Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Յուլիսի 2017 13:40

Հանրապետութեան նախագահ. «Բաժանարար պատեր կառուցելու ժամանակաշրջանն աւարտւած է»

Բնապահպանական հիմնախնդիրները վերազգային եւ վերտարածաշրջանային խնդիրներ են, որոնց կարգաւորման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ ջանքերի ներդրում: Յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Բնապահպանական հիմնախնդիրները վերազգային եւ վերտարածաշրջանային խնդիրներ են, որոնց կարգաւորման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ ջանքերի ներդրում: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, այսօր՝ յուլիսի 3-ին «Մանրափոշու դէմ պայքարի միջազգային խորհրդաժողով»-ի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Բնապահպանական խնդիրները կարեւոր դերակատարութիւն ունեն հասարակութիւնների զարգացման եւ անտեղի միգրացիայի կանխարգելման գործում: Առկայ խնդիրների յաղթահարումը ենթադրում է ծրագրաւորում, ներդրում եւ տարածաշրջանային ու միջազգային համագործակցութիւն»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

Անդրադառնալով մանրափոշու հիմնախնդրին, դոկտ. Ռոհանին նշել է, որ այդ խնդիրն արդէն հատել է ազգայինի սահմանը՝ վերածւելով տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրաւէրի, որից այսօր տառապում են Ասիայի արեւելքն ու արեւմուտքը, Աֆրիկայի հիւսիսային շրջաններն ու աշխարհի բազմաթիւ այլ բնակավայրեր: Նա ընդգծել է, որ մարտահրաւէրն անհնար է յաղթահարել առանց տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր երկրների ջանքերի համատեղման:

«Անհրաժեշտ է վերջ տալ անտեղի այն բանավէճերին, թէ ո՞վ է տարածաշրջանի ամենահզօր երկիրը: տարածաշրջանի ամենահզօր երկրի վերածւելը չպէտք է դառնայ նպատակ, այլ, ընդհակառակը՝ նպատակը պէտք է դառնայ հզօր տարածաշրջանի ձեւաւորումը: Մերձաւոր Արեւելքում, մենք բոլորս մէկ ընտանիքի անդամներ ենք եւ չենք կարող հեռանալ միմեանցից: Պէտք է մտածենք առաւել հզօր տարածաշրջանի ձեւաւորման մասին»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ անհրաժեշտ է վերջ տալ տարածաշրջանային պատերազմներին. «Պատերազմները մանրափոշու փոթորիկի պատճառ են դառնում: ԴԱԷՇ-ն ու ահաբեկչական այլ խմբաւորումներն Իրաքում եւ Սիրիայում ոչնչացնում են բնակավայրերն ու ցանքավայրերը, որի արդիւնքում էլ դաշտերը վերածւում են անապատների, որոնցից առաջացած մանրափոշուց տուժում են տարածաշրջանի ժողովրդները: Եթէ որեւէ մէկը կարծում է, թէ օգտագործելով ահաբեկչութիւնը կարող է հասնել իր նպատակներին սխալւում է: Ահաբեկչութիւնը վարակիչ մանրէ է, որն ախտահարում է ողջ տարածաշրջանը: Դրա յաղթահարման համար անհրաժեշտ է ուժերի համատեղում: Կը յաջողի միայն յաղթանակ-յաղթանակ տրամաբանութեամբ քաղաքականութիւնը»,- նշել է նա:

Հանրապետութեան նախագահն ասել է, որ այսօր արդէն աւարտւած է բաժանարար պատեր կառուցելու ժամանակը, եւ այդ մասին պէտք է գիտակցեն նորաթուխ երկրների ղեկավարները. «Եթէ Սաուդական Արաբիան այդպէս է մտածում սխալւում է, եթէ ԱՄՆ-ն այդպէս է մտածում սխալւում է, էլ չխօսեմ Իսրայէլի մասին, որի քաղաքական ողջ կեանքը եղել է սխալ, բացթողում եւ ոտնձգութիւն»,- յստակեցրել է Հանրապետութեան նախագահը:

Բնապահպանական հիմնախնդիրների կարգաւորման գործում նա կարեւորել է ՄԱԿ-ի դերակատարութիւնը՝ նշելով, որ այդ կազմակերպութիւնը պէտք է օգտագրծի իր ողջ ներուժն ու հնարաւորութիւնները՝ մարտահրաւէրի յաղթահարման նպատակով:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։