Հա

Քաղաքական

Ուրբաթ, 14 Ապրիլի 2017 19:08

Հասան Ռոհանին առաջադրեց իր թեկնածութիւնը

Որպէս 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածու գրանցւելուց յետոյ, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ընթացքում նախագահ Ռոհանին նշել է, որ միջուկային համապարփակ համաձայնագրի  «խորթ մայրերը», որոնք ցանկանում էին հէնց օրօրոցում սպանել նորածնին, նրա համար չեն կարող դառնալ հոգատար ծնողներ

«alikonline.ir»- Այսօր մեկնարկել է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների արձանագրութեան 4-րդ օրը:

Եթէ արձանագրութեան 2-րդ օրը կարեւորւեց նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ նրա գաղափարակիցների արձանագրութեամբ, ապա 4-րդ օրւայ գլխաւոր իրադարձութիւնը գործող նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ շատերի կարծիքով նրա հիմնական մրցակից հոջ. Էբրահիմ Ռէյիսիի թեկնածութեան գրանցումն էր:

Որպէս 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածու գրանցւելուց յետոյ, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ընթացքում նախագահ Ռոհանին նշել է, որ միջուկային համապարփակ համաձայնագրի  «խորթ մայրերը», որոնք ցանկանում էին հէնց օրօրոցում սպանել նորածնին, նրա համար չեն կարող դառնալ հոգատար ծնողներ:

«11-րդ կառավարութեան գլխաւոր նպատակներից մէկը միջազգային հանրութեան հետ գործակցելն էր: Պատմութեան ամենաբարդ թղթածրարի հարցով (Իրանի միջուկային ծրագիր-ԽՄԲ.) մեզ յաջողւեց համաձայնութեան գալ միջազգային գերտէրութիւնների հետ, իսկ այսօրւանից սկսած միջուկային գործարքի պահպանումն Իրանի քաղաքական եւ տնտեսական գերխնդիրներից մէկն է»,- ասել է նախագահը`յաւելելով, որ ժողովրդի վստահութեան քւէն շահելու դէպքում պատրաստ է ստանձնել երկրի գործադիր իշխանութեան բարդ պատասխանատւութիւնը:

Այսօր, որպէս 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածու գրանցւել է նաեւ «Իսլամական յեղափոխութեան ժողովրդական ուժերի ճակատ» պահպանողական միաւորման թեկնածու հոջ. Էբրահիմ Ռէյիսին, ով, փորձագէտների կարծիքով`համարւում է գործող նախագահի հիմնական մրցակիցը:

Հոջ. Ռէյիսին լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ նշեց, որ երկրի քաղաքական համակարգում ժողովրդի քւէն ձեւական չէ, եւ վճռում է երկրի ճակատագիրը. «Իւրաքանչիւր ընտրութեան ժամանակ մեր ժողովուդը հնարաւորութիւն ունի վերանայել իր նախկին ընտրութիւնը եւ վճռել երկրի ապագայ ճակատագիրը»,- ասել է հոջ. Ռէյիսին:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։