Հա

Քաղաքական

Կիրակի, 24 Յուլիսի 2016 11:30

Սուբիեկտիւ ճշմարտութեան զոմբիները

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանի կարծիքն է, որը նա հնչեցրեց ՊՊԾ գունդը գրաւելուց շատ չանցած: Կարծիք, որում որեւէ մէկի հասցէին որեւէ վիրաւորանք չկար, որեւէ կոնկրետ մեղադրանք չկար: Եւ չնայած դրան, թէ ինքնին դրանում արտայայտւած մտքերը, թէ առաւելապէս հեղինակը եւ ՀՅԴ-ն, մի առանձնակի հետեւողականութեամբ ու դաժանութեամբ դարձան կատաղի զազրախօսութեան, վայրահաչութեան օբիեկտներ: Մինչդեռ ի՞նչ էր դրանում ասւում:

Բ. ԳԱՍՊԱՐԵԱՆ


«Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխութիւններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Ծայրայեղական մտածողութիւնը, ընդհակառակը, նւազեցնում է որակական փոփոխութիւնների հնարաւորութիւնը: Զէնքով, բռնութեամբ, պատանդներով, ահաբեկչութեամբ հարցեր չեն լուծւելու: Վստահ եմ, որ նրանք հանրային լայն աջակցութիւն չեն կարող ունենալ: Վատ է նաեւ այն, որ այսօր արդէն միջազգային լրատւամիջոցներում թուրքական յեղաշրջման փորձը փոխարինւելու է հայաստանեան դէպքերով: Մնացածը իրաւապահների անելիքն է, որ մինչեւ այժմ, իմ կարծիքով, լաւ չեն կատարել»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանի կարծիքն է, որը նա հնչեցրեց ՊՊԾ գունդը գրաւելուց շատ չանցած: Կարծիք, որում որեւէ մէկի հասցէին որեւէ վիրաւորանք չկար, որեւէ կոնկրետ մեղադրանք չկար: Եւ չնայած դրան, թէ ինքնին դրանում արտայայտւած մտքերը, թէ առաւելապէս հեղինակը եւ ՀՅԴ-ն, մի առանձնակի հետեւողականութեամբ ու դաժանութեամբ դարձան կատաղի զազրախօսութեան, վայրահաչութեան օբիեկտներ: Մինչդեռ ի՞նչ էր դրանում ասւում:
Ասւում էր այն, որ երկրում փոփոխութիւններ իրականացնելու համար այդ մարդիկ ընտրել են ամենասխալ եւ դատապարտելի ձեւը: Եթէ պատանդներ վերցնելը, շէնք, առաւել եւս ոստիկանական զօրամաս գրաւելը, բացարձակ իմաստով, դատապարտելի չէ, ապա պէտք է ճիշտ եւ արդարացւած համարւեն նաեւ Նորդ-Օստի, Բեսլանի դպրոցի գրաւումը, որովհետեւ այդ ողբերգական յարձակումները եւս իրականացւել էին իրականացնողների համոզմամբ ազնիւ-հայրենասիրական մղումներով:
Եթէ բացարձակ սխալ է Վարդանեանի այն պնդումը, որ զէնքով, բռնութեամբ, պատանդներով, ահաբեկչութեամբ հարցեր չեն լուծւում, ապա կատարեալ մոլորութեան մէջ է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, որը հանդէս է եկել «բռնութեան միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխութիւններ իրականացնելու փորձերը» դատապարտող յայտարարութեամբ: Ի դէպ՝ ինչո՞ւ պետդեպի եւ պետքարտուղար Ջան Քերիի հասցէին նման լուտանքներ չեն թափւում: Մի վախեցէք, քեռի Սեմը ձեզ գրանտներից չի զրկի:
Կարո՞ղ է արդեօք Հայաստանում, աշխարհում գտնւել մէկը, ում համար զէնքով, բռնութեամբ, պատանդներով, ահաբեկչութեամբ հարցեր լուծելու տարբերակը, բացարձակ իմաստով, ընդունելի է: Եթէ այո, ուրեմն եզդիների ողջակիզումը արաբական անապատներում միանգամայն օրինաչափ էր, ինչպէս օրինաչափ էին Փարիզի, Բելգիայի, Լոնդոնի ահաբեկչութիւնները: Եւ, ուրեմն, առնւազն անսկզբունքային շովինիստներ են նրանք, ովքեր այդ ահաբեկչութիւնների օրերին իրենց «Ֆէյսբուք»-եան էջի լուսանկարների փոխարէն դնում էին այդ երկրների դրօշները:
Եթէ սխալ է նաեւ այն տեսակէտը, թէ ՊՊԾ-ն գրաւողներն ու պատանդառուները հանրային լայն աջակցութիւն չեն կարող ունենալ, ապա առնւազն անհասկանալի է, թէ ինչու են համախոհներին Խորենացու փողոցում պահելու եւ «փողոցի ջերմաստիճանը» տաքացնելու մղումով այդ մարդիկ որոշում օդ կրակել, կամ կեղծ պրովոկացիոն լուրեր տարածել ռուսական յատուկ ստորաբաժանումների միջոցով «գազային յարձակում» սկսելու մասին: Լայն հանրութեան աջակցութիւնն ունեցողը կարիք ունի՞ դիմելու նման էժան խաբէութիւնների:
Կամ գուցէ սխա՞լ էր այն կարծիքը, որ միջազգային լրատւամիջոցներում թուրքական յեղաշրջման փորձի թեմային փոխարինում են հայաստանեան դէպքերը, ու որ դա վատ է: Եթէ ձեր շարքերում կարող է լինել որեւէ մէկը, ով հաճոյք է ստանում, երբ Թուրքիայի եւ Հայաստանի անունները միջազգային լրահոսերում շօշափւում են միեւնոյն հարթութեան վրայ, ապա ձեր ձեռնարկումը դաւադրութիւն է: Եթէ չկան այդպիսիները, ապա ի՞նչն է այստեղ դատապարտելին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցչի վերջին միտքը, որը անհասկանալի կամ միգուցէ միանգամայն հասկանալի պատճառներով դուրս է թողնւել շատ կոնկրետ լրատւամիջոցների կողմից արւած յղումներում, այն է, որ մինչ այժմ իրաւապահներն իրենց անելիքը լաւ չեն արել: Գուցէ համարում էք, որ իրաւապահները լա՞ւ են կատարել կամ կատարում իրենց գործը: Թէ՞ ՀՅԴ-ին քաւութեան նոխազ դարձնելու մղումները թոյլ են տալիս անտեսել այս յստակ տրւած գնահատականը, նպատակային կերպով միակողմանիութիւն հաղորդել արտայայտւած կարծիքին, քանի որ դա է պահանջում «յեղափոխական մոմենտը»:
Քաղաքական ուժերից, մտաւորականներից, իշխանութիւնից ՊՊԾ զօրամասը գրաւած անձանց համախոհների ակնկալիքը ստեղծւած իրավիճակի օբիեկտիւ գնահատական ստանալը չէ: Սպասելիքը զինւած խմբի անդամների լիարժէք արդարացումն է, բռնութիւնները, որպէս քաղաքական խնդիրների լուծման միջոց, լեգիտիմացնելը: Օբիեկտիւութիւնն այստեղ աւելորդ է, վնասակար, որովհետեւ այն չի կարող հասարակութեանը վերածել ամբոխի, չի կարող մանիպուլացնել եւ դարձնել մարգինալ ծայրայեղականութեան գործիք, կենդանի վահան եւ զոհ: Մարգինալներն այսպէս են տիրում հանրային գիտակցութեանը: Նրանք այդպէս են հաստատում մէկ կարծիքի եւ մէկ վարքագծի իրենց դիկտատուրան:
Ազգի տականքը, խուժանը, որը մինչ այդ համարւում էր հասարակական կամքի, ընտրական իրաւունքի, բարոյական արժէքների բռնաբարման հիմնական գործիքը, դառնում է փառաբանութեան առարկայ զուտ այն պատճառով, որ սկսում է գործել յեղափոխականի մանդատով: Ռեժիմի յենասիւնի խարանն ունեցող տականքը դառնում է յեղափոխութեան տականքը, որ նոյն տականքն է մնալու նրա բերած իշխանութեան ձեռքին:
Ռացիոնալութիւնը չկորցրած եւ սառը դատողութեամբ առաջնորդւող բոլոր անհատները վերածւում են եթէ ոչ ֆիզիկապէս, ապա առնւազն բարոյապէս ոչնչացման, յոշօտման ենթակայ սուբիեկտների: Բազմակարծութիւն, խօսքի ազատութիւն, իրաւահաւասարութիւն եւ այլ արժէքները, որոնք գրւում են յեղափոխականների դրօշներին, նրանց ձեռքին աստիճանաբար վերածւում են գաղափարական մամլիչի: Այն զատում է իւրայինն օտարից, ստեղծում սեփական, մասնաւոր ճշմարտութեան միֆը՝ աղաւաղելով փաստերը, պատմական իրողութիւնները, խեղաթիւրելով այդ ճշմարտութիւնից դուրս հնչող տեսակէտները, թունաւորելով մարդկանց մտածողութիւնը եւ զոմբիացնելով վարքագիծը:
ՀՅԴ-ին մեղադրում են նրանում, որ ժամանակին ինքն է նման միջոցների ապաւինել, եւ հիմա բարոյական իրաւունք չունի քննադատելու նրանց, ովքեր փորձում են նոյնն անել: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ՀՅԴ-ի կողմից սեփական հայրենիքում պետական զինւած ապստամբութիւն առաջացնելու որեւէ փաստ ուղղակի չկայ: Իսկ եթէ ՀՅԴ-ն 1994 թւականին տեռոր էր պլանաւորում, ինչի տպաւորութիւնը, յղում անելով «Դրօ»-ի կամ «31»-ի գործերին, փորձ է արւում ստեղծել հիմա, ապա ինչո՞ւ էին ներկայ քննդատողներից շատերը ժամանակին համարում, որ յարուցւած քրէական գործերը, ձերբակալութիւնները, կուսակցութեան փակումը քաղաքական հետապնդում է իշխանութեան կողմից: Եթէ դրանք ահաբեկչութիւն էին, ապա ՀՅԴ-ի կողքին գտնւողներն ի՞նչ էին, ահաբեկչութեան յանցակիցնե՞ր:
Այս ամէնում ընդամենը մէկ լուսաւոր բան կայ. եթէ մարդիկ, թէկուզ իրողութիւնների խեղաթիւրման գնով օրինակներ գտնելու մղումով յուսահատօրէն քրքրում են ոչ վաղ անցեալի պատմութեան էջերը, որպէսզի կառչելու տեղ գտնեն իրենց ներկայ ուղեգիծն արդարացնելու համար, նշանակում է՝ մտածողութեան մէջ դեռ չեն կորցել բանականութեան վերջին նշոյլները, նշանակում է՝ գոնէ հոգու խորքում ներկայ մարգինալները հասկանում են, որ այնուամենայնիւ, այս ամէնում, ինչ-որ շատ կարեւոր սխալ է տեղի ունենում: Իսկ եթէ հասկանում են, ուրեմն դեռ իրադրութիւնը փրկելու յոյս էլ կայ:

«yerkir.am»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։