Պատմութեան ընթացքում, Իրանի ժողովուրդը երեք անգամ փրկել է հրեաներին: Արձագանգելով ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուի հակաիրանական յայտարարութեանը, ասել է Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
«alikonline.ir» - Պատմութեան ընթացքում, Իրանի ժողովուրդը երեք անգամ փրկել է հրեաներին: Արձագանգելով ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուի հակաիրանական յայտարարութեանը, ասել է Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Հրամցնելու համար իր ռասիստական ստերը մի ժողովրդի դէմ, որը պատմութեան ընտացքում երեք անգամ փրկել է հրեաներին, Բենիամին Նաթանիահուն ստիպւած է կեղծել պատմութիւնն ու խեղաթիւրել Հին կտակարանը»,- թւիթերեան իր պաշտօնական էջում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ նշելով, որ Նաթանիահուն ոչ միայն կեղծում է ժամանակակից իրականութիւնը, այլ, նաեւ, փորձում է խեղաթիւրել անցեալը:
«Ցաւալի է, որ մոլեռանդութիւնն ու ռասիզմն այնպիսի մակարդակի է հասել, որ նման անհիմն մեղադրանքներ են ներկայացւում մի ժողովրդի, որը պատմութեան ընթացքում երեք անգամ փրկել է հրեաներին»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յիշեցնելով, որ Եսթերի գրքում նշւած է, թէ ինչպէս Իրանի արքայ Խաշաեարշան հրեաներին փրկում է Համանի դաւադրութիւնից: Մեծն Կիւրոսն էլ հրեաներին ազատում է Բաբելոնի գերութիւնից, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ հրեաներին կոտորում էին Եւրոպայում, Իրանը նրանց ապաստան տրամադրեց: