Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 29 Յունիսի 2016 09:50

Ամենայն հայոց կաթողիկոս.- «Խաղաղութեան փնտրտուքի ճանապարհին առաւել գործուն քայլեր պիտի ձեռնարկւեն»

Բարձրեալն Աստծոյ սուրբ անւան փառաբանութիւնը մեր շուրթերին՝ այսօր քաղաքամայր Երեւանի կենտրոնում, Բիբլիական Արարատի օրհնաբեր հայեացքի ներքոյ համախմբւել ենք միասնական աղօթքի: Նոյի երկրից, որտեղ Աստւած ծագեցրեց խաղաղութեան ծիածանը, մեր հայցը բարձրացրեցինք երկինք ի Քրիստոս սիրեցեալ Մեր եղբօր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ՝ յանուն աշխարհում խաղաղութեան հաստատման եւ մարդկութեան ապահով ու բարօր կեանքի:

Ամենայն հայոց կաթողիկոսի խօսքը՝ Էկումենիկ արարողութեան եւ խաղաղութեան աղօթքի ժամանակ


«Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն»
(Մտթ. Ե 9)


«Ձերդ Սրբութիւն, սիրեցեալ եղբայր ի Քրիստոս,
Մեծարգոյ նախագահ Հայաստանի Հանրապետութեան,
Շնորհազարդ հոգեւոր եղբայրներ եւ սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Բարձրեալն Աստծոյ սուրբ անւան փառաբանութիւնը մեր շուրթերին՝ այսօր քաղաքամայր Երեւանի կենտրոնում, Բիբլիական Արարատի օրհնաբեր հայեացքի ներքոյ համախմբւել ենք միասնական աղօթքի: Նոյի երկրից, որտեղ Աստւած ծագեցրեց խաղաղութեան ծիածանը, մեր հայցը բարձրացրեցինք երկինք ի Քրիստոս սիրեցեալ Մեր եղբօր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ՝ յանուն աշխարհում խաղաղութեան հաստատման եւ մարդկութեան ապահով ու բարօր կեանքի: Յուզումով ենք անդրադառնում, որ այս հրապարակում մեզ աղօթակից են նաեւ պատերազմներից, ահաբեկչութիւններից ու բռնութիւններից տուժածներ, փախստականներ Ադրբեջանից, փախստականներ Սիրիայից, Իրաքից, ովքեր առ Աստւած յոյսով սպասում են խաղաղութեան օրերին իրենց հայրենի բնակավայրերում:
Արդարեւ, մէկ եւ կէս տասնամեակ առաջ երրորդ հազարամեակը դիմաւորում էինք յոյսով, որ այն մարդկութեան կեանքում սկիզբ պիտի առնի ազգերի համերաշխ գոյակցութեամբ եւ պետութիւնների բարի գործակցութեամբ՝ յանուն խաղաղ ու արդար աշխարհի կառուցման: Մինչդեռ ամենօրեայ իրականութիւնը յաճախ գուժում է պատերազմական եւ ահաբեկչական նորանոր գործողութիւնների, մարդկային անասելի տառապանքների, անդառնալի կորուստների մասին: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր ազգերի, կրօնների ու դաւանանքների պատկանող մանուկներ ու պատանիներ, կանայք ու տարեցներ մահասփիւռ զէնքերի եւ վայրագ բռնարարքների զոհ են դառնում կամ բռնում գաղթականութեան ուղին՝ ահռելի դժւարութիւններ յաղթահարելով կեանքի ապահովութիւն գտնելու համար:
Ճիշտ մէկ դար առաջ այս նոյն ճանապարհն էր անցնում մեր ժողովուրդը՝ յայտնւելով ծանրագոյն իրավիճակի առջեւ, երբ Ցեղասպանութեան հետեւանքով կորցրել էր հայրենիքի մեծագոյն մասը եւ, ունենալով մէկուկէս միլիոն անմեղ նահատակներ, պայքարում էր իր գոյութեան իրաւունքի համար: Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չյայտարարւած պատերազմի դժւարին պայմաններում՝ թանկ գնով պաշտպանելով խաղաղութիւնը մեր երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ ապրելու իրաւունքը՝ իր բնօրրան հայրենիքում: Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումներին ի պատասխան՝ Ադրբեջանը, խախտելով հրադադարը, ապրիլ ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմաններին սանձազերծեց ռազմական գործողութիւններ: Հրետակոծւեցին եւ աւերւեցին հայկական բնակավայրեր, զոհւեցին ու վիրաւորւեցին խաղաղութեան պաշտպան զինւորներ, դպրոցահասակ երեխաներ, խոշտանգւեցին խաղաղ, անզէն բնակիչներ:
Այս դժւարութիւններին յանդիման՝ մեր ժողովուրդը ապրում է ցաւը նաեւ այն աւերածութիւնների եւ կորուստների համար, որ շարունակւում են Մերձաւոր Արեւելքում, սոսկալի ահաբեկչութիւնների համար, որ իրագործւեցին եւրոպական խոշոր քաղաքներում, Ռուսաստանում, Միացեալ Նահանգներում, Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում, հոգեւոր ու մշակութային այն արժէքների համար, որ անխնայ կերպով ոչնչացւում են հակամարտութիւնների տարածաշրջաններում: Որքա՜ն սրբավայրեր պղծւեցին եւ արժէքաւոր կոթողներ կործանւեցին Սիրիայում, Իրաքում, Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում, որքա՜ն խաչքարեր ոչնչացւեցին Ադրբեջանում: Փլատակների, կորստի ցաւի ու կարիքի մէջ փլուզւում են նաեւ մարդկային հոգու արժէքներն ու զգացումները:
Ստեղծւած իրավիճակներում քրիստոնէական եկեղեցիների եւ կրօնական առաջնորդների առաքելութիւնը չի կարող սահմանափակւել միայն տուժածներին աջակցելով, մխիթարելով եւ հովւական հոգատարութիւն ցուցաբերելով: Խաղաղութեան փնտրտուքի ճանապարհին առաւել գործուն քայլեր պիտի ձեռնարկւեն՝ ջանքերը համատեղելով կանխարգելելու համար չարիքը, միջեկեղեցական ու միջկրօնական գործակցութեամբ հասարակութիւնների մէջ զօրացնելու սիրոյ, համերաշխութեան ու համագործակցութեան ոգին՝ ըստ Աստծոյ կոչի. «Երանի՜ խաղաղարարներին,- ասում է մեր Տէրը,- որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն»:
Ձերդ Սրբութիւն, հովւական Ձեր ծառայութիւնը ակնյայտօրէն արտայայտում է աշխարհի խաղաղութեան ու ազգերի միջեւ հաշտութեան տէրունաւանդ պատգամին Ձեր ամբողջական նւիրւածութիւնը, որի վկայութիւններից մէկը եղաւ նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով անցեալ տարի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցւած պատարագը՝ ի յիշատակ մեր անմեղ նահատակների, երբ Դուք Ձեր պատգամում բարձրաձայնեցիք արդարութեան վերականգնման անհրաժեշտութեան մասին՝ նշելով. «Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թոյլ տալուն, որ վէրքն արիւնահոսի՝ առանց վիրակապւելու»:
Այս նոյն սկզբունքով առաջնորդւած՝ վերջին մէկ տարում Հայոց Ցեղասպանութիւնը վճռականօրէն դատապարտեցին նաեւ նոր պետութիւններ ու կազմակերպութիւններ, օրերս՝ նաեւ Գերմանիան, որն Առաջին Համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցն էր: Մեր ժողովուրդը երախտագէտ է Ձերդ Սրբութեանը եւ բոլորին, ովքեր բարձրաձայնում ու պաշտպանում են արդարութիւնը եւ ակնկալում է, որ Թուրքիան՝ ունկնդիր Ձեր պատգամին եւ բազում պետութիւնների ու միջազգային կառոյցների կոչին, քաջութիւն դրսեւորի առերեսւելու պատմութեանը, վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը, դադարեցնի նաեւ զօրակցութիւնը Ադրբեջանի ռազմական խարդաւանքներին՝ ուղղւած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու խաղաղ ապրելու իրաւունքի դէմ: Արդարեւ, խաղաղութիւնը չի կարող կենսագործւել առանց արդարութեան, մարդկային կեանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկայ, չեն կարող անտեսւել: «Աստծու կողմից աչառութիւն չկայ,- ասում է առաքեալը,- այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է Նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է Նրան» (Գործք Ժ 34-35): Միայն արդարութիւնը, որի վրայ հիմնւած է մարդկանց եւ ժողովուրդների իրաւունքների պաշտպանութիւնը, կարող է դառնալ ամուր հիմքը մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման եւ ամենաիրական ուղին հակամարտութիւնների համապարփակ լուծման:
Այս նպատակի իրագործման համար ջերմեռանդ սրտով աղաչում ենք Աստծուն, որպէսզի ունկնդիր լինի մեր աղօթքներին եւ Սուրբ Հոգու շնորհների առատ հեղմամբ բարի արդիւնքներով արգասաւորի եղբայրական սէրն ու գործակցութիւնը եկեղեցիների: Թող Ողորմած մեր Տէրը մաքրի աշխարհը չարի ողբերգութիւններից եւ պարգեւի խաղաղութիւն ու ապահովութիւն: Եւ թող մարգարէական խօսքի համաձայն՝ սուսերներից խոփեր ձուլւեն, սւիններից՝ մանգաղներ, ազգ ազգի դէմ սուր չբարձրացնի, եւ մարդիկ չսովորեն պատերազմել (հմմտ. Եսայի. Բ 4):
Բարերար Աստծոյ մեզ պարգեւած հանդիպման հոգեւոր ուրախութիւնը Մեր սրտում, մեր Տիրոջ եւ Փրկչի շնորհը եւ խաղաղութիւնը հայցելով բոլորիս՝ հրաւիրում ենք Ձեզ, սիրեցեալ եղբայր, Ձեր պատգամը եւ սիրառատ օրհնութիւնը բերելու այստեղ համախմբւած բազմահազար հաւատացեալներին»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։