Հա

Քաղաքական

14/03/2012

altԼրատու ցանց - Իրանի արտգործնախարարութեան խօսնակ Ռամին Մեհմանփարասթը «Փարչին» կենտրոնը ատոմական աշխատանքների հետքերը ջնջելու մասին հրապարակւած լուրերի վերաբերեալ ասաց, որ դրանք սխալ եւ անճիշտ տեղեկութիւններ էին եւ շեշտեց. ««Փարչին»-ը զինւորական կենտրոն է, ուր կատարւում են զինւորական բնականոն աշխատանքներ». նա աւելացրեց. «Նրանք, ովքեր ծանօթ են ատոմական տեխնիկական հարցերին, գիտեն, որ նման արտայայտութիւնները սխալ են, քանզի եթէ ատոմական աշխատանք ծաւալւի, հնարաւոր չէ ջնջել հետքերը»: Խօսելով այն մասին, որ քննիչները ցանկանում են այցելել «Փարչին» կենտրոնը, Մեհմանփարասթն ասաց. «Անցեալում եւս երկու անգամ այցելել են «Փարչին» կենտրոնը, այսօր եւս առհասարակ որեւէ արգելք չկայ այցի հետ կապւած, սակայն այդ քայլը պէտք է իրականացւի մի համաձայնագրի շրջագծում»:

Արտգործնախարարութեան խօսնակը «5+1»-ի հետ բանակցութիւնները վերսկսելու ժամանակի եւ վայրի մասին ասաց, որ Իրանը պատրաստ է վերսկսել բանակցութիւնները եւ աւելացրեց. «Տկն. Աշտոնի եւ դոկտ. Ջալիլիի միջեւ կայացած նամակագրութիւնների արդիւնքում՝ շուտով ականատես կը լինենք Իրանի եւ «5+1»-ի բանակցութիւնների յաջորդ փուլին: Իսկ կայանալիք նիստերի ժամանակի եւ վայրի մասին դեռ ոչինչ չի յստակեցւել եւ պէտք է սպասել վերջնական համաձայնութեանը»: Ռամին Մեհմանփարասթը խօսելով Կոֆի Աննանի Սիրիա կատարած այցի եւ այդ հարցով Իրանի տեսակէտի մասին՝ յոյս յայտնեց, որ Կոֆի Աննանի այցը կատարւի արդարացի եւ անկողմնակալ շրջագծում, որի արդիւնքում՝ Սիրիայում դադարեն բռնութիւնները եւ կառավարութեան ու ընդդիմութեան միջեւ բանակցութեան գործընթաց սկսւի»:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։