մերժում է Իսրայէլի գոյութիւնը՝ Միջին Արեւելքի տարածաշրջանում եւ չի մեղմացնում իր կարծր դիրքորոշումը՝ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի հանդէպ:
Իհարկէ, նոյնպիսի անհանդուրժողական մօտեցում է դրսեւորւում հակաիրանական ճամբարի կողմից, որը պատճառ է դառնում իրավիճակի սրացմանը՝ տարածաշրջանում:
Արեւմուտքում տարածւած ֆինանսական անյաղթահարելի թւացող ճգնաժամը, առաջիկայում ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների կայացումը, Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի յաղթական իշխանութեան վերադարձը, Միջին Արեւելքում եւ Արաբական աշխարհում ծայր առած յեղափոխութիւնների ալիքը, Սիրիայում, Աֆղանստանում, Բահրէյնում ու Եմէնում ստեղծւած քաոսային դրութիւնը եւ վերջում Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ, այնուամենայնիւ, լարախաղաց, զգուշաւոր ու առերես Թուրքիայի անհամաձայնութիւնը՝ Իրանի տնտեսական եւ նաւթամթերքի շրջափակման միջազգային որոշմանը միանալու կապակցութեամբ, բոլորը ձեռք-ձեռքի տւած՝ ենթադրում է, որ Իրանի ատոմական ծրագրի շուրջ ստեղծւած թնջուկի կարգաւորման գործընթացը լուրջ պատնէշի առաջ են դրել ԱՄՆ-ի ու Իսրայէլի ջանքերը:
Հաշւի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային նաւթի շուկան խիստ մտահոգ է Իրանի ներքին եւ արտաքին զարգացումներից, որտեղ Իրանի եւ Արեւմուտքի որեւէ անախորժ ցնցում կարող է ազդել նաւթի համաշխարհային գների վրայ, ուստի՝ տնտեսական փորձագէտների կարծիքով՝ Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների աւելի լարւածութիւնը նաւթի տակառի գինը միջազգային շուկայում կարող է մինչեւ 150 դոլարի բարձրացնել, որի հետեւանքով՝ ԱՄՆ-ի առանց այն էլ կաղող տնտեսական աճը 2-3 տոկոս կը նւազի. մի երեւոյթ, որն անառարկելիօրէն կազդի ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների եւ յատկապէս Բարաք Օբամայի քաղաքական ճակատագրի վրայ:
Յիրաւի, վերոնշեալ նկատառումներով է, որ Իրանը էներգետիկայի գործօնի եւ իր աշխարհագրական դիրքի խաղաքարտերից օգտւելով՝ կարողանում է մասամբ դիմակայել իր թշնամիների վերահաս վտանգին եւ արտաքաղաքական ճարպիկ խաղերով ազդել նաւթի համաշխարհային շուկայի ապակայունացման գործին: Միաժամանակ, նկատել տանք, որ տնտեսա-քաղաքական ստրատեգների նախատեսութեամբ՝ երբ 2012 թ. յուլիսից սկսած՝ Եւրոմիութեան նաւթային պատժամիջոցները կիրառւեն Իրանի նկատմամբ, անմիջապէս նաւթի տակառի գինը 130 դոլարի կը հասնի, որը կործանիչ ազդեցութիւն կը թողնի ԱՄՆ-ի ու Արեւմուտքի տնտեսութեան վրայ: Նշենք, որ ներկայ դրութեամբ՝ Իրանը օրական 600 հազար տակառ նաւթ է առաքում Եւրոմիութեան երկրների շուկաները: Ամէն դէպքում՝ Արեւմուտքի նաւթային շուկաներից զրկւելով՝ Իրանը հնարաւորութիւն ունի Ռուսաստանի եւ Ասիայի կամ Լատին Ամերիկայի էներգետիկայի շուկայում զգալի տեղ գրաւել իր նաւթային արտադրանքների համար:
Այսպէս՝ Իսրայէլի համար շատ ծանր է ընդունել, որ տնտեսական պատժամիջոցները չեն կարողանում Իրանի իշխանութիւններին հեռացնել իրենց քաղաքական եւ ատոմական էներգիայի ձեռքբերման նպատակներից, յատկապէս, եթէ նկատի առնենք Իրանի 9-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններում իշխանութեան արմատական թեւը, որը քաղաքական հայեացքներով միանգամայն յարում է երկրի յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին, ճնշիչ մեծամասնութեամբ կարողացաւ մեծ յաղթանակ տանել, որը վճռական ազդեցութիւն է թողնելու Իրանի առաջիկայ քաղաքական որոշումների եւ միջազգային դիրքերի ճշտորոշման ողջ գործընթացների վրայ: Այսպէս կարելի է ենթադրել, որ հեռաւոր ապագայում ԱՄՆ-ը եւ Իրանը իրենց քաղաքականութիւնն ու շահերը տարածաշրջանում աւելի կը կապեն նաւթի գործօնի հետ:
Իրանի ատոմական գործողութիւնների հանգուցալուծման գործընթացն ուղղակիօրէն կապւած է Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների կարգաւորմանը եւ դա միայն կարելի է լուծել բանակցութիւնների եւ դիւանագիտական ճանապարհներով:
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակարգը, յանձինս նախագահ Բարաք Օբամայի, կտրուկ շրջադարձ կատարելով ռազմատենչ շրջանակների դիրքերից, վերջին օրերում անգամներ յայտարարել է, որ ԱՄՆ-ը կառչած մնալով տնտեսական պատժամիջոցների սկզբունքին, որի ազդեցութիւնը խիստ կասկածելի է համարւում, չի փորձում ռազմական միջոցների դիմելով՝ Իրանի իշխանութիւններին համոզել՝ վերանայելու իրենց քաղաքական ուղեգիծն ու կասեցնելու ուրանի հարստացման գործողութիւնները:
Միաժամանակ, Իրանը, խորապէս զգալով տարածաշրջանային գերզգայուն իրավիճակը եւ ԱՄՆ-ի կողմից ուղարկւած ազդանշանները, որոշ պայմանաւորւածութիւնների է հասել իր ատոմական ծրագրի կարգաւորման հարցով «5+1» խմբի հետ առկախ մնացած բանակցութիւնները վերսկսել:
Անկասկած, առաջիկայ ապրիլին հաւանաբար Թուրքիայում կայանալիք «5+1» խմբի եւ Իրանի դիւանագիտական պատւիրակութեան բանակցութիւնները կողմերի համար հնարաւորութիւն են ստեղծելու թերեւս քաղաքական նոր կեցւածքով ու մօտեցումներով մեղմացնել ստեղծւած տագնապի ջերմաստիճանը եւ մուտք գործել աշխարհաքաղաքական մրցակցութիւնների աւելի բարդ ու խորհրդաւոր շրջափուլի ասպարէզ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։