Հա

Քաղաքական

Կիրակի, 06 Օգոստոսի 2017 15:09

Իրանը բարձր է գնահատում ՀՀ նախագահի ներկայութիւնը դոկտ. Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը. Կայացել է Ռոհանի-Սարգսեան հանդիպումը

Արդէն տեղեկացրել ենք, որ այսօր՝ առաւօտեան կայացել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը: Այս կապակցութեամբ պաշտօնական տեղեկատւութեամբ են հանդէս եկել երկու երկրների նախագահականների տեղեկատւական ծառայութիւնները:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ այսօր՝ առաւօտեան կայացել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը: Այս կապակցութեամբ պաշտօնական տեղեկատւութեամբ են հանդէս եկել երկու երկրների նախագահականների տեղեկատւական ծառայութիւնները:

Հանդիպման սկզբում Հանրապետութեան նախագահը շնորհակալութիւն է յայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին հրաւէրն ընդունելու եւ երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու համար` ընդգծելով, որ Իրանը բարձր է գնահատում իր լաւ հարեւան Հայաստանի նախագահի ներկայութիւնը արարողութեանը: Դոկտ. Ռոհանին յոյս է յայտնել, որ ՀՀ նախագահի այցը նոր խթան կը հաղորդի երկկողմ յարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշւի առնելով նաեւ հայ-իրանական պատմամշակութային ընդհանրութիւնները:

Նշելով, որ ընթացիկ տարին նշանակալից է թէ՛ Հայաստանում, թէ՛ Իրանում տեղի ունեցած քաղաքական իրադարձութիւնների առումով. Հայաստանը բարեփոխւած Սահմանադրութեան համաձայն անցկացրեց խորհրդարանական ընտրութիւններ, իսկ Իրանի ժողովուրդն ընտրեց գործադիր իշխանութեան ղեկավար, տարին նշանաւորւեց նաեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան բազմադարեայ պատմութիւն ունեցող կապերի նորագոյն շրջանի՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակով, նախագահ Սերժ Սարգսեանը գոհունակութեամբ է արձանագրել, որ այս ընթացքում յաջողւել է զարգացնել եւ ամրապնդել փոխշահաւէտ համագործակցութիւն բոլոր ոլորտներում:

Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ փոխգործակցութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւններում առկայ է մեծ ներուժ, որի արդիւնաւէտ օգտագործման ուղղութեամբ անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը: Նախագահների համոզմամբ, դա կը նպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան աշխուժացմանը եւ ներդրումների աւելացմանը։

Նախագահները երկուստեք կարեւորել են մի շարք այլ ոլորտներում իրականացւող խոշոր ծրագրերն ու նոր եւ հեռանկարային նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել յատկապէս էներգետիկայի, մասնաւորապէս` գազի եւ էլեկտրաէներգետիկայի, ինչպէս նաեւ տրանսպորտի եւ հաղորդակցութեան բնագաւառներում, այդ թւում` Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման կարեւորութեանը: Կարեւորւել է նաեւ գազի եւ էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձեւաչափով համագործակցութեան զարգացումը:

Կողմերը կարեւորել են Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցութիւնները: Հանրապետութեան նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղութեամբ զգալի քայլեր են իրականացւել եւ ընդգծել է, որ մօտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բաւականին արդիւնաւէտ կը լինի:

Դոկտ. Ռոհանին բարձր է գնահատել Հայաստանի կողմից նախաձեռնւած` երկու երկրների միջեւ ելքի եւ մուտքի արտօնագրերի չեղարկումը, որը գործարար կապերի ընդլայնման, տնտեսական գործունէութեան եւ ներդրումային ու զբօսաշրջութեան խթանման տեսանկիւնից կարեւոր ու արդիւնաւէտ քայլ էր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգութեան խնդիրներին, այդ թւում` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բանակցային գործընթացին: ՀՀ նախագահը ներկայացրել է այդ գործընթացի ներկայ վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտութիւնը բանակցութիւնների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերեալ:

Դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ ԼՂ հակամարտութեան լուծումը կարող է լինել բացառապէս քաղաքական ճանապարհով, եւ Իրանի համար կարեւոր է տարածաշրջանի խաղաղութիւնն ու կայունութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։