Հա

Քաղաքական

25/06/2013 - 13:15

altԻրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին առանձին գրութիւններով պատասխանել է աշխարհի տարբեր երկրների ղեկավարների շնորհաւորանքներին:
Ըստ ԻՌՆԱ-ի՝ Հասան Ռոհանին, ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհաւորանքի, յայտնել է. «Կառավարութիւնն աշխարհի բոլոր ժողովուրդների համար կը դառնայ խաղաղութեան ու բարեկամութեան մունետիկը եւ այդ քայլի իրականացման համար ոչինչ չենք խնայելու»:

Ռոհանին յոյս է յայտնել, որ բոլոր ոլորտներում կընդլայնւեն երկու երկրների պատմական յարաբերութիւններն ու համագործակցութիւնը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձին ի պատասխան՝ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին յայտնել է. «Փոխհամաձայնութեան, փոխվստահութեան եւ փոխադարձ յարգանքի հիմամբ Հայաստանի հետ յարաբերութիւնը կընդլայնենք» եւ յոյս է յայտնել, որ երկկողմ ջանքերը բոլոր ոլորտներում յարաբերութիւնների ընդլայնման պատճառ դառնան:
Ի պատասխան Ս. Արաբիայի թագաւորի շնորհաւորանքի՝ դոկտ. Ռոհանին յայտնել է, որ տարածաշրջանի երկրների, ի մասնաւորի Իրանի եւ Ս. Արաբիայի ղեկավարների նախաձեռնութեամբ, ի շահ տարածաշրջանի ժողովուրդների, կը հաստատւի խաղաղութիւն եւ կայունութիւն:
Հաղորդումների համաձայն՝ Լիբանանի նախագահ Միշէլ Սուլէյմանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Կայացած զրոյցի ընթացքում դոկտ. Ռոհանին նշել է. «Իրանի Իսլ. Հանրապետութեան քաղաքականութեան հիմքը տարածաշրջանի ժողովուրդներին ու կառավարութիւններին օժանդակելն է, եւ խնդիրների կարգաւորման համար բացառում ենք ռազմական տարբերակը»:
Դոկտ. Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում եւ ի մասնաւորի Սիրիայում խաղաղութեան հաստատման անհրաժեշտութիւնը եւ այդ երկրի խաղաղ բնակիչների սպանդը կանխելը: Նա պահանջել է, որ այլ պետութիւններ չմիջամտեն Սիրիայի ներքին հարցերին եւ ընդգծել. «Համոզւած ենք, որ Սիրիայի ժողովուրդը ինքը պէտք է որոշում ընդունի իր երկրի ճակատագրի մասին»:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։