Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 19:10

Դոկտ. Ռոհանի. «Ամենամեծ դաւաճանութիւնը ժողովրդին խաբելն է»

Ասուլիսի ընթացքում նախագահն անդրադարձել է ներքաղաքական, տարածաշրջանային, միջազգային, տնտեսական, մշակութային, գիւղատնտեսական ու բնապահպանական խնդիրներին` պատասխանելով իրանցի եւ արտասահմանցի լրագրողների հարցերին:

«alikonline.ir» - Այսօր կայացել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հերթական մամլոյ ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում նախագահն անդրադարձել է ներքաղաքական, տարածաշրջանային, միջազգային, տնտեսական, մշակութային, գիւղատնտեսական ու բնապահպանական խնդիրներին` պատասխանելով իրանցի եւ արտասահմանցի լրագրողների հարցերին:

Խօսելով միջուկային համապարփակ համաձայնագրի մասին դոկտ. Ռոհանին ասել է, որ Իրանը երբեք առաջինը չի խախտի համաձայնագիրը` նշելով, որ այն միջազգային համագործակցութեան համար բարենպաստ պայմաններ է ապահովում:

Ըստ նրա` միջուկային գործարքի իրագործումից յետոյ բոլոր բնագաւառներում առաջընթացի համար բարենպաստ պայմաններ են ստեղծւել եւ Իրանը զգալի առաջընթաց է ապահովել խաղաղասիրական նպատակներով միջուկային արդիւնաբերութեան բնագաւառում:

Անդրադառնալով միջազգային եւ տարածաշրջանային թեմաներին, մասնաւորաբար` ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծմանը, Հանրապետութեան նախագահն ասել է, որ ամերիկացիները երբեք չեն գործել միջազգային օրէնքների շրջանակներում, նոյնիսկ այն դէպքում, երբ մեր նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառւում:

«ԱՄՆ-ն իրեն հռչակել է աշխարհի առաջնորդ: Սիրիայում գործած հրթիռակոծութիւնը սխալ էր, եւ այն բխում էր ահաբեկիչների շահերից: Նման քայլերի կրկնութիւնը տարածաշրջանի համար չափազանց վտանգաւոր է»,- նշել է նա` յաւելելով, որ ԱՄՆ-ի վերջին ագրեսիան հարւածեց սիրիական ճգնաժամի կարգաւորման նպատակով անց կացւող խաղաղութեան բանակցութիւններին եւ բարձրացրեց ահաբեկիչների մարտական ոգին:

Դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ պաշտօնական Թեհրանը պատրաստ է կարգաւորել եւ բարելաւել Սաուդական Արաբիայի հետ իր յարաբերութիւնները. «Մեր նպատակն է բարելաւել հարեւանների հետ մեր յարաբերութիւնները: Նկատելի է, որ մենք աւելի ենք բարելաւել մեր յարաբերութիւնները Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքմենստանի, Պակիստանի, ինչպէս նաեւ Օմմանի հետ»,- ասել է նա:

Նախագահը չի շրջանցել նաեւ առաջիկայ նախագահական ընտրութիւնների թեման: Նա նշել է, որ նախընտրական պայքարի շրջանում չպէտք է խաբել եւ մոլորեցնել ժողովրդին. «Ամենամեծ դաւաճանութիւնը ժողովրդին խաբելն է, նրանց վիճակագրական սխալ եւ իրականութեանը չհամապատասխանող տւելաներ փոխանցելը»,- ասել է դոկտ. Ռոհանին` նշելով, որ ընտրութիւնները երկրում միասնականութեան յաւելեալ առիթ են:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։